RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021



Տեղադրվել է` 2021-11-25 23:17:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2511, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ

II մաս

«Ազգ»-ի նախորդ համարում ( 42) որոշակի կարծիք հայտնեցի եւ վերլուծություն տվեցի «Բաքվի անվտանգությունը մեզ համար նույնքան կարեւոր է, որքան Թել Ավիվինը» վերնագրով հարցազրույցի վերաբերյալ: Շարունակելով մտքերս, կուզեի ընթերցողիս մի փոքր ավելի իրազեկ դարձնել վերոնշյալ թեմաների վերաբերյալ, որը տպագրվել է «Ջերուսալեմ փոստի» 2021թ. նոյեմբերի 3-ի համարում:

Նախ, կարճ մի փոքր վիճակագրություն:

Ծանոթագրություն 1 :

Ադրբեջանա-Իսրայելյան բիզնես համագործակցությունը տարեկան կազմում է 4,5 միլիարդ դոլար: Եթե որոշ ժամանակ առաջ հիմնական առեւտուրը տեղի էր ունենում նավթագազի ոլորտում, ապա հիմա ընդգրկված են գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, ինչպես նաեւ ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական ոլորտները:

Այսօր Ադրբեջանում ապրում է 30 000 հրեական համայնք: Իլհամ Ալիեւի անձնական հովանավորության ներքո Ադրբեջանում կառուցվել են 2 խոշոր սինագոգներ եւ հրեական կրթական կենտրոն: Ադրբեջանում շուտով կբացվի առաջին հրեական թանգարանը, որը կլինի առաջինը Հարավային Կովկասում:

Ծանոթագրություն 2 :

Այժմ մի քանի խոսք «The Jerusalem Post» օրաթերթի մասին: Հիմնադրված է 1932թ. դեկտեմբերի 1-ին: Թերթի սկսզբնական անունը - «Palestine Post», որի հիմնադիրը եղել է լրագրող Գերշոն Ագրոն Ագրոնսկին, հասարակական գործիչ 1949-1951թթ., որոշակի ժամանակ եղել է Երուսաղեմի քաղաքապետը:

1950թ-ից թերթը կրում է «The Jerusalem Post» անվանումը: Մինչեւ 1989թ. լրագիրը ուներ ուժեղ արտահայտված ձախակողմյան կողմնորոշում, այնուհետեւ փոխեց իր կողմնորոշումը դեպի աջակողմյան ուղղվածություն, որի հետեւանքով կորցրեց իր «ընթերցասրահի» մեծ մասը, ինչպես նաեւ իր լրագորղների մի մասը: 2004թ. թերթը նորից փոխեց իր կողմնորոշումը:

2004թ. նոյեմբերի 16-ին օրաթերթը դարձավ Էլի Ազուրի սեփականությունը: Վերջինս տնօրինում է սեփական մեծ լրագրային ցանց ռուսերեն եւ իվրիտ լեզուներով: Գլխավոր խմբագիրը Սթիվ Լինդեն է: Խմբագրի տեղակալն է ԱՄՆ-ի քաղաքացուհի, Մերձավոր Արեւելքի գծով փորձագետ Քերոլայն Գլիկը:

«The Jerusalem Post»-ը տպագրվում է ու նաեւ ֆրանսերեն: Իսրայելում ամենամեծ տպաքանակ ունեցող անգլերեն թերթն է: Տպագրվում է ամեն օր, բացի շաբաթ օրվանից: Միայն Իսրայելում թերթի ամենօրյա ընթերցասրահը կազմում է 11 000 մարդ, ԱՄՆ-ում թերթը ընթերցում է 26 000 մարդ: Ֆրանսիայում թերթը կարդում են մոտ 3000 մարդ:

Ծանոթագրություն 3 :

ԱՄՆ «ԿՀՎ» հետախույզներն իրենց հետախուզությունն անվանում են «Կոմպանի» (Company): Մեծ Բրիտանիայի հետախույզներն իրենց հետախուզությունը, «Mi-6» կամ SIS, անվանում են ֆիրմա (Firm), Իսրայելի «Մոսադ»-ի հետախույզներն իրենց հետախուզությունն անվանում են «ինստիտուտ»: Այդ կազմակերպության լրիվ անվանումն է «Հետախուզության եւ Հատուկ Ծառայության ինստիտուտ»: «Մոսադ»-ի հետախուզությունը բավականին հաջող զուգակցում է լեգալ եւ ոչ լեգալ (օրինական եւ ոչ օրինական) աշխատանքի մեթոդները: Բացի լեգալ ռեզիդենտուրաներից, որոնք գործում են դեսպանատների «ծածկի» ներքո, կամ զանազան կազմակերպությունների «ծածկի» տակ, «Մոսադը» շատ ակտիվ օգտագործում է նաեւ ոչ լեգալ հետախույզներին, որոնք գործուղվում են տարբեր երկրներ (հիմնականում արաբական) եւ գործում են տեղի քաղաքացիների անձնագրերով կամ էլ այլ պետությունների անձնագրերի «ծածկի» տակ: Իհարկե «Մոսադը» իր հիմնական օպերատիվ միջոցները կենտրոնացնում է Մերձավոր Արեւելքում, եւ այդ տարածաշրջանին հարող պետություններում, որովհետեւ Իսրայելի հիմնական «թիրախը» - դա արաբական երկրների ռազմա-քաղաքական ծրագրերն են, ինչպես նաեւ Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, «Հեզբոլլահը», «Համասը», Իրանը, Իրանի միջուկային ծրագիրը, «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» եւ այլն, եւ այլն: Բայց իհարկե, նշելով այս թիրախները, ես բոլորովին նկատի չունեմ, որ Իսրայելի հատուկ ծառայություններըՙ «Մոսադը», «Շին Բեթը», «Ամանը» չեն աշխատում Հայաստանում, Ռուսաստանում կամ հենց նույն Թուրքիայում եւ Ադրբեջանում: Իրադարձությունները տարբեր ժամանակահատվածներում ցույց են տվել, որ իսրայելական հետախուզությունը չի խորշել նույնիսկ իր ամենամտերիմ դաշնակցի «գրպանը մտնել», եթե այդ «գրպանում» կա թանկարժեք տեխնոլոգիական կամ քաղաքական տեղեկատվություն:

Ինչեւիցե, Իսրայելի հետախուզությունը «յուրացրել է» տարբեր պետությունների հատուկ ծառայությունների աշխատանքի մեթոդներն ու մոդելները: Ավելի կոնկրետՙ «Մոսադը» աշխատում է բրիտանական, ամերիկյան, ֆրանսիական եւ սովետական հետախուզությունների տրադիցիաների (ավանդապահության) սինթեզի հիման վրա:

Իսրայելի հետախուզական ընկերակցության (разведсообщество) հիմնադիրը եղել է Ռուվեն Շիլոյը (Ռուվեն Զասլանակին), որի համար լրտես-հետախույզի աշխատանքը աշխարհում ամենառոմանտիկ գործն է համարվել:

Նրա մասին նոթերում գրված է, որ «տաքսի» նստելիս Շիլոյը երբեք հասցեն չէր ասում, իսկ երբ համբերությունը կորցրած վարորդը հարցնում էր կոնկրետ հասցեն, Շիլոյը կասկածում էր նրան լրտեսության մեջ:

Իսրայելի հատուկ ծառայությունների ղեկավարները, այդ թվում եւ «Մոսադի», ստանում են շատ բարձր աշխատավարձ (ըստ որոշ տվյալներիՙ 10 000 ԱՄՆ դոլարից ավել): Բարձր աշխատավարձ են ստանում նաեւ տնօրենի տեղակալները, վարչության պետերը, միջին օղակի աշխատակիցները: 45 տարեկան հասակում «Մոսադի» հետախույզը կարող է գնալ թոշակի: Նրանց աշխատած 1 տարին հաշվում են որպես 1,5: Թոշակները բավականին բարձր են:

Իսրայելի հասարակությունը հպարտանում է «Մոսադով», այդ կազմակերպության մասին առասպելներ հյուսում, աշխատակիցները համարվում են բարձր կարգի արհեստավարժներ, որոնք պատրաստ են ինքնազոհաբերման հանուն Մեծ Իսրայելի: Աշխատանքի ընդունվելիս պարտադիր է ունենալ մարտական փորձ եւ պարտադիր տիրապետել գոնե մեկ օտար լեզվի: Աշխատանքի ընդունվելուց առաջ հետախույզի թեկնածուն ացնում է լրջագույն հոգեբանական եւ հոգեկան կայունության ստուգումներ:

Վերջացնելով «Մոսադի» նկարագիրը նշեմ, որ այդ հետախուզության շատ օպերացիաներ, ինչպես նաեւ ձախողումներ, ընդգրկված են համաշխարհային հետախուզության տարեգրության մեջ:

Այժմ մի երկու խոսք այսպես կոչված հարցազրույց տվողի մասին, չնայած նա ինքը հերքում է այդ տեղեկությունը:

Ծանոթագրություն 4 :

Ուզի Արադը ծնվել է 1947թ. հոկտեմբերի 2-ին: 1971թ. ավարտել է Թել-Ավիվի համալսարանը, այնուհետեւ սովորել է Պրիստոնի համալսարնում (Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ-ում), որտեղ ստացել է մագիստրոսի աստիճան (1973թ.), որոշակի ժամանակ աշխատել է Նյու Յորքում, հետո դասավանդել է Թել Ավիվի համալսարանում, պաշտպանել է դոկտորականը միջազգային հարաբերությունների գծով:

1975թ. հավաքագրվել է «Մոսադի» կողմից որպես կադրային սպա, որտեղ ծառայել է մինչեւ 1997թ. (22 տարի), ծառայության վերջում ստացել է բավականին բարձր կարգավիճակ: 1997-1999թթ. զբաղեցրել է վարչապետ Բինյամին Նեթանյահուի արտաքին քաղաքականության գծով խորհրդականի պաշտոնը, 2003-2009թթ.ՙ խորհրդական Քնեսեթում (ազգային ժողով): 1999-2009թթ. Արադը հանդիսացել է Գերցլին կենտրոնի ղեկավարը: Այդ կենտրոնն ամենամյա միջազգային համաժողովների կազմակերպիչն է, որին մասնակցում են Իսրայելի եւ այլ պետությունների անվտանգության հարցերով զբաղվող քաղաքական գործիչներ:

2009-2011թթ.ՙ Իսրայելի անվտանգության խորհրդի ղեկավար: 2011թ.ՙ մի կարճ ժամանակով գործուղվել է Լոնդոն, որպես Իսրայելի դեսպանի պաշտոնակատար:

Իր ամբողջ պետական ծառայության ընթացքում (48 տարի) Ուզի Արադն առանցքային դեր է ունեցել ամերիկա-իսրայելական հարաբերությունների ամրապնդման գործում:

2013թ. Ֆրանսիայի կառավարությունը Արադին շնորհեց Պատվավոր Լեգեոնի սպայի կոչում:

Իր գործունեության մեջ Արադը ամենահուզիչ պահերից մեկը համարում է իր եւ նախագահ Ի. Ալիեւի հանդիպումը 2009թ. հուլիսին (Բաքու էին այցելել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, Ուզի Արադը եւ ենթակառուցվածքների նախարար Ուզի Լանթաուն), որի ընթացքում ինքը հրեական աղոթք է արտասանել:

«Օրհնյալ ես Դու Տեր Աստված, մեր տիեզերքի Թագավոր, որ պատիվ շնորհած ես միսին եւ արյունին»: Բոլոր ներկաներն արտաբերել են «Ամէն»:

Ուզի Արադն իր առաջին այցը Բաքու կատարել է 1994թ., դրանից հետո 2009թ.պատրաստել է Պերեսի այցը Ադրբեջան, իսկ 2017թ-ից սկսած հաճախ հանգստացել է Բաքվում (Իհարկե, դա «աշխատանքային հանգիստ» է եղել):

Եվ այսպես «Մոսադը» աշխատել է եւ աշխատում է Ադրբեջանի անվտանգության համար նույն ջանքերով ու եռանդով, ինչպես եւ Իսրայելի համար:

Ադրբեջանի հետախուզության պետը Օրհան Սեդյար օղլու Սուլթանովը , ինչպես եւ Ադրբեջանի վերին էշելոնի ռազմա-քաղաքական ներկայացուցիչները, մտերիմ գործնական հարաբերություններ ունեն Թուրքիայի հետախուզության (MIT) ղեկավար, խորհրդական Հաքան Ֆիդանի հետ (ղեկավարում է Թուրքիայի հետախուզությունը 2010թ-ից): Նշեմ, որ Թուրքիայի հետախուզությունը կարող է գործել եւ պաշտպանել իր շահերը ավելի ծավալուն սպեկտրով, քան «Մոսադը»:

Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության (MI-6) պետի պաշտոնը զբաղեցնում է Ռիչարդ Մուրը : Վերջինս 2014-2017թթ. եղել է Միացյալ թագավորության դեսպանը Թուրքիայում, մտերիմ հարաբերություններ է ունեցել անձամբ Ռ. Էրդողանի, նախկին վարչապետ Յըլդըրըմի հետ, եւ, իհարկեՙ հետախուզության պետ Հաքան Ֆիդանի հետ: Նույն Ռիչարդ Մուրը կայուն հարաբերություններ ունի նաեւ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատանը երկար տարիներ աշխատած, այժմ ադրբեջանական հետախուզության պետի պաշտոնը զբաղեցնող Օրհան Սուլթանովի հետ:

Ուրվագծվեց Ռիչարդ Մուր - Հաքան Ֆիդան - Օրհան Սուլթանով եռանկյունին: Նշեմ նաեւՙ որտեղ բրիտանական հետախուզությունն է, այնտեղ է նաեւ ԱՄՆ ԿՀՎ:

Եթե լավ մտածենք, այս կոալիցիային կարելի է ավելացնել նաեւ Պակիստանի հետախուզությունը, եւ առայժմ կանգ առնենք:

Ի՜նչ հզորություն է պետք Հայաստանի հատուկ ծառայությանը, ի՜նչ գործընկերներ եւ դաշնակիցներ են պետք մեզ վերը նշված կոալիցիային դիմակայելու համար: Հետեւությունները թողնում եմ նրանց, ովքեր կոչված են այս ամենի մասին մտածելու:

Այսօր մենք ռազմավարական դաշնակից չունենք, դա փաստ է, Ադրբեջանը եւ Թուրքիան ցուցադրաբար ոտնահարում են Ռուսաստանի արտաքին քաղաքական համբավն ու վարկը, ավելի ճիշտՙ դրանց մնացորդները: Պետք է ամենավերջին հիմարը լինել դա չնկատելու համար:

Բացի այն, որ մենք չունենք ռազմավարական դաշնակից, մենք չունենք նաեւ հստակ ռազմավարություն. այսօր մենք չենք պատկերացնում նաեւ մեր ապագան, մեր վաղվա օրը:

Եվ, այնուամենայնիվ, այդ դաշանկիցները կան եւ պատրաստ են համագործակցության...

Վերջ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ