ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐ ԼԾԱԿՆԵՐ ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ Օդում պարող պոլիէթիլենային տոպրակ, որ իջնում է ծառի ճյուղին եւ մնում այնտեղ հավերժ. շատերիս է ծանոթ երեւանյան այս տեսարանը: Պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը արգելելու հարցը տարիներ շարունակ քննարկում է, սակայն սայլը տեղից չի շարժվում: Տոպրակների արտադրությամբ զբաղվող գործարարները շարունակում են դրանց արտադրությունը, իսկ խանութները` ապրանքն այդ տոպրակներով տրամադրելու ավանդույթը: 2022 թ. հունվարի 1-ից առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը: Օրենքի նպատակը բնապահպանական խնդիրները մեղմելն է, քանի որ աղբավայրերում, բնության մեջ հայտնված պոլիէթիլենային տոպրակների քայքայման համար հարյուրավոր տարիներ են պետք, իսկ այդ ընթացքում նաեւ կենդանական աշխարհն է տուժում: Օրենքը բացառություն ունիՙ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերն ու երկրորդային հումքից արտադրված պարկերն ու տոպրակները: Այսինքնՙ չեն արգելվելու այն տոպրակները, որոնք բռնակներ չունեն, գործածվում են սանիտարական նպատակովՙ սնունդ փաթեթավորելու համար: Այդ պարկերը դեռ մնալու են գործածության մեջ, քանզի դրանց համար այլընտրանքային տարբերակներ այս պահին չկան: «Ողջ աշխարհը ձգտում է նվազեցնել պոլիմերների քանակը բնության մեջ: Եթե թղթե թափոնները բնությունը կարող է վերամշակել եւ օգտագործել, որովհետեւ թուղթը իրեն հարազատ նյութ է` ծառից է ստացված եւ բնական, պոլիմերները բնության համար աղետ են, եւ պետք է ազատվել դրանցից»,-մեզ հետ զրույցում նշում է քաղաքացիներից մեկը: Կենսաքայքայվող տոպրակները, ի տարբերություն պլաստիկե տարբերակի, ավելի թանկ են, փոխարենըՙ անվնաս: «Եթե ալտերնատիվ տարբերակըՙայլընտրանքային թղթե տոպրակները կլինեն համարժեք արժեքի, ինչ պոլիէթիլենային տոպրակներն են, շատ ճիշտ որոշում է: Սակայն եթե դրանց արժեքը ավելի բարձր է լինելու, կարծում եմ մեր երկրում դեռ շուտ է նման փոփոխություններ անել, քանզի պարենային շուկայում նկատված գնաճի չափը` վերջին տարվա եւ վերջին ամսվա կտրվածքով բավականին բարձր է, եւ միջին աշխատավարձով ապրող քաղաքացին, ամեն անգամ չի կարող տոպրակի համար քառակի կամ հնգակի վճարել»,-նշում է քաղաքացի Երեմ Գասպարյանը : Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի խոսքով, տնտեսվարողները չեն պատրաստվում նորամուծության հետ հաշտվել: Նշենք նաեւ, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հայաստանում փաթեթավորման համար պլաստիկ արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող գործող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք 44-ն են: «Արտադրողներն անգամ չեն էլ փորձել որեւէ կերպ հարմարվել օրենքին: Նրանց կողմից պատրաստակամությունն այդքան էլ մեծ չէ: Փորձել ենք նաեւ նրանց կապել կենսաքայքայվող հումք ներկրողի հետ, ինչը հաստոցների փոփոխություն չի պահանջում, այսինքն` մեկ այլ հումքով տոպրակները կարող են արտադրվել, որոնք արգելված չեն»,- հավելեց Ավետիսյանը: 30 հազ. դրամ տուգանք է նախատեսված պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում, տուգանքի համար սահմանաչափ նախատեսված չէ. վերահսկող մարմինները լիազորված են յուրաքանչյուր անգամ խախտում արձանագրելիս տուգանել տնտեսվարողին: Սույն նախաձեռնությամբ նախատեսվում է տնտեսական լծակների միջոցով փոխել սպառողի վարքագիծը, ինչը կստիպի օգտագործել այլընտրանքային (շրջակա միջավայրի եւ մարդու առողջության պահպանման տեսանկյունից անվտանգ), բազմակի օգտագործման պարկեր եւ տոպրակներ: |