«ՀՐԵԱԿԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ» ԿՍՏԱՆԱ «ՓՖԱՅԶԵՐԻ» ՂԵԿԱՎԱՐ ԲՈՒՐԼԱՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ Մեկ միլիոն եվրո պարգեւավճարով հրեական « Ջենեսիս» մրցանակն այս տարի կստանա ամերիկյան «Փֆայզեր» դեղագործական ընկերության ղեկավար Ալբերտ Բուրլան: 2013-ին ռուս հրեաների ջանքերով հիմնված պատվավոր այս մրցանակը, որ «հրեական Նոբելյան» են կոչում, տրվում է «բացառիկ անհատների, որ մասնագիտական արտակարգ հաջողությունների են հասել, աչքի են ընկել մարդկության համար կարեւոր ներդրմամբ եւ հրեական արժեքներին նվիրվածությամբ»: Իսրայելի նախագահ Իսաակ Հերցոգը հունիսի 29-ին Երուսաղեմում մրցանակը կհանձնի 60-ամյա Բուրլային: Covid-19-ի դեմ առաջին պատվաստանյութը գերմանական «Բայոնթեքի» (BioNTech) եւ ամերիկյան «Փֆայզերի» (Pfizer) համատեղ ստեղծած միջոցն էր: Ինչպես գերմանալեզու «Յուդիշե ալգեմայնե» թերթն է տեղեկացնում, մրցանակակիրն ընտրվել է առցանց քվեարկությամբ, որին մասնակցել է 200 000 մարդ: Բուրլան հայտարարել է, թե պարգեւավճարը հատկացնելու է այն նախագծերին, որ ոգեկոչելու են Հոլոքոստի զոհերին, հատկապես Հունաստանի հրեաներին: Ալբերտ Բուրլան ծնվել է 1961-ին Թեսալոնիկում, Շոան վերապրողների ընտանիքում: |