«ԴՈՒԲԼՅՈՐՆ» ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ «Enjoy movies» եւ «AP cinema» կինոընկերությունները ներկայացնում են եւս մեկ ֆիլմ` «Դուբլյոր», որն ի դեպ տարբեր սոցիալական ցանցերում բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել: Կոմեդիան արդեն կինոթատրոնների էկրաններին է հայտնվել: Ֆիլմի գլխավոր դերակատարն է Ալեքսանդր Ռեւան, որը մարմնավորել է ֆիլմի գլխավոր երեք կերպարները` շոու-բիզնեսի աստղ Իգոր Ուսպենսկու, հասարակ մերսող Սեւա Վասիլկովի եւ հանրաճանաչ երգիչ, շանսոնյե Միխայիլ Ստասովի: Ա. Ռեւան ներկայանում է պլաստիկ գրիմով, որը նրան անճանաչելի է դարձնում: Միխայել Ստասովի դերում պրոդյուսերները նախատեսել էին այլ դերասանի, նկատելով, որ 3 կերպարների մարմնավորումը մեկ դերասանի ուժերից վեր է: Սակայն առաջին իսկ բանակցություններից Ալեքսանդրը այնպես էր ոգեւորվել ֆիլմի գաղափարով, որ համոզել է ֆիլմի պրոդյուսերներին երեք դերերն էլ իրեն վստահել: Ֆիլմում խաղում են նաեւ` Կրիստինա Ասմուսը, Դմիտրի Խրուստալեւը, Քսենիա Բուռավսկայան եւ այլք: Հաջողակ դերասան, շոու-բիզնեսի աստղ Իգոր Ուսպենսկին պատմության գլխավոր հերոսն է, որի կյանքն ընթանում է բուռն` շնորհանդեսներ, համերգներ, նկարահանումներ, հարցազրույցներ, կորպորատիվ միջոցառումներ եւ այլն: Իգորի հմայիչ կինն ու հիանալի աղջիկը նրան տեսնում էին միայն ուշ երեկոյան, երբ նա գալիս էր տուն, որպեսզի գոնե մի քանի ժամ քներ: Նա օր ու գիշեր աշխատում էր` չունենալով ոչ մի ազատ օր: Բայց ջանքերը զուր չէին: Հանրահայտ Իգորը մի օր որոշում է իր թեկնածությունը առաջադրել «Տարվա մարդ» անվանակարգում, սակայն իրեն ժամանակ էր հարկավոր, որպեսզի հաղթեր գլխավոր մրցակցին` երգիչ Միխայիլ Ստասովին, որի հիթերը խելքահան են արել Ռուսաստանի շատ կանանց: Իսկ մերձմոսկովյան քաղաքում ապրող Սեւան շատ նման էր Իգոր Ուսպենսկուն: Սեւան աշխատում է գեղեցկության սրահում` որպես մերսող եւ իր կյանքից գոհ ապրում է շան` Սերգեյ Վալերեւիչի հետ: Մի անգամ գեղեցկության սրահի տնօրենը Սեւային համոզում է նկարահանվել գովազդային հոլովակում, որտեղ հենց ինքը Իգոր Ուսպենսկին մերսում է սրահի հաճախորդին: Հոլովակը հայտնվեց ինտերնետում եւ ահա այդպես Ուսպենսկին տեղեկացավ իր նմանակի մասին: Հասկանալով, որ ժամանակը չի հերիքում, Ուսպենսկին Սեւաին առաջարկում է դառնալ իրեն փոխարինող (դուբլյոր): Դրա համար անհրաժեշտ է այցելել մի քանի կորպորատիվ եւ բարձրաշխարհիկ միջոցառումներիՙ Իգոր Ուսպենկու կերպարով: Սեւան ընդունում է առաջարկը եւ... հայտնվում է իրեն անծանոթ շոու-բիզնեսի աշխարհում, որտեղ նրան սպասում էին անհավատալի արկածներ... Ֆիլմի պրոդյուսերներն են Վալերի Սահարյանը, Վլադիմիր Պոլյակովը, Գեորգի Մալկովը, Սարիկ Անդրեասյանը, Ղեւոնդ Անդրեասյանը, Ալեքսանդր Ռեւան, իսկ ռեժիսորն է` Եվգենի Աբիզովը: Ֆիլմի բյուջեն կազմում է 2 միլիոն դոլար: |