«ԳԱՆՁԱՍԱՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ Կապանի «Գանձասարն» իր առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Թուրքիայի Բելեկ քաղաքում, որտեղ ուղեւորվեց երեկ առավոտյան: Սեւադա Արզումանյանի գլխավորությամբ պարապմունքներին կմասնակցի 21 ֆուտբոլիստ: Ձմռան նախապատրաստական շրջանում «Գանձասարը» համալրել է կազմը: Բացի Արտակ Դաշյանից, թիմին են միացել նաեւ «Միկայի» հարձակվող Նարեկ Բեգլարյանը, նախկին ուլիսցի Սամվել Մելքոնյանը, լեգեոնական Ուլիան Պոտկերը: Ներկայումս թիմում փորձաշրջան է անցնում դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: Իսկ ահա թիմի մյուս դարպասապահ Գեւորգ Պրազյանը չի մասնակցի առաջին հավաքին, քանի որ վերջերս է վիրահատվել: Մինչեւ Թուրքիա մեկնելը, «Գանձասարն» Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ստուգողական հանդիպում անցկացրեց առաջնության առաջատար «Շիրակի» հետ: Խաղն ավարտվեց շիրակցիների 2-0 հաշվով հաղթանակով: Հաշիվը բացեց Անդրանիկ Բարիկյանը, իսկ 2-րդ գոլը 11 մ հարվածով խփեց Կարեն Ալեքսանյանը: |