ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Առանձնապես շատ բան էլ չկա անելու, մանավանդ ամեն շարժում չէ, որ գործողություն է: Կարելի էր, անշուշտ, կուտակած միջոցներից, բարեկամ-հարազատ-ընկերներից հավաքել 8 մլն դրամ ու առաջադրվել նախագահի թեկնածու: Ծրագիր կազմել (եթե այն կարեւոր է), մարտավարություն մշակել, հացադուլ անել` Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց կամ առաջադրվել ու կոչ անել բոլորին` հանել թեկնածությունները, կարելի է նաեւ հանել տան հին բազմոցի միջից որսորդական հրացանն ու մեկնել սահման, կանգնել հայ զինվորի կողքին ու ասել նրան. «Ես կողքիդ եմ, մի վախեցիր»: Կարելի է վերջապես ինքնաթիռի տոմս գնել ու հեռանալ երկրից կամ էլ անժամկետ հացադուլ անել, եթե նպատակին չհասնենք, գոնե հանրաճանաչություն ձեռք կբերենք... Կարելի է անգամ նստել տանը, անգամ հունվարի 27-ին, երբ «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Հայրենիք ստեղծելով. Գարեգին Նժդեհ» ֆիլմը, որին ներկա կլինի հանրապետական ողջ էլիտան, եւ կարելի է անգամ տանը նստել փետրվարի 18-ին, երբ շատերը կգնան ընտրական տեղամասեր, որպեսզի քվեաթերթիկները քվեատուփերը նետեն` մեծ վստահությամբ, գուցե փափագով, թե ընտրություն են անում: Թերեւս այսքան բան, հաստատ կարելի է անել, գոնե այս օրերին... Բայց ինչ-որ բան անելուց առաջ հարկ է մտածել, ոչ թե քայլի կարելիության մասին (ըստ էության, ամեն բան էլ կարելի է), այլՙ անհրաժեշտության, «պետք»-ի: Օրինակ, ով հացադուլ է անում, երբեւէ մտածո՞ւմ է, թե դա ո՞ւմ է պետք: Թեկնածու Անդրեաս Ղուկասյանն, օրինակ, երեկվանից Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց հացադուլի մատնվելով, հայտարարել է, թե կդադարի այն, «երբ միջազգային դիտորդները մեր երկրից հեռանան»: Ի՞նչ է, Ղուկասյանը նրա՞նց ուշադրությունը գրավելու համար է հացադուլ անում բացառապես, կարծում է, թե իր հացադուլը եվրոպացիների համար կարեւո՞ր է, եթե այո, ապա մի՞թե թեկնածու Ղուկասյանը կարծում է, թե եվրոպացիների համար իր հայտարարած հացադուլն ավելի կարեւոր է, քան հայաստանցիների, ՀՀ քաղաքացու, իր ընտրողի, ում աջակցության ու ձայնի կարիքը նա ունի... Կամ ինչո՞ւ է Հրաչ Քեշիշյանն իր ֆիլմն անվանել «Հայրենիք ստեղծելով. Գարեգին Նժդեհ»: Եթե սա լիներ պարզապես ֆիլմ, ապա, իհարկե, յուրաքանչյուր ռեժիսոր կարող է իր ֆիլմն անվանել այնպես, ինչպես ինքն է ցանկանում, բայց սա պարզապես ֆիլմ չէ, սա ամեն ինչից զատ, նաեւ պետական քաղաքականութուն է, գոնե դրա` արտահայտման փորձ, հետեւաբար, այստեղ ամեն մանրուք պետք է (ոչ թե կարելի է) հաշվի առնել: Տպավորություն է առաջանում, որ Գարեգին Նժդեհն է մեր հայրենիքը ստեղծել կամ Նժդեհը նոր հայրենիք է ստեղծել, մինչդեռ հիրավի հերոս Նժդեհը ծնվել է արդեն իսկ ստեղծված հայրենիքում, ու եթե նրան է վերագրվում «հայրենիք ստեղծելը», ապա չե՞ն ստորադասվում արդյոք նախանժդեհյան մեր բազմաթիվ հերոսները: Զուգահեռը գուցե տեղին չէ, բայց անցյալ տարի Բաքվում կայացավ վրացի «մտավորականի» գրքի շնորհանդեսը` «Հայերը` Հայաստանը որոնելիս»: Գրքում հեղինակը պատմում է, որ հայերը տարածաշրջանի հյուրերն են, որ մեր պատմությունը սկսվում է հենց նժդեհյան ժամանակներից, եւ որ «նրանք դեռ շարունակում են փնտրել իրենց հայրենիքը...»: Սա, իհարկե, իմիջիայլոց: Բայց այս ամենըՙ մի կողմ, հիմա մենք ի՞նչ պետք է անենք... Իսկ եթե աշխատե՞նք, ամեն մեկս մեր տեղում, ասենք, վարորդը երաժշտություն չգրի, կոմպոզիտորն էլ վարորդ չդառնա, բակի տղաները Դեդ Հասանից չխոսեն, պատերազմ չիմացողն էլ պատերազմ չկանխատեսի, այն չմեկնաբանի, ծերերն իրենց անհրաժեշտ զգան, երիտասարդները` պահանջված...Գուցե իրոք ամեն մեկս մնանք մեր տեղում, որպեսզի ամեն բան ընկնի իր տեղը, եւ ամեն ոք ունենա աճելու հնարավորություն: Իհարկե երբեք այսպես չի եղել ու երբեք այսպես չի լինելու, պարզապես հարցրեցինք, ու պատասխանեցինք, թե հիմա ի՞նչ անենք... |