ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔԻՑ ՀԵՏՈ ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸ ԲՐՅՈՒՍԵԼՆ Է ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Հրադադարի հայտարարության առաջին տարելիցի առթիվ նոյեմբերի 9-ին նախատեսված էր Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որը ենթադրվում էր, որ ի մի կբերի մեկ տարվա ընթացքում համապատասխան երկրների փոխվարչապետների կատարած աշխատանքները: Նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիւեը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է համաձայնագիր ստորագրեին Կովկասում ճանապարհների եւ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ: Բայց այդ հանդիպումը անորոշ ժամանակով հետաձգվեց Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած նոր ագրեսիայի պատճառով: Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Օվերչուկը հայտարարել էր, որ բոլոր ապաշրջափակված ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները գործելու էին իրենց համապատասխան երկրների ինքնիշխանության ներքո: Այս հայտարարությունը համարվելու էր փոխվարչապետների աշխատանքի եւ մեկ տարվա բանակցությունների հանրագումարը, որին համաձայնել էր նաեւ ադրբեջանական կողմը: Սակայն Ադրբեջանի ագրեսիան եւ Ալիեւի ու Թուրքիայի նախագահ Էրդողանի Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ անընդհատ կրկնվող պնդումները Ստամբուլում այս ամսվա սկզբներին կայացած թյուրքախոս պետությունների կոնֆերանսի ժամանակՙ հօդս ցնդեցրին այդ հույսերը եւ ավելի քան պարզ դարձավ, որ Մոսկվան ու Երեւանը գործում են արդեն պատրաստի համաձայնության պատրանքի ներքո: Տարածաշրջանում պատեհ կարգավորման բոլոր հույսերի խորտակումից հետո կացությունը հանկարծակի անկայուն դարձավ: Այս անկայունությունն էլ հիմք հանդիսացավ, որ Եվրոմիության նախագահ Շառլ Միշելի գրասենյակը հանդես գա հայտարարությամբ այն մասին, որ Փաշինյանն ու Ալիեւը համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Եվրոմիության արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում: Գրասենյակի խոսնակը նշել է, որ «նպատակը երկու ղեկավարներին միեւնույն սեղանի շուրջ բերելն էՙ վստահություն ձեռք բերելու համար»: Փաշինյանի Բրյուսել այցելության այս լուրը ավելանալով դրանից առաջ Հայաստանի վարչապետի այն խոստմանը, թե դեկտեմբերի 9-10-ին մասնակցելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ժողովրդավարությանը նվիրված կոնֆերանսին, հույզեր առաջացրեց Երեւանի եւ Մոսկվայի ռուսաստանամետ լրատվամիջոցների շրջանում: Նրանք Հայաստանի արտաքին քաղաքականությանը մեղադրեցին դեպի Արեւմուտք շրջադարձ կատարելու մեջ: Սրան հետեւեց այն լուրը, որ Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպումը վերջնականապես որոշված է կայացնել Սոչիում նոյեմբեիր 26-ինՙ առաջքն առնելու համար որեւէ անկանխատեսելի զարգացում Բրյուսելում: Փոքր դերակատարների որոշած յուրաքանչյուր քայլը գերտերությունների զգոնությունն է առաջացնում: Նրանք վախենում են կորցնել իրենց հարաբերությունները դաշնակիցների հետ: Մոսկվան մասնավորապես մտահոգված է, որ քաղաքական դաշտը Կովկասի օրակարգը հանկարծ չհայտնվի Արեւմուտքի վերահսկողության ներքո: Ռուսաստան-Արեւմուտք մրցակցության բաղադրիչ մասերից մեկը վերաբերում է 3+3 ձեւաչափին (ի հակադրություն Մինսկի խմբի առաջարկած ձեւաչափին), որ Բաքուն եւ Անկարան են առաջ քաշում կարգավորելու համար քաղաքական խնդիրները Կովկասում: Այդ ձեւաչափին են մասնակցելու մի կողմից Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, իսկ մյուս կողմիցՙ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը: Ձեւաչափի գլխավոր նպատակն է Արեւմուտքին հեռու պահել Կովկասի տարածաշրջանից: Նման դիրքորոշմանը համամիտ են Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, ի հեճուկս Հայաստանի եւ Վրաստանի: ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացումը հույսեր է ներշնչում, որ վերջապես կքննարկվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը, մի կնճռոտ խնդիր, որ Մոսկվան անորոշ ժամանակով ցանկանում է հետաձգել, իսկ Բաքուն եւ Անկարան հայտարարել են, որ կարգավորման հարցը լուծված է 44-օրյա պատերազմի արդյունքում: Մոսկվայի տրամաբանությունը հայկական հարցերին ակներեւ է դառնում ռուսական Ռեգնում լրատվական գործակալության խմբագիրՙ Ստանիսլավ Տարասովի հայտարարությունից: Վերջինս հարցնում է, թե ի՞նչ հարցեր կարող են լինել Բրյուսելի հանդիպման օրակարգում, եւ ինքն էլ պատասխանում, որ եթե սահմազատման եւ սահմանագծման հարցերն են լինելու, ապա դրանք չեն կարող քննարկվել առանց Մոսկվայի մասնակցության: Ռուսաստանը հասկացնել է տվել, որ իր դերը Հայաստանիՙ որպես ռազմավարական դաշնակցի հանդեպ բավական բարդ է ու խճճված, հաշվի առնելով, որ Ադրբեջանը գրավել է ինքնավար Հայաստանի 41 քառ. կմ տարածքը եւ շարունակում է առաջանալ դեպի Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանները, իսկ Հայաստանը դիմում է իրեն օգնության խնդրանքով: Բայց Ռուսաստանի ցինիկ պատասխանն այն է, որ Հայաստանը գրավոր չի ներկայացրել իր դիմումը: Ռուսական խաղաղապահ զորքերը պետք է որ տեղակայված լինեին Հայաստանումՙ հակամարտող կողմերի միջեւ, որպեսզի կարողանային խուսափել արյունահեղություններից, մինչդեռ այդ խաղաղապահներին ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել Ադրբեջանի ներխուժումների ժամանակ: Նրանք սովորաբար հրաձգությունների ավարտից հետո են տեղ հասնումՙ հաշվելու համար մահացածների թիվը եւ Հայաստանից ակնկալում են երախտագիտական խոսքեր այն բանի համար, որ իրենց առաքելության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել վատթարագույնից: Իրականում օգնությունը պետք է որ արդեն ճանապարհին լիներ Ռուսաստանի ղեկավարությամբ ստեղծված ՀԱՊԿ-ի (որին անդամակցում է նաեւ Հայաստանը) կանոնադրության համաձայն եւ Գյումրիի ռուսական 102-րդ զինվորական հենակետի անմիջական զորակոչի միջոցով: Հայաստանում իր ձեռքերը չկեղտոտելու Ռուսաստանի այս կեցվածքը լուրջ քննարկումների եւ պաշտպանության նյութ է դարձել Սերգեյ Մարկեդոնովի նման Կրեմլի փորձագետների համար: Վերջինս Մոսկվայի MGIMO միջազգային Ուսումնասիրությունների ինստիտուտի Եվրո-ատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար հետազոտող է: Ռազմավարական դաշնակցի նրա շրջված տրամաբանությունը հետեւյալն է. «Թուրքիան Ադրբեջանի հետեւողական պաշտպանն է, մինչ Ռուսաստանը այս հակամարտության մեջ ընդամենը միջնորդ է, եւ նրա միջնորդությունը ընդունել են Բաքուն, Երեւանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այս լույսի ներքո, առանց ճշգրտության սահմաններն անցնելու, իմ կարծիքով, պետք է համեմատել Մոսկվայի եւ Անկարայի դիրքորոշումները այդ հիմնական տարբերության ամբողջական ըմբռնումով միայն: ...Չմոռանանք, որ նոյեմբերի 16-ին Ռուսաստանն էր, որ նպաստեց թշնամության դադարեցմանը»: Այստեղ է ահա թաքնված ռուսական տրամաբանության հիմնական սխալ հետեւությունը: Ռուսաստանը առաջին հերթին պետք է արգելեր թշնամությունը եւ ոչ թե բազմաթիվ զոհերից հետո նպաստեր դրա դադարեցմանը : Ռուսաստանը ինքն է հայտնվել անորոշ վիճակում, քանզի առանց լիազորված լինելու խաղաղապահ զորքեր տեղակայելը դարձել է նրա Աքիլլեսյան գարշապարը: Էրդողանի խորհրդով Ալիեւը մինչ օրս չի ստորագրել լիազորություն տալու այդ փաստաթուղթըՙ տարածաշրջանում խաղաղապահ ուժերի ներկայության օրինականությունը թողնելով անորոշ: Այդ պատճառով էլ Մոսկվան պարտական է զգում բավարարելու Բաքվի պահանջներըՙ ի վնաս Հայաստանի, մինչդեռ երբ Վրաստանից եւ Ադրբեջանից ռուսական հենակետերը դուրս մղվեցին, Հայաստանն էր միակ երկիրը, որ իր տարածքում ընդունեց ռուս զինվորականների ներկայությունը, թույլ տալով Մոսկվային իր իշխանությունը տարածել մինչեւ Մերձավոր Արեւելք: Եթե այդ հենակետը չի պահպանվելու հանուն իրեն եւ Մոսկվայի եւ չի ծառայելու իր նպատակին, ապա այն կարող է աղետ հասցնել երկու կողմերին էլ: Վերջերս Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին «Մեծ թուրանի» քարտեզը նվիրեց Էրդողանին: Վերջինս էլ այն հպարտությամբ ցուցադրեց հանրությանը: Քարտեզում որոշ ռուսական տարածքներ ներառված էին ապագա թուրանական կայսրության սահմաններում, որն Էրդողանը երազում է կառուցել: Այդ ցուցադրական տեսարանի առիթով նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը թեթեւակի պատմական նկատողություն արեց: Այն ինչ Պեսկովն ու նախագահ Պուտինը պետք է անենՙ պատմությունից դասեր քաղելն է: Այսօրվա Ռուսաստանը նման է Բյուզանդական կայսրության, որի ղեկավարները անընդհատ թուլացնում էին միջնադարյան Հայաստանը, որը բուֆերային պետություն էր հանդիսանում այդ կայսրության շրջագծում: Արդյունքում բյուզանդացիներին հաջողվեց տապալել Բագրատունիների թագավորությունը եւ գրավել Անի մայրաքաղաքը 1046 թվին, մինչ սելջուկ թուրքերը իրենց Կենտրոնական Ասիայի հենակետերից առաջանում էին դեպի Փոքր Ասիա: Բուֆերային պետության անկումից հետո, սելջուկներին հաջողվեց երեք դարերի ընթացքում նվաճել Կոնստանդնուպոլիսը 1453-ին: Էրդողանը սիրում է իրեն պատկերացնել որպես Սուլթան Մեհմեդ Բ.ի վերամարմնավորողը եւ ոչ ոքից (ներառյալ ռուսներից) չի թաքցնում իր մտադրությունները: «Մեծ թուրանը» գոյութենական սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի համար, քանի որ ներկայիս քաղաքական զարգացումները շատ ավելի արագ են ընթանում, քան միջնադարում: Մոսկվայի անհեռատեսությունը կարող է շատ թանկ արժենալ իր համար ինչպես մոտ, այնպես էլ հեռավոր ապագայում: Շառլ Միշելը վստահաբար առաջ է տանելու Մինսկի խմբի օրակարգը դեկտեմբերի 15-ին: Մասնակցելով այդ հանդիպմանը Ալիեւը հույս ունի, որ շնորհիվ իր երկրի նավթարդյունաբերությանը կկարողանա ի նպաստ իրեն փոխելու այդ օրակարգը: Իր հերթին, Մոսկվան կարող է ակտիվ դերակատարություն ունենալ փոխելու Մինսկի խմբի ձեւաչափըՙ հեռանալով օրակարգում ընդգրկված Ղարաբաղի կարգավիճակի հարցից եւ փոխարենը առաջ քաշելով մարդասիրականՙ ինչպես օրինակ հայ ռազմագերիների, ազերի իշխանությունների տակ հայտնված մշակութային եւ կրոնական ժառանգության հարցեր: Մոսկվան ստորագրելով 2020 թվի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, պարտավորված էր կարգավորել այդ հարցերը, բայց մինչ օրս նա չի կատարել իր պարտականությունները: Բրյուսելյան հանդիպումը ընդամենը մեկ քայլ է երկար ճանապարհին ընդառաջ: Ոչ ոք չգիտի, թե ինչպես է ընթանալու սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը եւ ինչ քարտեզ է ի վերջո հայտնվելու սեղանին: Ալիեւը իր երկրի ինքնիշխանությունը ամբողջովին հանձնել է Թուրքիային, փոխարենը ապահովելով իր անձնական իշխանությունը Ադրբեջանում: Թուրքիան է այժմ որոշումներ ընունում Ադրբեջանում: Անկարան Հայաստանից պահանջների անվերջանալի ցուցակ ունի: Երկար ժամանակ, Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու պահանջը ղարաբաղյան հակամարտությունը ի նպաստ Ադրբեջանի լուծելու խնդիրն էր: Այժմ, երբ այդ հարցը լուծված է ի գոհունակություն Անկարայի, Էրդողանը առաջ է քաշում Զանգեզուրի միջանցքը բացելու հարցը: Հայաստանը վճռականապես դեմ է դրան: Եթե Երեւանը զիջի կամ տեղի տա, Անկարան բարձրացնելու է նշաձողը եւ պահանջելու է ավելի սարսափելի մի բան: Այնպես որ, Հայաստանի կողմից անխոհեմություն է ասել, ինչպես վերջերս հայտարարվեց, որ ոչ մի նախապայման չունի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Մինչեւ Հայաստանը իր սեփական պահանջները չներկայացնի, Էրդողանի ախորժակը սահմաններ չի ճանաչելու: Թուրքիայի նախապայմաններին դեմ գնալու միակ ճանապարհը սեփական պայմաններ առաջարկելն է, նույնիսկ այնպիսիք, որոնք ռեալիստական կարող են չհամարվել, օրինակՙ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն զուգահեռ պահանջել, որ չեղյալ հայտարարվի 1921 թվի Կարսի պայմանագիրը: Մեզ անընդհատ ցավալիորեն հիշեցնում են, որ Հայաստանի դիվանագիտությունը չի կարող համեմատվել իր թշնամիների դիվանագիտության հետ: Բրյուսելյան հանդիպումը կարող է կազմակերպվել հյուրընկալների լավագույն մտադրություններով, բայց վերջնական միակ ակնկալիքը կախված է լինելու Ադրբեջանի եւ իր թուրանական կնքահոր գործողություններից եւ անարգական խոսքերից: Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armemian Mirror-Spectator) |