RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 29-08-2014



100-ԱՄՅԱԿ

Տեղադրվել է` 2014-08-28 21:32:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1149, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՂԱՍԻ ԲԱԴԱԼՅԱՆ

Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, Թատերագետ

Հանրապետության վաստակավոր արտիստ Աղասի Ավագի Բադալյանը (1914-1972) ստեղծագործական հետաքրքրական ուղի է ացնելՙ Մոսկվայի Հայկական դրամատիկական ստուդիա, այնուհետեւ Բաքվի, Ստեփանակերտի, Գյումրիի դրամատիկական թատրոններում (1936-1972):

Ստորեւ ներկայացվող հուշ-հոդվածը գրվել է նրա ծննդյան 75-ամյակի (1984) առթիվ Գյումրիում կազմակերպված հուշ-երեկոյի համար. Բադալյանիՙ Բաքվի թատրոնում կատարած աշխատանքի մասին:


Կան դերասաններ, որոնք մի ամբողջ թատրոն են ներկայացնում, տանում նրա ռեպերտուարի ողջ ծանրությունը, շուք տալիս նրան, հանդիսանում նրա փառքը: Ապրելով թատրոնի հոգսերով ու կյանքով, նրանք ամբողջովին նվիրվում են իրենց սիրած բնագավառին եւ ինչպես կրակի շուրջը պտտվող թիթեռները, այնպես էլ իրենքՙ այրվում թատրոնում: Թատրոնի այդպիսի նվիրյալներից մեկը Աղասի Բադալյանն էր, բեմին անմնացորդ նվիրված մի դերասան, որը հետագայում դարձավ նաեւ ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ ընդհանրապես: Իբրեւ կարող դերասան, Աղասի Բադալյանի բեմական ընդունակությունները շատ շուտ են դրսեւորվել, բայց իբրեւ լայն առումով արվեստագետ, նրա բազմակողմանի հնարավորությունները երեւան են եկել աստիճանաբար եւ կամաց-կամաց լրացրել ու հարստացրել նրա թատերական բեղմնավոր գործունեությունը: Ինչպես ստեղծագործական ավյունով օժտված ամեն մի գործիչ, այնպես էլ Աղասի Բադալյանը բազում մտահղացումներ ուներ, որոնք, ավա՜ղ, մնացին անկատար...

Աղասի Բադալյանի հետ մեր ծանոթությունն սկսվել է ուղիղ 70 տարի առաջ, Բաքվի հայկական թատրոնում: Իմ տպավորությունները մարդ-արտիստ Աղասի Բադալյանի մասին ձեւավորվել են 1944-1947 թվականներին մեր համատեղ աշխատանքում եւ հետագա տարիների հանդիպումների ժամանակ: Լեւոն Երամյանի անունը կրող Բաքվի հայկական թատրոնը ստեղծագործական ուժեղ կազմ ուներ այն տարիներին: Աղասի Բադալյանը թատրոնի կոլեկտիվում ամենաշնորհալի դերասանն էր երիտասարդների մեջՙ օժտված դերասանական բոլոր տվյալներով: Նա իր թե արվեստով, թե աշխատասիրությամբ եւ թե թատրոնին նվիրվածությամբ լուրջ համարում ուներ եւ վայելում էր թե կոլեկտիվի սերը եւ թե հանդիսատեսի համակրանքը:

Իրենց բեղմնավոր գործունեությամբ եւ ժողովրդի համակրությանն արժանացած դերասաններից թատրոնում աչքի էին ընկնում տարբեր սերնդի հինգ դերասանՙ Ալեքսանդր Հովհաննիսյանը, Խորեն Հարությունյանը, Արզո Արզումանյանը, Հուսիկ Հովհաննիսյանը եւ ամենակրտսերըՙ Աղասի Բադալյանը: Մեծ թե փոքր նրանց անունով էին կոչումՙ Սաշա, Խորեն, Արզո, Հուսիկ, Աղասի- այնքան հարազատ էին բոլորին: Ընդհանուր գնահատողներից բացի, նրանցից յուրաքանչյուրն իր շրջապատն ուներ: Թատրոնի երիտասարդներս մեծերից քաշվելով, ավելի շուտՙ պատկառանքով ընդունելով, մեզ ավելի ազատ էինք զգում Աղասու հետ, որն իր կատակներով, զավեշտական պատմություններով, ոգեշնչվածությամբ, պատմելու եղանակով միշտ հրապուրում էր մեզ, իդեալական առաջնորդ հանդիսանում:

Աղասին բազմաժանր դերասան էր: Նա հավասար հաջողությամբ հանդես էր գալիս թե սիրահար հերոսների եւ թե խարակտերային դերերում: Երեք տարվա մեր համատեղ աշխատանքի ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, որ նա փչացներ դերը: Ուներ սովորական դերեր, որոնք խաղում էր ակամա, բայց եւ ուներ սիրած դերեր, որոնցով փայլում էր, դրսեւորում իր անսահման երեւակայությամբ ընդունակությունները: Ինչպես ամեն մի դերասան, նա եւս խաղում էր ռուսական, եվրոպական, ադրբեջանական եւ այլ ժողովուրդների դրամատիկական գործերի բեմադրություններում, ինչպես, ասենք, Նեզնամովՙ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»-ում, Ռոդրիգոՙ «Օթելլոյում», Ալի բեյ Սմեդՙ Վուրղունի «Վագիֆում» եւ այլն: Բայց նրա տարերքը ազգային դրամատուրգիան էր: Նա բառիս բուն իմաստով ազգային դերասան էր, ազգային բնավորություններ ստեղծելու հնարամիտ վարպետ: Այն տարիների նրա խաղացանկից հիշենք Սմբատը եւ Լեւոնը Շիրվանզադեի «Նամուս»-ում եւ «Ավերակների վրա» պիեսում, Դարչոնՙ Սունդուկյանի «Քանդած օջախում», Նիկոնՙ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» կատակերգության մեջ, Գեդեոնըՙ Վաղարշյանի «Վանքաձորում», Շմոնՙ Արարատ Բարսեղյանի «Ծաղկասար»-ում, Արութըՙ Արշավիր Դարբնու «Երբ բացվում է մանուշակը» դրամայում, բոլորն էլ ինքնատիպ նկարագիր ունեցող, շատ հետաքրքրական ու կենդանի կերպարներ:

Բացառիկ հարուստ էր ու գունագեղ Աղասու ձայնը,- ուժեղ, հստակ, խոսուն, թափանցող, երբեմն նաեւ սարսռազդեցիկ: Հարուստ էին նրա ինտոնացիոն ելեւէջները, որոնք բխում էին նրա հարուստ ներքնաշխարհից: Շատ լավ էր դրված նրա խոսքի բեմական կուլտուրան, որը կարծում եմ, կատարելագործվել էր Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում, Ռուբեն Սիմոնովի մոտ սովորելու տարիներին: Առհասարակ պետք է նշել, որ Աղասու ստեղծագործական կյանքում նշանակալից հետք էին թողել ստուդիական պարապմունքները, որոնց մասին նա միշտ հիացմունքով էր խոսում:

Կերպարանափոխվելու զարմանալի հատկություն ուներ: Կերպարի արտաքինի, ներքինի ու շարժուձեւի միասնության մեջ փոփոխում էր նաեւ խոսքի ու խոսելակերպի եղանակը: Հապա նրա ժպիտը, երբեմն չարաճճիորեն կայծկլտացող աչքերը, զարմանքից վեր թռչող հոնքերը: Անհնար էր նրան տեսնել խարակտերային դերերում եւ չհիանալ նրա հնարամտություններով, որոնք ափոփվում էին Ժասմենի սիրածՙ «սատկես դու» գովեստի խոսքով:

Աբելյանի խաղընկերներից լսել եմ, որ հայ բեմի մեծ վարպետը խոսքը համեմատել է ռումբի հետ: Խոսքը,- ասել է նա,- պետք է այնպես նետել, որ հավասարապես ցրվի դահլիճի բոլոր անկյուններում: Աղասին կարծես կատարում էր Բաքվի թատրոնի բոլոր դերասանների ուսուցիչ Աբելյանի պատվիրանը: Նրա խոսքը երբեք չէր կորչում:

Աղասին դերը պատրաստում էր սեղանի շուրջը տարվող փորձերի ժամանակ, իսկ բեմումՙ կատարելագործում, հարստացնում եւ խտացնում էր կերպարը: Նա անփոխարինելի խաղընկեր էր բեմում: Որքան որ սիրում էր կատակներ անել, հատկապես Աստղիկ Երամյանի հոգու հետ խաղալ, նույնքան էլ փրկում էր խաղընկերներինՙ նրանց դերն ու միզանսցենը հիշեցնելով: Այս բոլորով հանդերձ, նա չէր շեղվում ռեժիսորական մտահղացումից. էժան ծիծաղներ չէր հարուցում, չէր խաթարում ներկայացման գեղարվեստական որակը, նեղ վիճակի մեջ չէր գցում ընկերներին:

Հակոտնյա դերեր շատ էր խաղումՙ ծայրահեղ կատակերգական-պարոնյանական Նիկոն եւ Շիրվանզադեի ողբերգական Լեւոնը «Ավերակների վրա» դրամայում: Մի դեպքում թեթեւություն, անկաշկանդվածություն, որքան ասես բացվելու հնարավորություն, մյուս դեպքում հիվանդոտ զսպվածություն, կաշկանդվածություն, դառնություն: Երկու դեպքում էլ հարազատ հեղինակի մտահղացմանը, ավարտուն կերպարներ:

Հիշենք նրա եւս երկու դերակատարում, որոնք իրենց թե բնութագրությամբ, թե ազգային խառնվածքով ու դրամատուրգիական արժանիքներով միանգամայն հեռու էին իրարից: Դրանից մեկը Նեզնամովն է Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»-ում: Ընդունված է ասել, որ Օստրովսկու այդ պիեսը մելոդրամա դառնալու հավակնություն ունի, նայած բեմադրությունն ինչ ուղղությամբ է տարվում: Բաքվի թատրոնում, Արտաշես Հովսեփյանի բեմադրությունը, մասնավորապես Ժասմեն-Կրուչինինայի եւ Բադալյան-Նեզնամովի ռեալիստական դերակատարումները ողբերգական երանգ էին տալիս ներկայացմանը: Երկուսն էլ լինելով ապրումների դերասան, շեշտը դնում էին իրենց հերոսի հոգեկան ապրումների հարազատ դրսեւորման վրա: Ո՞վ կարող էր հանգիստ նստել եւ անտարբերությամբ լսել Բադալյան-Նեզնամովի վերջին մենախոսությունը, երբ նա հասարակության ներկայությամբ խմելով Կրուչինինայի կենացը, հուզված-բորբոքված ասում է. «Ես խմում եմ այն մայրերի կենացը, ովքեր լքում են իրենց երեխաներին», ապա վզից պոկելով մեդալյոնը, ավելացնումՙ «նրանք իրենց երեխայի վզից կախում են ինչ-որ խաղալիքՙ պահիր եւ հիշիր ինձ մակագրելով: Իսկ ի՞նչը հիշե այդ երեխան...» եւ այլն, եւ այլն: Հանդիսատեսի քար լռության մեջ միայն առանձին հեծկլտոցներ էին լսվում այդ պահին: Իսկ երբ որդուն ճանաչող Ժասմեն-Կրուչինինան վրա վազելով տեսնում էր մեդալյոնը եւ համոզվում, որ Գրիշկա Նեզնամովն իր որդին է, հազիվ լսելի ձայնով շշնջում էՙ «Նա է, նա է» եւ ուշաթափվում, այդ պահին քարանում էր թե բեմը եւ թե դահլիճը: Թեեւ Ժասմենի էմոցիոնալ մեծ ուժը, ողբերգական պաթոսը նրան դարձնում էր դրության տերը, բայց չլիներ Աղասու հոյակապ դերակատարումը, արդարությունը պահանջում է ասել, որ Ժասմենն էլ չէր հասնի այդ բարձրության: Երբ թատերական ընկերությունը հանձնարարեց ինձ կազմել Ժասմենին նվիրված ժողովածու, ես որոշեցի դիմել Աղասունՙ գրելու իր Նեզնամովի եւ Ժասմեն-Կրուչինինայի մասին, ավա՜ղ, արդեն ուշ էր, կյանքից շատ շուտ հեռացավ մեր թատրոնի բացառիկ Նեզնամովը:

Երկրորդ դերակատարումը, որ ծայրահեղորեն հակառակ բնավորության ու խառնվածքի կերպար է, դա զինվոր Արութն էՙ Արշավիր Դարբնու «Երբ բացվում է մանուշակը» պիեսի բեմադրության մեջ: Պիեսը պատկերում է խորհրդային իշխանության հաստատման մի դրվագը Անդրկովկասում, 1920 թվականի գարնանը: Իրենց համ ու հոտով, կատարողական արվեստով ամենից շատ աչքի էին ընկնում ներկայացման գաղափարական գծին նպաստող Աթա ապերն ու Զառի Նանը, որոնց դերերը կատարում էին լենինականցիներին այնքան հարազատ Արզո Արզումանյանն ու Աստղիկ Երամյանը: Նրանցից հետ չէր մնում եւ Աղասի Բադալյանը: Բոլշեւիկ Ոսկանի տեղը գտնելու համար դաշնակների շտաբ են բերում նրա մորըՙ Զառի նանին: Շտաբ բերողը դաշնակների մոտ ծառայող, բոլշեւիկներին համակիր զինվոր Արութն է: Աղասին մի սիրած թեւավոր խոսք ուներՙ «մի տես ախպերդ ի՛նչ ա անելու»: Եվ եթե դերը սրտովն էր, դրության տերը լինելով, անսահման հնարամտություններ էր գտնում կերպարը բազմակողմանի հարստացնելու համար:

Ահա հրացանը ձեռքին Արութը շտաբ է բերում Զառի նանին: Վերջինիս հարցինՙ թե ինչո՞ւ են իրեն կանչել, Արութն ասում է թեՙ «ասում են շպիոն ես»: Աստղիկ Երամյանը, որ պակաս հումորով ու կոլորիտով դերասանուհի չէր, շպիոնը դարձնելով շիպոն, հարցնում է Արութին այդ բառի բացատրությունը: Արութը Զառի նանին մատչելի դարձնելու համար ասում էՙ այսինքնՙ խաբար տանող բերող: Զառի նանը կեղծ վիրավորվելով արդարանում է, թե ինքը խաբարբզան չէ: Հումորով, հույզերով լի այս երկխոսությունը մի հոյակապ ստեղծագործություն էր, որը մեծ բավականություն էր պատճառում հանդիսատեսին: Այնքան անկեղծ էր նրանց կատարումը, որ տեսարանը զավեշտի, առավել եւս գրոտեսկի չէր վերածվում:

1947 թվականին ուսման մեկնելով Երեւան, բնականաբար կտրվեցի Բաքվի թատրոնից: Երկու տարի անց թատրոնն էլ փակվեց ու դարձավ հուշ: Դրանից հետո Աղասի Բադալյանին տեսա 1965 թվականինՙ Լենինականի թատրոնի 100-ամյակի տոնակատարության օրերին, երբ նա արդեն հաստատուն խարիսխ էր ձգել մեր հանրապետության հինավուրց թատրոններից մեկում: Մի քանի առիթով տեսնվել ենք, հանդիպել: Իմ առջեւ արդեն հասունացած արվեստագետն էր, թատրոնի ամենօրյա հոգսերով կլանված մարդը: Նրա բեմական գործունեության հասուն շրջանը եւ բեղմնավոր տարիներն անցել են Լենինականի թատրոնում, լենինականցիների աչքի առջեւ:

Խորհելով Բաքվի հայկական թատրոնից Լենինականի թատրոն փոխադրված իմ ավագ ընկերների մասին, միշտ մի հարց է ծառացել իմ առաջ. այդ ինչպե՞ս մերվեցին նրանք այստեղ, ինչպես հարազատացան, սիրեցին ու սիրվեցին: Չգիտեմ որքանով է ճիշտ, բայց մի եզրակացության եմ եկել: Աստղիկ Երամյանի, Աղասի Բադալյանի, Արզո Արզումանյանիՙ Լենինականի թատրոնում հաստատուն տեղ գրավելը, լենինականցիների համակրանքին արժանանալը դերասանական իրենց անվիճելի ընդունակություններից բացի, ունեն հոգեհարազատ մի արժանիք, որը հատուկ է լենինականցիներին: Դա հումորի մեծ զգացումն է: Ում-ում, բայց մեղք է լենինականցիներին բացատրել, որ հումորով մարդիկ ազնիվ են, անկեղծ, սրտաբաց, մարդամոտ: Ահա հենց այդ մարդկային մեծ արժանիքներով էլ նրանք կարողացան ձուլվել լենինականցիների հետ եւ վայելել նրանց սերն ու հարգանքը:

Նկար 1. Աղասի Բադալյանը Մարկ Անտոնիոսի (Լ. Միքայելյանի «Արտավազդ Երկրորդ») դերում եւ ես: 1965, Լենինական

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 29-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ