RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-01-22 00:38:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2995, Տպվել է` 142, Ուղարկվել է էլ.փոստով` 98

ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆՇԱՆԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ-ԳԻՏՆԱԿԱՆԸ

Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս
Յու. ՇՈՒՔՈՒՐՅԱՆ, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս
Ն. ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական եւ տեխնիկական գիտ. բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար

Լրացավ հաշվողական տեխնիկայի եւ կառավարման համակարգերի բնագավառի ականավոր գիտնական եւ ճարտարագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Թագվորի Քուչուկյանի ծննդյան 80-ամյակը: Մեծ է Ա. Քուչուկյանի ավանդը Հայաստանում հաշվողական տեխնիկայի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ կոմպյուտերագիտության զարգացման գործում:

Արման Քուչուկյանը ծնվել է 1932թ. դեկտեմբերի 11-ին Սոֆիայում (Բուլղարիա), որտեղից 1946թ. նրա ընտանիքը հայրենադարձվեց Հայաստան: 1957թ. ավարտելով ԵՊՀ ֆիզ-մաթ. ֆակուլտետը, Ա. Քուչուկյանը աշխատանքի ընդունվեց Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ անցավ երկար ճանապարհ` տեխնիկից մինչեւ ինստիտուտի գլխավոր ինժեներ: 1971 թվից մինչեւ այժմ նա կարեւորագույն մշակումների գլխավոր կոնստրուկտորն է:

Ա. Քուչուկյանի ղեկավարությամբ կատարված առաջին աշխատանքը «Մարշրուտ-1» հաշվիչ համալիրն էր (1972թ.), որը մեծ ճանաչում գտավ, արժանացավ ՀՍՍՀ պետական մրցանակի (1974թ.) եւ շահագործվեց Մոսկվայի երկաթուղային հանգույցում: Նման համակարգի նախագծման հիմնավորումը եւ տեսական ընդհանրացումը հիմք հանդիսացան Ա. Քուչուկյանի դոկտորական ատենախոսության թեզի համար (1979թ.):

70-ական թթ. սկզբներին հայ մասնագետները Ա. Քուչուկյանի ղեկավարությամբ սկսեցին EC-1030 համալիրի մշակումը, որն աննախընթաց քայլ էր հայրենական հաշվիչ մեքենաների ստեղծման գործում, դարձնելով Ա. Քուչուկյանին ՀՍՍՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր:

Այդ տարիներին ինստիտուտը ձեռնամուխ եղավ միջին արտադրողականության Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (ԷՀՄ) նախագծմանը, որոնք համատեղելի էին IBM 360, 370, 4300 ընտանիքների ԷՀՄ- ների հետ: Ա. Քուչուկյանի ղեկավարությամբ 1974-79 թթ. ստեղծվեց երկրորդ EC-1045, իսկ այնուհետեւ, 1981-84 թթ. նաեւ EC-1046 ԷՀՄ-ները: 1983թ.-ից նրա ղեկավարությամբ նախագծվեցին EC-1077 եւ EC-1170 ԷՀՄ-ների եւ երկ-երեք մեքենայական BK-2M-45, BK-2M-46, BK-3M-45, -46 եւ երկրպրոցեսորային -2-45, -2-46 համալիրները, օժտված բարձր արտադրողականությամբ եւ խափանումների նկատմամբ բարձր կայունությամբ: Ակադեմիկոս Անատոլի Դորոդնիցինի կարծիքով` դրանք ամենաարտադրողական եւ հուսալի համալիրներն էին միասնական մեքենաների ընտանիքում:

Ա. Քուչուկյանի ղեկավարությամբ մշակվեց եւ արտադրվեց ԽՍՀՄ եզակի EC-2345 մատրիցային պրոցեսորը, որը ավելի քան 100 անգամ բարձրացնում էր ինստիտուտի ԷՀՄ-ների արտադրողականությունը որոշ դասի խիստ կարեւոր խնդիրների լուծման ժամանակ:

Վերը նշված բազմամյա գործունեության ընթացքում ի հայտ եկավ Ա. Քուչուկյանի գիտական, ճարտարագիտական եւ կազմակերպչական մեծ տաղանդը: Ղեկավարելով մասնագետների մեծ կոլեկտիվ եւ լինելով հմուտ գլխավոր ճարտարագետ` նա հասցնում էր զարգացնել եւ ներդնել նոր մոտեցումներ եւ մտահաղացումներ, դաստիարակել մասնագետների նոր սերունդ: Իր բացառիկ խստապահանջկոտությամբ, համբերատարությամբ եւ հեռանկարային մտածողությամբ նա կարողացավ ստեղծել լավագույն հաշվողական համակարգերը` ներմուծելով յուրաքանչյուր մշակման մեջ նորագույն մոտեցումներ: Նրա տպագրած գրքերը եւ հոդվածները ստացան լայն տարածում:

EC շարքի ԵրՄՄԳՀԻ մշակումներն ունեցան մեծ նշանակություն գիտության եւ տեխնիկայի զարգացման համար ինչպես ինստիտուտում, այնպես էլ գործարաններում (ԵրՄՄԳՀԻ փորձարարական, «Էլեկտրոն», Կազանի «ԷՀՄ», Վիննիցայի Ռադիոտեխնիկական): Պետք է նշել, որ ԽՍՀՄ-ում EC շարքի արտադրված ԷՀՄ-ների 40 տոկոսը հանդիսանում էին ԵրՄՄԳՀԻ մշակումները: Նրանք ցուցադրվել են բազմաթիվ ցուցահանդեսներում եւ արժանացել բարձր գնահատականի:

EC շարքի գիտական հիմքերի եւ նոր տեխնիկական լուծումների ստեղծման համար, որոնք դրվել են EC մշտական հիմքում, դրանց արտադրման արդյունաբերական հենքը ստեղծելու եւ տնտեսության մեջ ներդնելու համար Ա. Քուչուկյանին 1983թ. շնորհվեց Լենինյան մրցանակ հեղինակային խմբի կազմում: EC գծով մշակումներում մասնակցում էին շուրջ 800 գիտա-ինժեներական մասնագետներ, որոնք ԵՊՀ եւ ԵՊՃՀ շրջանավարտներ էին:

Հետխորհրդային առաջին տարիներին Ա. Քուչուկյանը համախմբեց եւ ուղղեց իր կոլեկտիվի ջանքերը հանրապետության համար խիստ անհրաժեշտ ինֆորմացիոն համակարգչային համակարգերի մշակմանն ու ստեղծմանը: Դրանց թվին են պատկանում «Փարոս» համակարգը, որը հետագայում վերածվեց պետական ծրագրի (որպես անապահով ընտանիքներին օժանդակող մշտական գործիք), «ՄԻԴԱՍ» համակարգը (2001թ.), որն ապահովեց 230 հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների տվյալների կենտրոնական բազայի վարումը: Տարբեր հաստատությունների պատվերներով իրականացվեց ինֆորմացիոն համակարգ, որը կարգավորում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինների գործունեությունը, ինչպես նաեւ նրանց Կենտրոնական արխիվի գործառույթները (2004թ.): Մշակվեց անձնագրերի տրամադրման եւ Հայաստանի բնակչության պետական ռեգիստրի համակարգը, որը մեծ նշանակություն ունի ազգաբնակչության եւ պետական մարմինների համար (2006թ.), ընտրողների ռեգիստրը նույնպես ապահովում է ցանկացած ընտրության հիմքը հանդիսացող ընտրատարածքներում ընտրացուցակների կազմումը եւ ճշտությունը (2007թ.): Նախաձեռնության կարգով մշակվել է կույրերի ինֆորմացիոն ապահովման «ԱՐԵՎ» համակարգը (2004թ.-ընթացիկ), որն իրագործվել է ազգային լեզվով մշակված «Հայակն» սինթեզատորի եւ ինքնատիպ տեխնոլոգիայով աշխատող համակարգչային ծրագրով: Լինելով ինքնուսուցվող` համակարգը որոշ ցուցանիշներով գերազանցում է առ այսօր գոյություն ունեցող համակարգերին: Համակարգի շնորհիվ ինֆորմացիոն հաղորդակցման հնարավորություն են ստացել շուրջ 900 տեսողական հաշմանդամներ: 2010-2012թթ. ընթացքում Հայաստանի 1400 հանրակրթական դպրոցներում ներդրվեց մշակված համակարգչային հմտությունների ձեռքբերման եւ թեստավորման «Ուսում» համակարգը:

Արման Քուչուկյանի գործունեությունը միշտ արժանացել է բարձր գնահատականի: Նա պարգեւատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով, Լեհաստանի կառավարության «Վաստակի համար» առաջին կարգի ոսկե շքանշանով եւ բազմաթիվ այլ պարգեւներով: Նա Հայաստանի գիտության եւ տեխնիկայի վաստակավոր գործիչ է (1981թ.), Երեւանի պատվավոր քաղաքացի (1986թ.), պրոֆեսոր (1987թ.), եւ 1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

Շնորհավորելով ակադեմիկոս Արման Քուչուկյանին հրաշալի հոբելյանի առթիվ, հանրապետության գիտական հանրությունը, գործընկերները ցանկանում են նրան քաջառողջություն եւ ստեղծագործական նորանոր նվաճումներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ