RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021



Տեղադրվել է` 2021-11-27 00:20:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 2559, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՈՒՏԻՆ-ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍՈՉԻԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Սոչիում ավարտվել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների միջեւ բանակցությունները, որոնք տեւել են շուրջ 3 ժամ:Կողմերը հանդես են եկել եռակողմ հայտարարությամբ.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ․Պուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում եւ քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:

Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։

Նշեցինք Ռուսական խաղաղապահ առաքելության կարեւոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։

Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել եւ գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի եւ այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։

Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։

Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ եւս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ