RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 29-08-2014



Տեղադրվել է` 2014-08-28 21:32:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 863, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՆՆՈՒՄ, ԲԵՌԼԻՆՈՒՄ, ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԵՎ ԱՅԼՈՒՐ

Պատրաստեցՙ Հ. Ծ.

Ադրբեջանի նավթային դոլարներն ու խավիարային դիվանագիտությունը շարունակում են երկրի առաջադիմության մասին քարոզչություն ծավալել, չմոռանալով անդրադառնալ նաեւ ազերի ժողովրդի «հին ու հարուստ մշակույթին եւ պատմությանը»: Վերջին շրջանում մեկը մյուսի հետեւից միջազգային ցուցահանդեսներ եւ փառատոներ են կազմակերպվում եվրոպական հայտնի քաղաքներումՙ Կաննում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր:

Մշակութային օրերի գլխավոր կազմակերպիչն է Հեյդար Ալիեւ հիմնադրամը (նախագահըՙ երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան), համապատասխան երկրում Ադրբեջանի դեսպանատան աջակցությամբ:

Կաննում, օրինակ, տեղի ունեցած «Ադրբեջան: Ավանդույթների եւ ապագայի երկիրը» փառատոն-ցուցահանդեսի օրերին, որն իր մեջ ընդգրկել է տարբեր ոլորտների մասին պատմող ենթացուցահանդեսներ, քաղաքը զարդարված է եղել ադրբեջանական պաստառներով, պլակատներով եւ լուսանկարներով: Հանդիսություններին ներկա են գտնվել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան, հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիեւան, Կաննի քաղաքապետ Բեռնար Բրոշանը, ՄԱԿ-ի փոխտնօրեններից, UNITAD-ի ղեկավարՙ Ֆիլիպ Դուստ Բլազին եւ այլք: «Լա Կրուազետ Բուլվարում» տեղի է ունեցել «Maiden Tower» փառատոնի 4-րդ տոնակատարությունը: «Maiden Tower-ը» 9-րդ դարի պատմական հուշարձան է, որը գտնվում է Իչերիշեհիր ավանում եւ 2000 թվականից մտցված է UNESCO-ի «Համաշխարհային ժառանգության» արժանավոր շինությունների ցուցակի մեջ: Այդ շինության նվիրված փառատոնը հինգ տարի առաջ է մեկնարկել Բաքվում, հիսուն երկրներից ժամանած արվեստագետների ներկայությամբ: Այս անգամ Կաննում կայացած փառատոն-ցուցահանդեսին ազերիները տվել են բնապահպանական, հատկապես վտանգված կենդանիների (օրինակՙ վիթերի) պահպանության նշանակություն:

Ներկայացվել են բնական մեծությամբ պատմական հուշարձանի տարբեր մեկնաբանությունները, ինչպես նաեւ զանազան ձեւեր ընդունած վիթերՙ պատրաստված տարբեր երկրներից ժամանած արվեստագետների եւ Մեհրիբան Ալիեւայի ձեռքերով: Տեղի է ունեցել նաեւ «Կովկասի մարգարիտՙ Ադրբեջանի մշակութային գանձերը» ենթացուցահանդեսը, որտեղ ներկայացվել են ազգային տարազի եւ գորգագործության նմուշներ, պղնձագործական իրեր, ազգային երաժշտական գործիքներ: Երաժշտության հնչյունների տակ հանդիսատեսները վայելել են հրավառության յուրօրինակ փառատոնը, որն սկսվել է Ադրբեջանի ազգային հիմնի եւ ավարտվել Մուսլիմ Մագոմաեւի «Ադրբեջան» երգի հնչյունների ներքո:

Մի ամբողջ օր հատկացվել է «ազգային խոհանոցին», որը մեկնարկել է պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթով: Ցուցադրվել է 1945-ին նկարահանված «Արշին մալ ալան» ֆիլմը: Չորս օր տեւած հանդիսությունների ընթացքում հնչել են բազմաթիվ ելույթներ եւ բաժանվել հարյուրավոր տեղեկատվական գրքույկներ: Կաննի «Կոնգրեսական պալատի» տնօրեն Կլեր-Անն Ռեյիքսը նշանակալի երեւույթ է որակել փառատոն-ցուցահանդեսը, նշելով, որ Ադրբեջանը երկրորդ անգամ է նման հաջող միջոցառում կազմակերպում:

Հատկանշական է, որ սեղմ ժամկետում ադրբեջանցիները ձգտել են համակողմանի ներկայացնել իրենց «վաղեմի արվեստն ու պատմությունը»: Անդրադարձել են նույնիսկ հիմնականում պարսկերենով ստեղծագործած ադրբեջանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիի ծննդյան 870-ամյակին:

Մյուս կողմից, մեկ այլ «Fly to Baku. Contemporary Azerbaijan art» («Սավառնիր դեպի Բաքու: Ադրբեջանական ժամանակակից արվեստը») ցուցահանդեսը առաջին անգամ 2012 թվին Լոնդոնում բացվելուց հետո, ներկայացվել է Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում, Վիեննայում եւ Հռոմում: Ցուցահանդեսներում ներկայացված են եղել տարբեր ոլորտների (նկարչություն, քանդակ, լուսանկարչություն, կատարողական արվեստ) ադրբեջանցի 21 արվեստագետների ավելի քան 100 աշխատանքներ: Հռոմում բացումը կայացել է «MAXXI» ժամանակակից արվեստի ազգային թանգարանում:

Նկար 1. «Ադրբեջան: Ավանդույթների եւ ապագայի երկիրը» փառատոն-ցուցահանդեսը Կաննում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 29-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ