«ՆԱԻՐԻՏԻ» ՀԱՄԱՐ ԲՈՒԹԱԴԻԵՆ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԲԵՐՎԵԼ ՍՈՒՄԳԱՅԻԹԻՑ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն Փետրվարի 14-ին, «Կենտրոն» ՀԸ «Ուրվագիծ» հաղորդաշարի ընթացքում, պատասխանելով հետուստադիտողիՙ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը վերաբերող հարցին, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը թույլ է տվել կոպիտ սխալ, տեղեկացնելով, որ «Նաիրիտը» չի կարող վերագործարկել քլորոպրենային կաուչուկի ստացման բութադիենային եղանակը, քանի որ խորհրդային իշխանության տարիներին բութադիենը Հայաստան էր բերվում Սումգայիթից, իսկ հիմա, հայտնի պատճառներով, այդ ճանապարհի վերականգնումը բացառվում է: Տեղեկացնում ենք, որ «Նաիրիտի» համար բութադիենը երբեւէ չի բերվել Սումգայիթից, քանի որ հետազոտություններով պարզվել է` այն քլորոպրենային կաուչուկի ստացման համար որակի բավարար հատկանիշներ չունի: 1979-ից, երբ «Նաիրիտում» գործարկվել է բութադիենային տեխնոլոգիայով կաուչուկի ստացման հոսքագիծը, բութադիենը բերվել է Ռուսաստանի Նովոկույբիշեւսկ քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանից` մինչեւ 1992 թվականը: Պարոն Բագրատյանի տվյալներն իրականությանը չեն համապատասխանում, եւ այսօր միջազգային մրցույթի ներկայացված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արդիականացման եւ վերագործարկման» ծրագիրը ներառում է բութադիենային եղանակով քլորոպրենային կաուչուկի արտադրության վերականգնման շատ իրատեսական հնարավորությունը: |