ՄՈՒՐԱՑԱԾՈ ՄՇԱԿՈՒՅԹ Հ. Ա. «Ադրբեջան. Արեւելքի եվրոպական գրավչություն» (Azerbaijan. European Charm of the Orient): Գովազդային այս հայտարարությունը օրական բազմաթիվ անգամներ կարելի է լսել միջազգային հեռուստաընկերությունների, հատկապես CNN-ի եւ Euronews-ի եթերից, պարբերաբար փոխվող ճոխ տեսահոլովակներով: Հետո՞ ինչ, կարող է ասել ընթերցողը, մարդիկ փող ունեն, լավ վճարում են եւ ազատ են իրենց ցանկացած ձեւով եւ ուզած հարթակում պրոպագանդել իրենց երկիրը, ոչ միայն զբոսաշրջության, այլեւ երկրի իմեյջը կերտելու համար, այնպես, ինչպես անում են եվրոպական ֆուտբոլային տարբեր ակումբների, օրինակՙ «Ատլետիկոյի» մարզաշապիկների վրա, «Ադրբեջան. Կրակի երկիր» (Azerbaijan. Land of Fire) գրել տալով: Անշուշտ ճիշտ կլիներ վերեւի առարկությունը, եթե ադրբեջանցիք այդ տեսահոլովակներում ներկայացնեին միայն իրենց սեփականը: Այնինչ գրեթե բոլոր տեսահոլովակներում ցուցադրվում են, օրինակ, «թռչող» գորգեր, որոնց արագ ընթացքին հետեւող ոչ մասնագիտական հայացքն անգամ կարող է նկատել մեծ ու փոքր խաչեր, զուտ հայկական զարդանախշեր: Եվ կամՙ ցուցադրվում են նվագարաններ, որոնք կա՛մ պարսկական են, կամ հայկական եւ կամ ընդհանուր: Կողքի սյունակներում հակիրճ ներկայացնում ենք վերջին ամիսներին եվրոպական գլխավոր ոստաններում Ադրբեջանի կազմակերպած փառատոների եւ ցուցահանդեսների մասին նյութ: Իսկապես տպավորիչ են դրանք, մանավանդ գեղեցկուհիներ Մեհրիբան եւ Լեյլա Ալիեւաների մատուցմամբ: Սակայն երբ, օրինակ, Կաննում հատուկ ցուցահանդես է կազմակերպվում այսպես կոչված ադրբեջանական պղնձագործության մասին, մինչդեռ դարեր շարունակ այդ արհեստը բանեցրել են հայերը, պարսիկներն ու դամասկոսցիները, բայց ոչ թուրքերն ու նրանց «կրտսեր եղբայր» ադրբեջանցիք, մեր եւ իրանցիների կողմից համակարգված հակազդեցություն անհրաժեշտ է: Այս հարցում, այո, հայերն ու իրանցիք դաշնակիցներ պետք է լինեն, քանի որ երկու Ժողովուրդներն էլ անիրավված, կողոպտված են նույն մուրացիկ հարեւանի կողմից: Կաննում ադրբեջանցիները առանձին օր են նվիրել «Նիզամիինՙ պարսիկ մեծ բանաստեղծին, որի «մեղքը» այն է, որ ծնվել է... հայկական Գանձակում, ներկայիս ադրբեջանական Գյանջայում: Իրանցիների հետ, որոնք այս հարցում իրավամբ շատ զգայուն են, պետք է հակազդենք նաեւ մենք: Այլապես, ներկա ընթացքը շարունակվելու դեպքում, մի օր էլ ադրբեջանցիք կսեփականացնեն մեր Կիրակոս Գանձակեցուն... |