ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՀԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ Վաղը կկայանա Երուսաղեմի նոր պատրիարքի ընտրության ժողովը Տարօրինակ եւ ահարկու մի լռություն է տիրում Հայաստանի թե Սփյուռքի զանգվածային լրատվամիջոցներում համայն հայությանը մտահոգող կարեւորագույն հարցերից մեկի շուրջը: Վաղըՙ հունվարի 23-ին, կայանալու է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության ժողովը, որը հաջորդող երկու օրերի ընթացքում ընտրելու է Երուսաղեմի նոր պատրիարք: Չենք կարող ինքներս մեզ հանգստացնել ասելով, որ հարցը վերաբերում է միայն միաբանությանը եւ միայն հայերին: Ինչ որ տեղի է ունենալու վաղը Երուսաղեմի հայոց պատրիարքարանում, շատ ավելի լայն ճյուղավորումներ ունի, ավելի եւս ճակատագրական է, քան մենք կարող ենք պատկերացնել: Արտաքին շահագրգիռ կողմերն ունեն իրենց սեփական ծրագրերը: Մրցակից եկեղեցիներըՙ նույնպես: Թվում է, թե այս զարգացումներին միակ անտարբեր հետեւողները հայերն են, որոնց ձեռքում է գտնվում կացության բանալին: Պետք է միայն այդ բանալին խելամտորեն օգտագործել պահպանելու համար այն գանձերն ու օրինական իրավունքները, որ մեր նախնիները ձեռք են բերել դարերի ընթացքում քրտնաջան աշխատանքի եւ արյան գնով: Երուսաղեմի հայոց պատրիարքությունն սկիզբ է առել 6-րդ դարից, երբ սկսել են գործել միաբանությունն ու վանքը: Առանց հայկական հզոր պետության աջակցության ու պաշտպանության հայոց պատրիարքությունը վայելել է ու պահպանել հույների ու կաթոլիկների հետ հավասար իրավունքներ եւ վերահսկում է հին քաղաքի մեկ վեցերորդ տարածքը: Իրավական եւ արարողական իրավունքներից բացի պատրիարքությունը, ի հեճուկս այլ հարանվանությունների եւ գործող իշխանությունների, ունի նաեւ հսկայական անշարժ գույքեր: Երեւանի Մատենադարանից հետո, պատրիարքարանում է պահվում հայկական հին ձեռագրերի ամենամեծ հավաքածուն, որը բծախնդրորեն պահպանվում է եւ համակարգվում հոգեւորականների կողմից, որոնցից վերջինը երջանկահիշատակ Նորայր եպիսկոպոս Բողարյանն էր: Չնայած հույներն էլ հայերի նման միեւնույն դառը ճակատագիրն են կրել թուրքերի ձեռքերում, Երուսաղեմում պատմականորեն իրար հասկացողության եզրեր չեն դրսեւորվել հայերի եւ հույների միջեւ: Հունաց պատրիարքությունը, ընդհակառակը, ամեն առիթով փորձել է ոտնահարել հայերի իրավունքները: Վերջին դեպքը արձանագրվել է Սուրբ Ծննդյան տաճարում: Ըստ երեւույթին հետագայում էլ խնդիրները չեն նվազելու, եթե հաշվի առնենք Իսրայելի եւ Կիպրոսի միջեւ նկատվող մերձեցումը վերջինիս տարածքում նավթի եւ գազի որոնումների շուրջըՙ հակառակ Անկարայի կողմից տեղացող սպառնալիքների: Տարբեր հարանվանությունների իրավունքները երաշխավորվում եւ կառավարվում են 1880-ականներին օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիդի հրամանագրով ստեղծված «ստատուս քվոյի» հատկանիշներով, որոնք պաշտպանում են յուրաքանչյուր հարանվանության իրավունքները այլ դավանանքների ոտնձգություններից: Սուրբ վայրերը կառավարող իշխանությունների օգտին է նաեւ այն, որ պայմանագիրը չի խրախուսում արտաքին միջամտությունը կառավարման կամ վերահսկման գործում: Այդուհանդերձ Վատիկանը պատմականորեն միշտ էլ հաջողությամբ կարողացել է ներգործել տեղական իշխանությունների գործունեության վրա: Նույնը կարողացել են անել նաեւ ռուսներն ու հույները: Միայն հայերն են, որ ներգործելու հնարավորությունից զուրկ են մնացել ուժեղ եւ ինքնուրույն կառավարություն չունենալու պատճառով: Միաբանությունը ինքն էլ չի խրախուսել որեւէ արտաքին միջամտություն: Ոչ էլ խորհուրդ է հայցել որեւէ նվիրապետական իշխանությունից: Եվ ինչքան թուլացել է միաբանությունը, այնքան ավելի է գերազանցել իր իշխանությունը, շատ հաճախ ի վնաս պատրիարքության շահերի: Մենք բոլորս հիշում ենք, թե ինչ կարեւոր նշանակություն ձեռք բերեց երկրի հայկական թաղամասը, երբ Քեմպ Դեյվիդի բանակցությունների ժամանակ դարձավ քաղաքական թեժ քննարկման առարկա: Քանի որ Երուսաղեմի ապագան դեռեւս հստակեցված չէ, պատրիարքարանի ճակատագիրը մնում է օդից կախված: Առաջիկա օրերին սպասվող ժողովների գլխավոր առարկան պետք է լինեն ոչ թե հնարավոր թեկնածուների հանդեպ իրենց ունեցած անձնական մոտեցումներըՙ համակրանքն ու հակակրանքը, այլՙ պատրիարքության առաջ կանգնած համընդհանուր մարտահրավերները: Նրանցից յուրաքանչյուրի ուսին պատմական նշանակության պատասխանատվություն է դրված: Մենք կարող ենք հակիրճ ներկայացնել այդ մարտահրավերները եւ հույս ունենալ, որ միաբանությունը խոհեմությամբ կկարողանա որոշել թեկնածուների համապատասխան առանձնահատկությունները եւ ըստ այդմ քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին, քան գիտակցելով այդ քվեի հեռահար հետեւանքները: Երուսաղեմի հայկական թաղամասը շարունակելու է կռվախնձոր մնալ (առնվազն կանխատեսելի ապագայի համար) իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ: Եվ երբ վերջնական կարգավորման պահը գա, այդ ժամանակվա առաջնորդն էլ որոշելու է հայկական պատրիարքարանի պատմության հետագա ընթացքը: Միաբանությունը պարտավոր է կանխատեսել, թե ով է թեկնածուներից լավագույնը, որ կստանձնի այդ պարտականությունը: Մինչեւ 1967 թ. եւ Իսրայելի կողմից Երուսաղեմի զավթումից հետո երկու հոգեւորականներ կարողացել են դիվանագիտական իրենց ունակությունները ցույց տալ, փորձելով խուսավարել թշնամական կողմերի միջեւ եւ պաշտպանել պատրիարքարանի շահերը: Այդ հոգեւոր առաջնորդներն էին շատ անգամ քննադատության ենթարկված Եղիշե պատրիարք Տերտերյանն ու Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը: Մեր վեճերը հույների եւ եթովպացիների հետ շարունակվելու են, գուցե նաեւ ավելի սրվելու են: Վճռականությունը, համբերությունն ու դիվանագիտությունը իրենց դերը կատարելու են միմյանց փոխարինելովՙ ըստ դեպքերի զարգացման պահանջի, որպեսզի ոչ մի իրավական կամ արարողական իրավունք չխախտվի: Աշխարհի ուրիշ ոչ մի վայրում Հայկական եկեղեցին այդքան հարստություն չունի, եւ այդ հարստությունը շատ շատերի ախորժակն է գրգռում: Անշարժ գույքը պատմականորեն վատ է ղեկավարված եղել Երուսաղեմում, պատճառ դառնալով հսկայական կորուստների: 99 տարով վարձակալման տրված որեւէ ունեցվածք, ինչպես նախորդող դեպքերը ցույց են տվել, պետք է համարել կորած: Որովհետեւ ժամանակի ընթացքում անշարժ գույքը փոխում է իր արժեքը եւ թշնամական խմբավորումներն իրենց իրավական մեքենայություններով կարողանում են իրենց բաժինը վերցնել դրանից: Պատրիարքը ինքը չի կարող անշարժ գույքի հարցերում մասնագետ լինել, որ այդ պատասխանատվությունը վստահի համապատասխան որակավորում ունեցող հոգեւորականի կամ աշխարհիկ անձնավորության: Ունեցվածքի կառավարումը հոգեւորականի ձեռքերում թողնելը սխալ է եղել պատմականորեն: Ոչ միայն Երուսաղեմում են հայերը կորցրել արժեքավոր կալվածքներ, այլեւ Վենետիկում, որտեղ Մխիթարյան հայրերը 50 միլիոն դոլարի ունեցվածք են կորցրել, հայտարարելով, որ դա միայն վանքի գործն է եւ ուրիշ ոչ ոքի: Երուսաղեմի եւ այլ վայրերի հայկական սեփականությունները բարեգործների կողմից են նվիրաբերվել կամ ձեռք բերվել եկեղեցու սովորական հավատացյալների նվիրատվությունների շնորհիվ, իսկ հոգեւորականները սկզբունքորեն կատարում են ավելի շատ պահապանի, քան սեփականատիրոջ դերը: Դարեր շարունակ Երուսաղեմի պատրիարքարանը ծառայել է որպես ակադեմիական գործունեության կենտրոն, ծնունդ տալով գիտական աշխատությունների արժեքավոր հատորների: Վերջին տարիներին, դժբախտաբար, նկատելի է կտրուկ անկում այդ ասպարեզում, ինչը ցույց է տալիս, որ այդ պատմական առաքելությանը վերջ է տրվել: Հարուստ ձեռագրերի եւ պատմական անգնահատելի փաստաթղթերի հավաքածուն կենսունակ ղեկավարի ձեռքերում կարող է վերականգնել այդ առաքելությունը: Հատկապես 20-րդ դարի ընթացքում, երբ Էջմիածինը գտնվում էր խորհրդային իշխանության ներքո, Երուսաղեմը իր վրա էր վերցրել երիտասարդ սերնդի հոգեւորականների կրթության պարտականությունը: Նրանք հետագայում ստանձնեցին ղեկավար պաշտոններ սփյուռքյան համայնքներում եւ մինչեւ օրս շարունակում են ծառայել ձեռնհասորեն: Մինչ Էջմիածինը այժմ հոգեւորականներ կրթելու եւ պատրաստելու իր պարտականությունների կատարման գործընթացում է գտնվում, Երուսաղեմի պատրիարքարանի ուսերին դեռեւս մնում է այդ ծանր պարտականությունը կատարել այդ տարածաշրջանում: Մի ժամանակ պատրիարքարանը նաեւ ֆիզիկական եւ հոգեւոր սնունդ էր մատակարարում Երուսաղեմի բարգավաճ հայկական գաղութին, որի նոսրացումը հավելյալ պատասխանատվություններ է դնում պատրիարքարանի ղեկավարության վրա: Պատրիարքի ընտրության նախօրյակին մենք հույս ունենք, որ միաբանությունը կկարողանա միասնական թեկնածուի շուրջը համաձայնության գալ: Նախադեպեր եղել են, երբ միաբանությունը պատրիարքներ է ընտրել իր շարքերից դուրս գտնվող հոգեւորականներից, սակայն արժանի թեկնածուներ կլինեն նաեւ միաբանության ներսում, հոգեւորականներ, որոնք Երուսաղեմում կրթված լինելով ծառայել են Հայաստանյայց եկեղեցուն եւ ձեռք են բերել հսկայական փորձառություն: Չնայած տարիքը չպետք է մեծ դեր խաղա, սակայն կարեւոր է, որ նորընտիր պատրիարքը լինի դեռեւս կենսունակ եւ գործունյա: Նաեւ, մեր կամքից անկախ, դեռեւս շարունակվում է լուռ պատերազմը հայոց եկեղեցու անջատողական թեւի կողմնակիցների եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին հավատարիմ մնացողների միջեւ: Այնպես որ այն թեկնածուն, որն ունի հայկական եկեղեցու միասնականությանը ջատագովի համբավ, նպաստելու է ոչ միայն Երուսաղեմի պատրիարքարանի դիրքերի ամրապնդմանը, այլեւ միասնականության գործընթացի բարեհաջող ավարտին: Ինչպես տեսնում ենք, մարտահրավերները շատ են եւ ծանրակշիռ: Նորընտիր պատրիարքը կարիք է ունենալու միաբանության բոլոր անդամների անշահախնդիր եւ նվիրյալ համագործակցության: Հույս ունենք, որ միաբանության անդամները գիտակցելով, պատմական պահի կարեւորությունը, մի կողմ են թողնելու անձնական բոլոր հաշիվները եւ գտնվելու են դրության բարձրության վրա: Անձնական փառասիրությունների ժամանակը չէ: Ճակատագրական պահը հնչել է Երուսաղեմում: Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ. |