ՄԱՏԵՆԱՇԱՐԻ 10-ՐԴ ՀԱՏՈՐԸ` ՆՎԻՐՎԱԾ ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻՆ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ Արլինգտոնի (Մասաչուսեթս) Հայկական մշակութային հիմնադրամը լույս է ընծայել իր «Foundation Papers» (Հիմնադրամի զեկույցներ) մատենաշարի հերթական 10-րդ հատորը` նվիրված Արեւելքի եւ Արեւմուտքի երաժշտական մշակույթների սինթեզման գործում արժեքավոր ավանդ ունեցող, 20-րդ դարի հեղինակավոր կոմպոզիտորներից մեկի` Ալան Հովհաննեսի (1911-2000) ծննդյան 110-ամյակին, տեղեկացնում է «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Հոբելյանական տարին «Ամարաս արվեստի միության» եւ «Հայկական Մշակութային ընկերության բարեկամների» համահովանավորությամբ վիրտուալ համերգի ձեւաչափով եւ միջազգային մակարդակով նշվել է այս տարվա ապրիլին: Հրատարակված նոր հատորում տեղ են գտել այդ միջոցառմանը կարդացված զեկույցների ամբողջական տեքստերը, մասնավորապես Ալան Հովհաննեսի մանկության ընկեր եւ հարեւան Ջեկ Ջոնստոնի «Հիշողություններ Արլինգտոնում Հովհաննեսի ընտանեկան կյանքից»ը, Արլինգտոնի ավագ դպրոցի (որտեղից Ալանը շրջանավարտ է եղել 1929-ին) երաժշտության բաժնի նախկին տնօրեն դոկտ. Պասկուալ Թասոնի «Հովհաննեսը», ինչպես նաեւ Քանզասի պետհամալսարանի դասախոս դոկտ. Քրեյգ Պարկերի «Հովհաննեսը Հնդկաստանում» եւ Ուիլյամս քոլեջի Մերիլին եւ Արթուր Լեւիտի մրցանակակիր երաժշտության դասախոս դոկտ. Էնթոնի Շեփըրդի «Ալան Հովհաննեսը եւ Ճապոնիան» մասնագիտական ուսումնասիրությունները Ալան Հովհաննեսի կյանքի եւ կարիերայի մասին: Միջոցառման համերգային բաժնում հնչել են տաղանդավոր կոմպոզիտորի «Երազ» (op. 56 N2), «Ողբ» (op. 25 N2) եւ «Հունական ռապսոդիա» (op. 63 N1) ստեղծագործությունները: Մանչեստրից, Լոնդոնից եւ Ռեյկյավիկից հեռավար կենդանի կատարումներով հանդես են եկել Չիլինգարյան լարային քառյակի հիմնադիր, ջութակահար Լեւոն Չիլինգարյանը, կլարնետիստ Էյնար Յոհաննեսոնը եւ դաշնակահարուհի Ալեսսանդրա Պոմպիլին: Կատարումներն ու միջոցառումը ամբողջությամբ զետեղված են youTube-ում: «Հիմնադրամի զեկույցները» պարբերաբար լույս տեսնող մատենաշար է` նվիրված Հայկական Մշակութային Հիմնադրամի կազմակերպած միջոցառումների փաստագրմանն ու տարածմանը: Հրատարակության նպատակն է նախ ավելի լայն հարթակ ընձեռել մտավորականների տեսակետների տարածմանը եւ երկրորդ` նպաստել ընդհանրապես մշակութային կյանքի կենսունակությանը եւ մասնավորապես հայկական ուսումնասիրությունների կատարմանը: Կա նաեւ տարբեր ուսումնական կենտրոնների կողմից տեքստերն ունենալու կամ դրանց հետ ծանոթանալու հաճախակի պահանջարկը, որը խթան է հանդիսանում, որ մատենաշարը շարունակական կյանք ունենա: Հատորը պատվիրելու համար դիմել armeniancultural.fdn@gmail.com կայքին: |