RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013



Տեղադրվել է` 2013-01-22 00:38:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 6321, Տպվել է` 121, Ուղարկվել է էլ.փոստով` 101

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՅՆՔԱՆ ՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼ, ՈՐՔԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Արդար Հայաստան նշանակում է երկիր, որտեղ գերիշխում է միայն ու միայն օրենքի ուժը, այլ ոչ թե ուժի օրենքը: Ոչ մի բան չի կարող մարդկանց այնքան հիասթափեցնել, որքան արդարության բացակայությունը: Իսկ մենք մարդկանց հիասթափեցնելու իրավունք չունենք, որովհետեւ այդքան շատ մարդկային ռեսուրս չունենք, որ դրանք վատնենք կամ մսխենք: Մենք պետք է հստակ գիտակցենք, որ հիասթափությունը եւ հուսալքությունը հաղթահարած յուրաքանչյուր մարդ լինելու է վստահ իր վաղվա օրվա հանդեպ, նա իր այդ վստահությունը փոխանցելու է իր բարեկամներին, մերձավորներին, հարազատներին, ընկերներին»:

Սա ասել է Հայաստանի նախագահ, Հայաստանի նախագահի թեկնածու, ՀՀԿ նախագահ ՍերԺ Սարգսյանը երեկ, նախագահական ընտրությունների քարոզարշավն սկսելով Ավանի ընտրողների հետ հանդիպելով եւ Ավանի մշակույթի պալատում ավանցիների հարցերին պատասխանելով: Նրա խոսքի շեշտադրումները առանց երկմտելու կարող էր օգտագործել յուրաքանչյուր ընդդիմադիր թեկնածու, այնքան, որ նա չէր խուսափում իրականության ճիշտ պատկերն իր խոսքի մեջ ներդնելուց: Նա ասում էր, որ պետք է միավորել ջանքերըՙ մերժելու համար զոռբայությունը եւ այն պարզապես հանձնել պատմության դասագրքերին. «Այդ երեւույթի հանդեպ միակ արդյունավետ զսպաշապիկը օրենքն է: Եթե մեկը փորձում է զոռբայությամբ իր իշխանությունը պարտադրել, ապա մարդիկ պետք է օրենքի ուժով միավորվեն` դիմադրելու եւ օրենքի ուժը կիրառելու կարողություն ունենան»:

Նախագահի թեկնածուն ասում էր, թե «Ճիշտ է ուժեղը» բանաձեւն ուղղակի չպետք է այլեւս աշխատի: Չգիտեմ, սա հասկացա՞ն դահլիճում ներկա ուժեղները, թե ոչ, բայց նախագահը պնդեց, որ պետք է ամրապնդենք մի իրականություն, որտեղ ուղղակի ամոթ է ուժի դիրքերից հանդես եկողի բարեհաճությունն ընդունելը կամ նրա բարեհաճությանը հանձնվելը. «Զոռբայի հանցավոր գործունեությունը կանխելն ու արգելելն առաջին հերթին ոստիկանի ուղղակի պարտականությունն են: Այո, ոստիկաններն էլ են կարող կարգազանց լինել, ինչպես բոլոր մարդիկ, բայց նմանների դեմն էլ մենք պիտի կարողանանք առնել: Ոչ միայն պետք է կարողանանք, այլ նաեւ առնում ենք: Պատժել եւ պատժելու ենք նրանց օրենքով, օրենքի ողջ խստությամբ: Շերտ առ շերտ ոստիկանությունն էլ գտնելու է ինքնամաքրման իր վերջնական ձեւը, եւ իրենք էլ են մաքրվելու այն մարդկանցից, ովքեր արատավորում են այդ համազգեստը, ովքեր արատավորում են համակարգը»: Սերժ Սարգսյանը նաեւ անդրադարձավ դատական համակարգը փոխելուն` նշելով, որ առաջիկա 5 տարիներին դատական համակարգի զարգացումը եւս լինելու է իշխանության ուշադրության կենտրոնում. «Արդար դատարանի եւ դրա հասարակական ընկալման ձեւավորում. վերջին երեք տարիների ընթացքում լրջորեն առաջ ենք շարժվել այս ուղղությամբ, բայց ինչպես ասացի` դեռեւս շատ-շատ անելիքներ կան. դատավորներն էլ մեզ նման մարդիկ են, նրանք էլ ունեն արատներ, գայթակղություններ, բարեկամ-ծանոթներ, հարեւաններ: Եվ վերջապես նրանց մեջ էլ կան վատ մարդիկ»: Ասաց, որ հասկանում է, թե բոլորի ցանկությունն է` կարճ լինի արատները հաղթահարելու ժամանակը, ու միգուցե ամենաշատն ինքն է ցանկանում, բայց միայն ցանկությունը քիչ է. «Շատերին է թվում, թե Հայաստանի նախագահը կարող է ամեն խնդիր լուծել: Հավատացեք, որ այդպես չէ, անհրաժեշտ են պայմաններ եւ նախադրյալներ: Եթե դրանք չկան, ապա նույնիսկ ընդունված ամենաճիշտ որոշումը կարող է արդյունավետ չլինել, եւ ընդհակառակը, վնաս հասցնել: Այնպես որ մեր ջանքերը մենք պետք է կենտրոնացնենք հնարավորինս արագ համապատասխան նախադրյալներ եւ պայմաններ ստեղծելու համար, ընդունել ճիշտ որոշումներ եւ դրանք հասարակության աջակցությամբ իրականացնել»:

Սերժ Սարդգսյանը պատասխանեց ավանցի ընտրողների` գիտության ֆինանսավորման, ղարաբաղյան հիմնախնդրի, հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հարցերին. «Եթե թուրքերը չվավերացնեն արձանագրությունները, մեր ժամկետն անսահմանափակ չէ, մենք կարող ենք ուղղակի վերանայել մեր որոշումը եւ Ազգային ժողովի օրակարգից հանել այս հարցը` ասելով, որ արձանագրությունների տակ դրված մեր ստորագրությունն այլեւս անվավեր է: Ինչո՞ւ, որովհետեւ ամեն ինչ ունի իր ժամանակը, իր ժամկետները. եթե այդ պայմաններով պատրաստ չեն ստորագրելու փաստաթուղթ, ապա հետագայում եթե նրանք ցանկանան, նոր բանակցություններ կլինեն եւ նոր պայմաններ կլինեն: Դրանով հանդերձ ես չեմ ափսոսում այն ջանքերի ու ժամանակի համար, որ մենք ներդրեցինք այդ նախաձեռնության մեջ», ասաց Ս. Սարգսյանը` նշելով, որ առկա արձանագրությունները չնայած մեր երազած փաստաթուղթը չեն, բայց չեն վտանգում մեր ազգային անվտանգությունը:

Հարց հնչեց ԼՂՀ ճանաչման նպատակահարմարության մասին: Ի պատասխան նախագահի թեկնածուն նկատեց, թե ինքը կողմնակից չէ, որ վաղը Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, որովհետեւ դա կնշանակի ասել, թե այլեւս բանակցությունների չենք ուզում մասնակցել եւ պետք է պատրաստ լինենք ռազմական գործողությունների: Իսկ պատերազմը Հայաստանի շահերից չի բխում, ղարաբաղյան խնդիրը բանակցային ճանապարհով պետք է լուծվի:

Հանդիպմանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ավանի թաղապետը, Ավանից նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ներկա պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ