ԳԱԳՈ ՋԵՔՍՈՆ. ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ ՆՄԱՆԱԿԸ ՎԱՆԱՁՈՐԻՑ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնն ամբողջ աշխարհում ունի նմանակներ: Ռուսաստանում նրա նմանակներից մեկը մեր հայրենակից Գագիկն է, որը հանդես է գալիս Գագո Ջեքսոն անվամբ: Ծնվել է Վանաձորում, վաղ տարիքից սիրել է պարել, նկարել, նմանակել հայտնի մարդկանց: Մասնագիտությամբ ատամնատեխնիկ է: 1999 թվականից հանդես է գալիս որպես Մայքլ Ջեքսոնի նմանակ: 2005 թվականին հրավիրվել է աշխատելու Մոսկվայի «Դաբլ Պլյուս» նմանակների պրոֆեսիոնալ թատրոնում: 2009-ին իր դեբյուտը կատարել է ռուսական «Փառքի րոպե» հեռուստաշոուում, նույն թվականին դարձել «Փառքի րոպե» միջազգային գալա շոուի հաղթող եւ գավաթակիրՙ մրցելով տարբեր երկրների այդ մրցույթների եզրափակիչ փուլի մասնակիցների հետ: 2010-ին Գագիկը դարձել է նույն մրցույթի ֆինալիստ: Մայքլ Ջեքսոնի «Black or White» երգի նրա կատարումն ընդգրկվել է «Փառքի րոպեի» լավագույն քսանյակում: Նաեւ 2008 թվականի պարի առաջնությունում գրավել է առաջին տեղը, ստացել բազմաթիվ դիպլոմներ եւ վկայականներ, ինչպես նաեւ վկայական ստացել Ռուսաստանի Պետական սուրհանդակային ծառայությունից: Գագո Ջեքսոնը ելույթներ է ունենում Ռուսաստանի տարբեր քաղաքներումՙ ինչպես կորպորատիվ, այնպես էլ թեմատիկ երեկույթների եւ բանկետների ժամանակ, դիսկոտեկներում եւ համերգասրահներում: - Գագի՛կ, աշխարհում փոփ արքայի նմանակները բազում են: Քո եւ այլոց կարծիքովՙ ինչո՞վ ես դու տարբերվում մյուսներից: - Մաքլ Ջեքսոնի մյուս նմանակներից ես տարբերվում եմ այն բանով, որ պարում եմ գրեթե լռության մեջ, քանի որ թույլ լսողական նյարդ ունեմ, ուստի հաճախ լսողական սարք եմ կրում: Բայց բեմում հնարավոր չէ պարել այդ սարքովՙ կա՛մ կարող է խոնավությունից փչանալ, կա՛մ դուրս թռչել: Ուստիեւ երբ բարձրախոսի մոտ կանգնած լսում եմ երաժշտության առաջին ակորդները, հանում եմ լսողական սարքս, մտնում եմ բեմ ու կատարում եմ ողջ պարը հիշողությամբՙ հստակ ընկնելով չափի մեջ: Ես անգիր գիտեմ Մայքլի բոլոր համարները, նույնիսկ հանկարծաբանում եմ, ինքս եմ կատարում ելույթներիս ձայնագրությունները: Դրանք մարդկանց դուր են գալիս, եւ շատ հաճախ հրավիրում են ինձ տարբեր միջոցառումների մասնակցելու... - Կարծում եմ, որ շատ ստեղծագործական մոտեցում էր, երբ համաժամանակյա պարում էիր էկրանին Մայքլի տեսագրությանը զուգահեռ: - Դա իմ մտահղացումն էր: Ես եւ բոլորիս շատ ենք սիրում «Վտանգավոր» պարը էկրանի ֆոնի հետ համաժամանակյա, կարծես իսկական Մայքլի հետ պարելիս լինեմ: - Քանի՞ Մայքլ Ջեքսոնի նմանակ կա Ռուսաստանում, եւ կա՞ արդյոք նրանց միջեւ մրցակցություն: - Ես եմ ու Պավել Տալալաեւը: Երկուսս էլ լուրջ ենք վերաբերվում մեր աշխատանքին, միշտ աջակցում ենք միմյանց, մրցակցության մասին խոսք լինել չի կարող, մենք ընկերներ ենք 2003 թվականից: - Ասում են, որ նմանակները երբեմն սկսում են ենթագիտակցորեն նմանվել նրան, ում նմանակում են: - Երբեմնՙ այո՛: Կան որոշ բաներ, որոնք կարծես պայմանական ռեֆլեքս լինեն: Ես սիրում եմ մատներս շրխկացնել, երբ ինչ-որ տեղ լսում եմ ինձ դուր եկած երաժշտությունը, կամ, օրինակ, երբ տաքսիում հնչում է Մայքլի երաժշտությունը, ես «երգում եմ»ՙ միայն բերանս բացելով եւ ոտքերս դոփելով: - Ինչպե՞ս ես համագործակցում զգեստներ ձեւավորողների, ոճաբանների եւ դիմահարդարների հետՙ ստեղծելու համար քո բեմական կերպարը: - Դերձակուհիսՙ Լյուդմիլա Լիֆանովան, իմ զգեստները կարում է 2012 թվականից, նա չափազանց բծախնդիր է եւ կարում է այնքան բարձր որակով, որ հագուստներս երկար են ծառայում: Նաեւ լուանկարչական շարքի համար ստեղծում է գեղեցիկ ու բարդ զգեստներ, դրանք նման են թանգարանային նմուշների: Իսկ ռեկվիզիտըՙ ծնկների բարձիկներ, գոտիներ, թեւնոցներ, ես ինքս եմ պատրաստում տարբեր նյութերից: - Եթե հանդիպեիր Մայքլ Ջեքսոնին, ի՞նչ հարց կտայիր: - Եթե հանդիպեի նրան, հնարավորություն չէի ունենա ինչ-որ բան ասել, խոսելու կարողությունից կզրկվեի, ուղղակի աչքերիս չէի հավատա, որ իմ դիմաց ֆանտաստիկ մարդ է կանգնած, իսկական լեգենդՙ բոլոր ժամանակների համար: - Քո կուռքի մեջ կա՞ մի բան, որը քեզ դուր չի գալիս: - Նա չափից ավելի էր բարի: Բարությունն անհրաժեշտ է չափի մեջ, բայց նա ապրում էր այնպիսի մարդկանց մեջ, որոնք խորտակեցին նրա կյանքը եւ շարունակում են խորտակել նույնիսկ մահից հետո: Անբարեխիղճ մարդկանց այս աշխարհը Մայքլի համար չէր... - Ինչպե՞ս եղավ, որ Մայքլ Ջեքսոնի հայրը հրավիրեց քեզ այցելել իրեն: - Մի անգամ ես հաղթեցի լուսանկարչական մի մրցույթում ու հրավեր ստացա Մայքլի հորիցՙ մասնակցելու «This is it» ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային, որը կազմակերպել էր «Սանի» ընկերությունը: Բայց... «Փառքի րոպեի» նկարահանումները զուգադիպեցին, հնարավոր չէր խզել պայմանագիրը: Սակայն մինչեւ հիմա ես փայփայում եմ այդ հրավերը: - Քո մասին գիտե՞ն ԱՄՆ-ի Ջեքսոնի երկրպագուների ակումբներում: - Ինձ ճանաչում են աշխարհի բոլոր Մայքլ Ջեքսոնի երկրպագուների ակումբներում, ու մինչեւ հիմա կապ ենք պահում համացանցում: - Հնարավո՞ր է Ռուսաստանում ապրուստ վաստակելՙ միայն բեմում հայտնի մարդու նմանակ հանդես գալով: - Իհա՛րկե: Քանի որ ես աշխատում եմ ադեկվատ եւ գրագետ կազմակերպիչների հետ, նրանց շնորհիվ իմ բոլոր ելույթները կայանում են, եւ վաստակածս ներդնում եմ իմ սիրելի գործի զարգացման մեջ: Լինում են հրավերներ բարձրագույն իշխանություններից: Օրինակ, Ալմաթիում ելույթ եմ ունեցել նախկին նախագահ Նազարբաեւի դստեր ծննդյան խնջույքին, որտեղ բազմաթիվ հռչակավոր անձինք էին ներկա Ռուսաստանից, իսկ ծրագրի վերջում ելույթ ունեցավ ինքըՙ Ջենիֆեր Լոպեսը: - Դու նաեւ ստեղծում ես Ջեքսոնին պատկերող հիանալի գծանկարչական աշխատանքներ: Չե՞ս մտածում նաեւ քո ա՛յս շնորհը զարգացնելու մասին: - Ապագայում անպայման կշարունակեմ նկարել ու նույնիսկ մտադիր եմ բացել իմ սեփական ցուցահանդեսը: - Ժամանակին Խորհրդային Միության եւ Ռուսաստանի գլխավոր Ստալինը Գեորգի Սահակյանն էրՙ «Ռուսական ռեկորդների գրքի» ռեկորդակիրը, որը 36 ֆիլմում մարմնավորել է այդ բռնակալին: Հանդիպե՞լ ես ուրիշ հայ նմանակների: - Ցավոք, ոչ մեկին չեմ հանդիպել: Հետաքրքրական կլիներ նրանցից պատմություններ լսել իրենց կյանքից: - Հայաստանում Ջեքսոնի երկրպագուները շատ են, բայց երկպագուների ակումբ չկա: Հաճելի կլիներ տեսնել քեզ Երեւանում: - Իհա՛րկե, Հայաստանում շատերն են սիրում Մայքլին, եւ ես շատ ուրախ կլինեմ ելույթ ունենալ Երեւանում: - Ինչո՞վ ես զբաղվել ոչ դյուրին 2020-2021 թվականների ընթացքում: - Տանը օգնում էի ընտանիքիս, թարմացնում էի ռեկվիզիտը, դիտում էի ենթագրերով կինոնկարներ: Երբ միջոցառումներ անցկացնելու թույլտվություն եղավ, նորից սկսեցի հյուրախաղերս: Ամռանը մինչեւ աշուն ելույթներ ունեցա Կրասնոդարի երկրամասի եւ Ղրիմի առողջարանային վայրերում: - Կա՞ նախագիծ, որին երազում ես մասնակցել: Թե՞ գաղտնիք է: - Շատ հետաքրքրական մտքեր ունեմ ու խոստանում եմ հաճելի անակնկալներ մատուցել... Նկար 2. Գագո Ջեքսոնը Մերիլին Մոնրոյի նմանակի հետ Նկար 3. Գագո Ջեքսոնը հայազգի ռուսական հումորիստներ Եվգենի Պետրոսյանի եւ Կարեն Ավանեսյանի հետ |