RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-11-11 23:44:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1151, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐԳԱՆՔԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԴՐԱՄԱՏՈՒՐԳ ԲԱՐԲՐԱ ԲԵՋՈՅԱՆԻՆ

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

Իր մասնագիտական կյանքի ողջ ընթացքում, որը ցավալիորեն վաղաժամ ընդհատվեց 2004-ին քաղցկեղի անողոք հիվանդության պատճառով, տաղանդավոր թատերագիր Բարբրա Բեջոյանը խորամուխ էր եղել հայ-ամերիկյան սովորույթների եւ ավանդույթների փոխազդեցությունների, ընտանեկան եւ բարեկամական հարաբերությունների տարբերությունների, ինչպես նաեւ աշխարհում կատարվող արագ զարգացումներին հարմարվելու ընդունակությունների մեջ:

Ես անձամբ ճանաչել եմ բազում մրցանակների արժանացած դրամատուրգին եւ 1995-ին հարցազրույց եմ անցկացրել նրա հետ, որը հրատարակվել է «Ազգ»ի այդ տարվա հունիսի 15-ի համարում «Արծվի հպարտ թեւերի ճախրանքով դեպի կերպարների բացահայտում» խորագրի եւ «Վիլյամ Սարոյանին փոխարինելու է գալիս Բարբրա Բեջոյանը» ենթախորագրի ներքո: Նա իր ամուսնու եւ երկու փոքրիկ զավակների հետ էր եկել Հայաստան եւ Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում տեղի էր ունեցել ուսանողների ուժերով իր նոր` «Արծիվներ առանց թեւերի, Ձիեր առանց ոտքերի» պիեսի ընթերցանություն-ներկայացումը (Տե՛ս «Ազգ»ի 1995 մայիսի 31 համարը): Հայկական կոտորածների մասին պատմող այս պիեսը, իր իսկ խոսքերով, հավանաբար Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ պիտի ներկայացվեր Հայաստանում, սակայն անցան տարիներ, եւ պիեսը բեմ չբարձրացավ: Պատճառը մնաց անհայտ ինձ համար: Նրա հետ հանդիպման տպավորության տակ նշեմ, որ երկկողմանի (հորական եւ մորական) խարբերդցի նախնիների զավակը չափազանց անմիջական եւ խորաթափանց անձնավորություն էր: Եռանդն ու կորովը նրանում անպակաս էին: Մանավանդ զգալի էին նրա գործելու վճռականությունն ու նպատակի հստակությունը: Ամբողջական անունն էր Բարբրա-Անահիտ Իշխանյան-Բեջոյան-Թոմաս:

Հուզախառն հիշողությունների այս կծիկը քանդվեց Բոստոնի «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում կարդալով, որ նոյեմբերի 7-ին, ի հարգանս նրա տաղանդի ու նվաճումների Արլինգտոնի «Հայ մշակույթի հիմնադրամ» կենտրոնում տեղի է ունեցել «Բարբրա-2» միջոցառումը, որի ընթացքում բեմական ընթերցանությամբ հանրությանն է ներկայացվել դրամատուրգի 2 լավագույն պիեսները` «Նախագավիթը» եւ «Պարիր, մայրիկ, պարիրը»:

Առաջինի գործողությունները կատարվում են Բերշիրում եւ Բոստոնում: Ենթավերնագիրն է` «Հնաոճ պիես` նորաոճ ավարտով»: Շոշափում է ընտանիք-ընկերներ հարաբերությունները եւ Բեյսբոլի ու Ֆենուեյ զբոսայգու հանդեպ Բեջոյանի ունեցած նախասիրությունները: 2001-ին պիեսը առաջին մրցանակի է արժանացել «Սյուվանի գրողների կոնֆերանսի» կողմից: Երկրորդը` Բրաուն համալսարանի «Rites and Reason» թատրոնի պատվերով գրվել եւ բեմականացվել է այդ թատրոնում 1984-ին, առաջին անգամ: Հետագայում «Ռոքֆելըր հիմնադրամի» նյութական աջակցությամբ վերամշակվել է եւ դարձյալ բեմադրվել 1989-ին: Բացահայտում է ամերիկահայ ընտանիքների հարուստ անցյալը եւ բնութագրում հայ կանանց դերը նոր միջավայրի քաղաքական, կրոնական եւ սոցիալական լարվածությունների մթնոլորտում:

Ուոթերթաունում 1955-ին ծնված Բեջոյանը ավագ դպրոցն ավարտելուց հետո Ռադքլիֆի քոլեջում մասնակցել է գրավոր խոսքի սեմինարներին եւ ապա վավերագրական գրելաոճի դասընթացների հետեւել BBC-ում (Լոնդոն): Ստեղծագործական գրելաոճում մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Բրաուն համալսարանից: Այնուհետեւ դասախոսել է այդ համալսարանում եւ համագործակցել տեղի «Rites and Reason» թատրոնի հետ: Դասավանդել է նաեւ Նյու Յորքի եւ Ռոդ Այլենդի համալսարաններում: Բարձր որակավորում ունեցող դաստիարակ է եղել եւ կրթական մշակ: Արժանացել է բազմաթիվ մրցանակների:

Անգլիացի վիպագիր եւ գրաքննադատ, «Գիտակցության հոսք եւ ներքին մենախոսություն» գրական մեթոդը վարպետորեն կերտողներից Վիրջինիա Վուլֆի (1882-1941) կյանքին նվիրված «Պիես անձնական կյանքի մասին» ստեղծագործությունը համարվում է նրա կարիերայի նվաճումներից մեկը: Այն 1994-ին ներկայացվել է Էդինբուրգի փառատոնի օրերին եւ արժանացել «Գրաքննադատների ընտրությունը» մրցանակին: Իր կարճատեւ կարիերայի ընթացքում Բեջոյանը գրել է մեկ տասնյակից ավելի պիեսներ, որոնք բեմականացվել են Բոստոնում, Ֆիլադելֆիայում, Պրովիդենսում, Նյու Յորքում եւ այլ քաղաքներում:

Վերոնշյալ 2 պիեսների ընթերցում-ներկայացումների պրոդյուսերն է «Հարբորսայդ ֆիլմզ» կինոընկերության նախագահ Պոլ Պողոսյանը , իսկ բեմադրող-ռեժիսորը` Բոստոն համալսարանի MFA ծրագրի շրջանավարտ եւ «5-րդ պատ» թատերական ընկերության համահիմնադիր` Բլեր Կադդենը : Հովանավորներ են նաեւ հայ կանանց AIWA միջազգային ասոցիացիան եւ Հայկական Մշակութային ACF հիմնադրամը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ