ՀԱՐԿԱԴԻՐ «ԱՐՁԱԿՈՒՐԴ» Կամքից անկախ պատճառներով ձգձգվեց մեր թերթի ամանորյա «արձակուրդը»: Պատճառըՙ հարկային իսկապես ծանր պարտավորությունները նյութական համապատասխան միջոցների չգոյության պատճառով համարժեք չկատարելու համար դեռեւս հունիս ամսին «Ազգի» դեմ վարչական դատարանում գործ է հարուցված եղել պետեկամուտների կոմիտեի կողմից: Վարչական դատարանը, արդեն հուլիս ամսին, առանց թերթին պատշաճ կերպով ծանուցելու, այսինքն պատասխանող կողմի բացակայության պայմաններում, նյութական միջոցների բռնագանձման վճիռ է կայացրել թերթի դեմ եւ այն հանձնարարել է, բնականաբար, ԴԱՀԿ ծառայությանը: Իսկ վերջինս, նույնպես առանց պատշաճորեն նախազգուշացնելու, դեկտեմբերի 21-ին կալանք է դրել դրամատնային մեր հաշիվների վրա, փաստորեն անդամալուծելով թերթի գործունեությունը, թերթին զրկելով իր բաժանորդների, ընդհանրապես ընթերցողների եւ պայմանագրային գործընկերների նկատմամբ պարտականությունները կատարելու հնարավորությունից: Ստեղծված ծանր պայմաններում, ամանորյա տոների նախօրեին գումարվեց «Ազգ օրաթերթ» ՍՊԸ-ի բաժնետերերի խորհրդի արտահերթ նիստ, որը որոշեցՙ ա) մշակել եւ իրականացնել թերթի ծախսերի խնայողական ծրագիր, բ) նյութական օժանդակության խնդրանքով կրկին դիմել մեր բարերարՙ Ռուսաստանի հայերի միության եւ Հայկական համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին, գ) վարչական վերաքննիչ բողոք հարուցելՙ առանց համապատասխան ծանուցագիր ներկայացնելու (ծանուցագիրն իբրեւ ներկայացվել է թերթի տնօրենի բնակությանՙ այն էլ նախկին հասցեով, մինչդեռ «Ազգը» 22 տարի անընդհատ գործում է իրավաբանական եւ գործունեության նույն եւ նույնական հասցեում) ԴԱՀԿ-ին կալանքի հանձնարարական տալու եւ դրանով իսկ թերթի գործունեությունը խափանելու համար: Նույնհետայն, թերթի տնօրենությունը ձեռնարկեց բաժնետերերի խորհրդի որոշումների կատարումըՙ խնայողական ծրագիր մշակվեց ու գործադրության դրվեց, դիմում կատարվեց բարերար Արա Աբրահամյանին, որը, գոհունակությամբ ընդգծենք, բաժնետիրոջ միջոցով ներդրում կատարեց հարկային մասով պարտքերի վճարման համար, եւ, երրորդ, փորձառու փաստաբան տկն Անահիտ Սարդարյանին լիազորեց վերաքննիչ բողոք ներկայացնելՙ թերթին հասցված նյութական ու բարոյական վնասների վերականգնման պահանջով: Մենք դատարան-հարկադիր այդ պրոցեսին ու զանցառությանը այսքան երկար չէինք անդրադառնա, եթե այսքան փնթի ու անհոգի չլիներ դատարանի վերաբերմունքը: Փոխանակ ստուգելու պատասխանող կողմի բացակայության պատճառը, դատարանը, փաստորեն, շարժվել է «հուպ տուրՙ թող գնա» սկզբունքով: Եվ եթե նույն դատարանն այսպես է վարվում անկախ Հայաստանի հնագույն թերթերից մեկի նկատմամբ, ապա ինչպես կվարվի սովորական, շարքային քաղաքացու նկատմամբ, որն առանց այդ էլ, իրավամբ, վստահություն չունի մեր դատարանների արդարամտության նկատմամբ: *** Համենայն դեպս, սիրելի ընթերցող, այսօրվանից մենք վերադառնում ենք քեզ հետ մեր ամենօրյա հանդիպումներինՙ կարոտով ու պատասխանատվության զգացումով: Շնորհակալություն ենք հայտնում հարկադիր մեր «արձակուրդի» ընթացքում մեզ հետ տագնապած ընթերցողներին ու գործընկերներին: Ինչ վերաբերում է այն մեկ-երկու լրատվամիջոցներին, որոնք մեզ հետ կապ պահելու փոխարենչարախնդորեն գուժեցին թերթի «փակվելը», ամեն ինչ թողնում ենք նրանց խղճին, անշուշտ եթե ունեն... *** Ավելացնենք նաեւ, որ մեր ակամա «բացակայության» ընթացքում մեզ հետ պատահեցին նաեւ լավ բաներ. մեր լրագրողներից երկուսը պարգեւատրվեցին իրենց լավ աշխատանքի համարՙ Արա Մարտիրոսյանն արժանացավ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհած անվանական ժամացույցին, իսկ Հասմիկ Հարությունյանըՙ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Գարեգին Նժդեհ» մեդալին: |