ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇՈՐՇՈՓՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ Նաիր ՅԱՆ Գերմանացիների նոր սերունդն անտեղյակ է Հայոց ցեղասպանությանը: Գերմանիայի ավագ ու միջին սրենդի մտավորականները մասամբ իրազեկված են, բայց ոչ ավելին: Այդ երկիրն իր դպրոցական դասագրքերում երբեւէ չի հիշատակել, որ Քեմալական Թուրքիայի դաշնակիցն է եղել ու մասնակցություն ունեցել Արեւմտյան Հայաստանում հայերին բնաջնջելու, իրենց հայրենիքից զրկելու-տարհանելու ծրագրերին: Պատմական այս փաստերի մասին գերմանացիներն իմանում են այլ աղբյուրներից ու պատահականորեն: Էրդողանը հետեւողականորեն առաջնորդվում է ռազմավարական իր ծրագրով. անգամ Գերմանիայում ապրող թուրք երեխաները սովորում են Թուրքիայի դպրոցական ծրագրերով ու նույն դասագրքերով, որտեղ, իհարկե, ցեղասպանության մասին ոչինչ չկա գրված: Այսօրինակ «վահանով» Էրդողանն իր ազգակիցներին պաշտպանում է այլախոհությունից ու ձեւավորում թուրք քաղաքացուն. վերջինիս ու Թուրքիայում ապրող թուրքի տարբերությունը միյան բնակության վայրն է: Գերմանիայում թե Թուրքիայումՙ նրանք նույն մտածողությամբ ու հայացքներով պանթուրքիստ գաղափարակիրներն են: Գերմանացի բանաստեղծուհի, ուսուցչուհի Հայդե Ռիկը շատ պատահականորեն է իմացել Հայոց ցեղասպանության մասին: Պատմում է, որ 1980-ականներին Մարոկկոյից ու Թուրքիայից մեծ թվով թուրքեր են եկել ու հաստատվել Գերմանիայում: «Ինչպե՞ս վերաբերվել օտարերկրացիներին» թեմայով սեմինարից հետո մասնակիցները երկշաբաթյա այցով եղել են Թուրքիայումՙ Տրապիզոնում, Վանում, Դիարբեքիրում, Ուրֆայում եւ էլի մի շարք քաղաքաներում: Թուրք էքսկուրսավարը, զբոսաշրջիկներին ծանոթացնելով տեղանքին ու պատմությանը, շեշտել է, որ այդտեղ նախկինում հայեր են ապրել, որոնց մեծ մասին թուրքերը բնաջնջել են, մյուսներինՙ տարհանել: Հայդե Ռիկն իր հուշերը պատմելիս նորից է փշաքաղվում. «Մենք տեսանք հետաքրքրական ու յուրօրինակ մի երկիր, որտեղ անապատն ու կանաչ դաշտերը հաջորդում էին իրար: Պատկերացնել, որ այդ հրաշալի քաղաքաներում եղեռնագործություն է կատարվել, մարդիկ են մորթվել ու կոտորվել, իրենց հայրենիքից զրկվել, սարսափելի է: Մենք ապշել էինք, շոկի մեջ էինք մեր լսածից: Փաստորեն, նախորդ դարասկզբին ցեղասպանություն է եղել, որի մասին ոչ մեկս ոչինչ չգիտեինք: Դեռ թարմ էր Հոլոքոսթի ազդեցությունը, ու պարզվում է, որ դրանից առաջ թուրքերը ցեղասպանություն են իրականացրել հայերի նկատմամբ եւ ամեն կերպ կոծկել, թաքցրել: Շատ ամոթ է, որ թուրքերը չեն ընդունում իրենց ոճիրը, ամոթ է նաեւ, որ իմ երկիրըՙ Գերմիանիան եւս անտարբեր է այդ փաստի նկատմամբ ու չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը»: Հայդե Ռիկը պատմեց, որ շրջագայությունից հետոՙ երեկոյան, իրենք իրենց տեսել են թուրքական հեռուստատեսությամբ ու գլխի ընկել, որ փաստորեն, գաղտնի են նկարահանել: Բանաստեղծուհու վերջին տարիների գործունեությունը նվիրված է Մեծ եղեռնի միջազգային ճանաչմանը: Նա հանդիպումներ է կազմակերպում, որոնց մասնակցում են օտարազգիներ: Ապրիլի 24-ին Հայդե Ռիկը Չարենցից, Քուչակից բանաստեղծություններ է ընթերցել: Միջոցառման ժամանակ մի թուրք ոտքի է կանգնել ու փորձել տապալել ցերեկույթը: Բանաստեղծուհին պատմում է, որ նման դեպքեր հաճախ են լինում: Միշտ էլ հայտնվում են թուրքեր, որոնք վիճաբանություն են սկսում, կոչ անում չմասնակցել հայերին ու հայ մշակույթին նվիրված միջոցառումներին, չհիշատակել Ցեղասպանության մասին, ներել ու մոռանալ ամեն ինչ: Բայց կան թուրք մտավորականներ, որոնք ընդունում են եղելությունն ու դատապարտում: Հայդե Ռիկը ծանոթացել է մի թուրք գրողի հետ, որը Հայոց ցեղասպանության մասին վեպ է գրում: Նա ասել է, որ իր պապն էլ է մասնակցել հայկական ջարդերին: Բանաստեղծուհին հայերի մասին դեռ մանուկ ժամանակ իր մորից է լսել: «Հայերը առանձնահատուկ ժողովուրդ են, հրաշալի ճարտարապետություն, մշակույթ ունեն»,-պատմել է մայրը: Հայդե Ռիկը ցանկություն է հայտնել հայկական պոեզիա թարգմանել: «Հայ ակադեմիական միությունն» օգնել է նրան ու ծանոթացրել բանաստեղծուհի, ուսուցչուհի Ագապի Մկրտչյանի հետ, որը 1980-ականներին Հայաստանից տեղափոխվել ու հաստատվել է Գերմանիայում: Նրանց համատեղ աշխատանքի արդյունքում Պարույր Սեւակից 17 բանաստեղծություն է թարգմանվել գերմաներեն: Հայդե Ռիկը տպավորված է Սեւակի պոեզիայով ու մեծ ցանկություն ունի թարգմանել նաեւ «Անլռելի զանգակատուն» պոեմը: Գերմանուհին ցանկություն է հայտնել տեսնել Հայաստանը: Ագապի Մկրտչյանն իրագործել է նրա երազանքը. նրանք ամռան մեկ ամիսը միասին անց են կացրել Երեւանում: Հանդիպել են Հայաստանի Գրողների միության նախագահին ու պայմանավորվածություն ձեռք բերել ժամանակակից պոետներից 10 բանաստեծություն թարգմանել գերմաներեն: Ագապի Մկրտչյանը բանաստեղծություններից բացի, նաեւ արձակ գործեր ունի: Նա մշտապես անդրադառնում է Հայկական հարցին: Իր գրվածքներով փորձում է իրազեկել գերմնախոս ընթերցողին Հայոց ցեղասպանության մասին, ծանոթացնում Հայաստանի պատմությանն ու մշակույթին: Նա միջոցառումներ ու հանդիպումներ է նախաձեռնում, որոնց եւս գերմանաբնակ թուրքերը դժկամությամբ են վերաբերվում: Վիսպադեն քաղաքի դպրոցում է աշխատում. գերմաներեն է դասավանդում: Սա զարմանալի երեւույթ է, որովհետեւ Գերմանիայում, այն էլ գերմաներենի ուսուցիչ լինելու համար շատ բարձր չափանիշներ են գործում: «Գերմանուհիներ կային, որ ինձ հետ մասնակցում էին քննությանը: Զարմանալի է. նրանք չանցան, իսկ ես անցա: Գերմանիայում ուսուցչուհի լինելը շատ դժվարին, պատասխանատու եւ հեղինակավոր մասնագիտություն է: Դասալսումներից մեկի ժամանակ իմ թուրք աշակերտներից մեկը «փրկեց» ինձ: Ես դասարանում նկարներ էի ցույց տալիս. ցույց տվեցի նաեւ մի սար: Բոլորը լռեցին, որովհետեւ պատասխանը չգիտեին. մոռացել էի, որ այդ սարի մասին նրանց ոչինչ չէի ասել: Անհարմար դրության մեջ հայտնվեցի. համարյա տապալված էի: Մեկ էլ թուրք աշակերտս ոտքի կանգնեց ու ասացՙ սա Արարատն է: Ես հանգիստ շունչ քաշեցի. դասս անցավ առանց սայթաքումների»: Տիկին Ագապին հիշեց մի ուրիշ դեպք, երբ վատ սովորելու համար նկատողություն է արել թուրք աշակերտուհուն, իսկ նրա մայրը բողոքել է դպրոցի տնօրենին, թե հայ ուսուցչուհին թշնամաբար է տրամադրված իր աղջկա նկատմամբ միայն այն պատճառով, որ նա թուրք է: Տնօրենը ամոթանք է տվել թրքուհուն ու ստիպել ներողություն խնդրել ուսուցչուհուց: Հաջորդ օրը թուրք աշակարտուհին, ինչպես ասում են, կակղած եկել է դասի: |