ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՄԱՍԻՆ ՎԱԼԵՐԻ ՄԱՐԿԱՐՅԱՆ Օրերս ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ մեկնարկել են «Հայաստանի հարավային երկաթուղի» եւ «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերը: Խոսքն այն մասին է, որ Հայաստանի երկաթգիծը կմիանա Իրանի երկաթգծի ցանցին, եւ դա կունենա մեզ համար շատ դրական հեռանկար: Ելույթներում կառավարության ներկայացուցիչներից մեկը (չեմ հիշումՙ ով) նշեց, որ եթե նաեւ բացվի Աբխազիայի երկաթգիծը, ապա Հայաստանը կդառնա հյուսիս-հարավ (Ռուսաստան-Աբխազիա-Վրաստան-Հայաստան-Իրան-արաբական աշխարհ եւ Ասիա) ամենակարճ եւ համապատասխանաբար ամենաշահավետ միջանցքը: Իհարկե, բոլոր հայերը ուրախ են նման հեռանկարի համար եւ ցանկանում են, որ լինի ճիշտ այնպես, ինչպես ուզում է մեր իսկ կառավարությունը: Սակայն հանրությանը ցանկանում եմ տեղեկացնել որոշ հարցերի մասին, որոնք կարող են էականորեն փոխել այս հեռանկարների ապագան: Խորհրդային ժամանակներում Աբխազիայի երկաթգիծը օգտագործվում էր հիմնականում մարդատար գնացքների համար, քանի որ այդ հանրապետության երկաթգծի տեխնիկական հնարավորությունները սահմանափակված էին: Այնտեղ արգելվում էր ծանր բեռների տեղափոխում, քանի որ ճանապարհը կառուցված էր ոչ ցանկալի ամրություն ունեցող հենքի (գրունտի) վրա: Դա այդ տարածաշրջանի լեռնային կառուցվածքից է: Այդ պատճառով արդյունաբերական նշանակության բեռների գրեթե ամբողջ քանակը դեպի Հայաստան ուղղվում էր Մախաչկալա-Բաքու-Նախիջեւան-Հայաստան գծով: Նույնիսկ Թբիլիսի-Ալավերդի-Լենինական ճանապարհը թույլ չէր տալիս ապահովել արդյունաբերական բեռների հիմնական քանակի տեղափոխում: Ստացվում է, որ եթե գործարկվի Ռուսաստան-Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթգիծը, ապա Աբխազիայի եւ Լոռու երկաթգծի հնարավորությունները թույլ չեն տա այդ ճանապարհը լավագույնս օգտագործել Հայաստանի տնտեսության լիակատար վերածնունդը ապահովելու համար, էլ չեմ ասում, որ էական քանակի բեռներ տեղափոխելը Հայաստանի միջանցքով դեպի Իրան դառնում է խիստ կասկածելի: Մարդատար գնացքներ անշուշտ կարելի կլինի աշխատեցնել: Ինչպես եւ սահմանափակ քանակի արդյունաբերական նշանակության բեռներ: Ուսումնասիրությունները կտան այս ամենի մասին անհրաժեշտ պատկերացումներ: Իսկ իմ կարծիքովՙ Հայաստանը արդյունաբերական նշանակության երկաթգծի հարցում ունի միայն 2 տարբերակՙ դա Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ճանապարհն է եւ կամ Գյումրի-Կարս ճանապարհը: Ուրիշ այլընտրանք կարծես թե չունենք, ցավոք: Ամեն դեպքում ուզում եմ նշել, որ եթե բացվի Աբխազիայի միջանցքը, ապա նույնիսկ սահմանափակումների պարագայում մեր հանրապետության տնտեսությունը կստանա նոր առաջընթացի լուրջ խթան: |