RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-11 23:44:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2646, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՍԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ».

ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ

Արցախցի խաղաղ բնակչի դաժան սպանությունը, որը կատարվել է Շուշիի մոտակայքում, ադրբեջանցի զինվորականի կողմիցՙ ահաբեկչություն է: Այս մասին Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը Ստեփանակերտում ասել է ռուս լրագրողներին, հայտնում է armeniasputnik.am-ը: Նա հատուկ ընդգծել է, որ այդ գործողությունները ոչ միայն կարճաժամկետ, այլեւ երկարաժամկետ նպատակ ունեն: Սպանված եւ վիրավորված քաղաքացիները ջրատարներն էին վերանորոգում ռուս խաղաղապահների համար, երբ նրանց է մոտեցել ադրբեջանցին ու կրակ բացել նրանց ուղղությամբ:

«Սա իսկական ահաբեկչություն է: Ավելին, Արցախում միշտ ադրբեջանական կողմից նմանատիպ գործողություններ սպասում են: Հնարավոր են նոր հարձակումներ մարդկանց վրա, այդ թվում եւ պետական գործիչների: Սա ատելության դրսեւորում է հայ ազգի նկատմամբ, սա պետական քաղաքականություն է, ազգայնամոլություն»,- ասել է ԱԳ նախարարը:

Բաբայանը նշում է, որ Ադրբեջանը փորձում է արցախցիներին վախեցնել, որպեսզի նրանք հեռանան, իսկ վերադառնալ պատրաստվողներն էլ`մտափոխվեն: Նրա խոսքովՙ Բաքուն փորձում է կանխել Արցախի վերականգնման գործընթացում արվող ներդրումները: «Ադրբեջանցիները հասկանում են, որ քանի դեռ այստեղ է գտնվում ռուսական խաղաղապահ զորախումբը, լայնամասշտաբ պատերազմ չի լինի, քանի որ հարձակումը Արցախի վրա կնշանակի հարձակում ռուսական զորակազմի, Ռուսաստանի վրա: Նրանք հասկանում են, որ քանի դեռ կա Արցախը, կլինի նաեւ կայունություն Կովկասում, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայում եւ այլ տարածաշրջաններում: Նրանք ուզում են, որ չլինի հայկական Արցախ, որ Ռուսաստանը հեռանա այստեղից: Ինչպե՞ս դա անել, եթե ոչ նման գործողություններով»,- հավելել է Բաբայանը:

Շուշիի ահաբեկչությունը, ԱԳ նախարարի կարծիքով, նաեւ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման նպատակ է հետապնդում: Յուրաքանչյուր նման դեպքից հետո Հայաստանում որոշ խմբեր դա օգտագործում են որպես հակառուսական քարոզչության առիթՙ ՌԴ-ի նկատմամբ հայ հասարակության վերաբերմունքը փոխելու համար: Ընդգծում է` անհասկանալի է, թե ինչու են այդ նույն ուժերն ու կառույցները Հայաստանում լռում, երբ Բաքվում որոշ երկրների դեսպաններ այցելում են ադրբեջանական զորքերի կողմից գրավված Արցախի տարածքներ: Բաբայանը նման դիրքորոշումը բացատրում է նրանով, որ իրենք նման «պատվեր» չեն ստանում:

Անդրադառնալով խաղաղապահ առաքելության դերին ու գործառույթներինՙ նախարարը նշել է, որ ի սկզբանե զորակազմ տեղակայելիս հիմնական խնդիրը եղել է հարցի խաղաղ կարգավորումը, այլ ոչ թե ռազմական գործողություններին, փոխհրաձգություններին ներգրավումը: Վստահեցնում էՙ Ադրբեջանն ու Թուրքիան շատ լավ հասկանում են դա եւ ռուս զինվորականներին սադրելու գործողություններ են ձեռնարկում: Եթե խաղաղապահները կրակ բացեն, ապա դա փաստացի հակամարտության սկիզբ կլինի:

Այնուամենայնիվ, Բաբայանը ենթադրում է, որ նման մեխանիզմը վաղ թե ուշ վերանայվելու է: Նախարարը չի բացառում ապագայում ադրբեջանական զինուժի կողմից բացահայտ հարձակումը: Այժմ ռուս զինվորականների ներկայությունը սթափեցնող ազդեցություն է թողնում, բայց խաղաղապահների ներկայիս 5-ամյա ժամկետի վերջում ադրբեջանական կողմը կարող է սկսել իրեն ավելի ագրեսիվ պահել: Նման պայմաններում ռուս զինվորականները հաստատ պետք է համարժեք գործողությունների դիմեն:

Գ.ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ