RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 16-02-2013



ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Տեղադրվել է` 2013-02-16 00:08:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1601, Տպվել է` 111, Ուղարկվել է էլ.փոստով` 73

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՍԱՀԱՏ ՈՐՈՆՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանական Deutschlandradio-ն փետրվարի 14-ին անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին: Գեզինե Դորնբլյութիՙ Երեւանում պատրաստած ծավալուն անդրադարձը տարբերվում է գերմանալեզու լրատվամիջոցներում այդ թեմայով մինչեւ այժմ հրապարակվածներից: Ստորեւՙ համառոտ «Ժողովրդավարության հուսահատ որոնում» վերնագրյալ հաղորդումը «Հայաստանում արդեն նախապես հաստատված է, թե ով է հաղթող թեկնածուն» ենթավերնագրով:

Հեղինակն անդրադառնում է Հայաստանի մեկուսացված վիճակին, առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության հնարավորության բացակայությանը, նկատելով, թե հարուստ հեռանկար ունեցող թեկնածուները չեն էլ մասնակցում: Անդրադառնում է 42-ամյա Անդրիաս Ղուկասյանիՙ հունվարի 21-ին սկիզբ առած հացադուլին: Ղուկասյանը բացատրում է, թե «իշխող կուսակցությունը նախորդ բոլոր ընտրություններին ընտրաձայները գնել է, ստիպել պետական ծառայողներին քվեարկել իր թեկնածուների օգտին, որ քրեորեն հետապնդելի է եւ հակառակ ՀՀ սահմանադրությանը: Իշխող կուսակցությունը ստեղծել է ընտրությունների վրա ազդող մի մեքենա, չկա այդ մեքենան կանգնեցնելու իրավական հնարավորություն: Այդ պատճառով էլ հացադուլ եմ անում»:

Հայաստանում 1999-ից է ազգային պահպանողական Հանրապետական կուսակցությունն իշխանության գլուխ: 59-ամյա Սերժ Սարգսյանը 2008-ին ուժեղ մրցակից ուներՙ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ զանգվածներին փողոց էր հանում: 2008-ի ընտրություններին ակնհայտ մեքենայություններ եղան: Շաբաթներ շարունակ խաղաղ ցույցեր, որ մարտի 1-ին 10 զոհ արձանագրեց, բազմաթիվ վիրավորներ, ձերբակալվածներ: Քաղաքագիտություն ուսանած Հրաչյա Ղամբարյանն էլ 2008-ին փողոց էր ելել, այժմ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի գրասենյակում է աշխատում: Նրա պատմելով, այժմ 2008-ից շատ է տարբերՙ մարդկանց ընտրություները չեն հետաքրքրում: Նրանք հիասթափված են: Բացի դրանիցՙ գործող նախագահը հոգ է տարել, որ գործնականում որեւէ մրցակից չունենա: Շախմատային այս խաղում մի շարք խաղացողներ ժամանակից շուտ իրենց մատ են արել, հաղորդում է գերմանական «Դոյչլանդռադիոն»ՙ նշելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, Գագիկ Ծառուկյանին:

Մութ է նաեւ դաշնակների ընտրաթեկնածու չունենալու պատճառը: Շանս չունեցող 6 թեկնածուներ Սարգսյանի դեմ, որոնց մեջ նաեւ հայ էպոսի անծանոթ մի փորձագետ: Ծայրահեղ անդամալույծ ընտրապայքար: Նույնիսկ մայրաքաղաքում ընտրագովազդ հազիվ թե տեսնես: Գերմանական ռադիոն անդրադառնում է Պարույր Հայրիկյանի մահափորձինՙ նշելով, թե շարժառիթը պարզ չէ: Հայերը ընտրություններին հումորով են վերաբերվում, ասում է ռադիոնՙ Հրաչ Ղամբարյանին խոսափող տրամադրելով «Շատերը չեն էլ ուզում ընտրությունների մասնակցել կամ էլ ընտրել ենՙ բոլորին դեմ քվեարկել»: Մարդիկ դժգոհ են, ուզում են, որ մի բան փոխվի: Վերջին 5 տարում 250 000 մարդ լքել է երկիրը, որ մոտավորապես հավասար է մայրաքաղաքաբնակների մեկ հինգերորդին: Արտասահմանում ապրողները դրամ են ուղարկում, աշխատավարձով հազիվ թե որեւէ մեկը կարողանա ապրել, հաղորդում է «Դոյչլանդռադիոն», անդրադառնալով խանութների թանկ գներին: «Տեսնում եքՙ վատ ենք ապրում: Հաճախորդներս վճարում են, երբ աշխատավարձ են ստանում», ասում է Էդուարդ Մանուկյանը, որ փոքրիկ խանութ ունի: 60 սենթ կազմող ալյուրի կգ-ն ավելի թանկ է, քան Գերմանիայում: Մարդիկ միս չեն գնում, հաց, մակարոնեղեն, կարտոֆիլ, երշիկ, պանիր, հավ բոլորը չեն կարող գնել»: Նվազագույն 70 եվրո աշխատավարձը շատ քիչ է թանկ գների հետ համեմատած:

Հայաստանի տնտեսական վատ վիճակը ռադիոն մեկնաբանում է Ադրբեջանի հետ ունեցած հակամարտությամբ, փակ սահմանով: «Հայերը հաղթեցին պատերազմում, դրանից հետո նրանք ոչ միայն Ղարաբաղը, այլեւ սահմանակից ադրբեջանական տարածքն էլ իրենց վերահսկողության տակ են պահում, այն էՙ հարեւան երկրի մեկ հինգերորդ մասը», ադրբեջանցիներին երկրորդում է գերմանական ռադիոնՙ անդրադառնալով նաեւ Թուրքիայի հետ փակ սահմանին, որի բացման դեպքում, ինչպես նախարար Տիգրան Դավթյանն է նկատում, ուղիղ ելք է բացվում դեպի եվրոպական տրանսպորտային հանգույց: Հայաստանի տնտեսական թշվառությունը ռադիոլրագրողը պայմանավորում է ոչ միայն արտաքին քաղաքական պատճառներով, այլեւ «օլիգարխիկ ժողովրդավարությամբ»: Նրանց մի մասը խորհրդարանում է, իրենց իմունիտետն ապահովելու նպատակով, քաղաքականության եւ գործարար աշխարհի կապը շատ սերտ է, ընդդիմադիր գործիչ Վահագն Խաչատրյանի խոսքն է փոխանցում ռադիոնՙ նշելով, թե շաքարի ներկրումը մի հոգու ձեռքում է, բենզինինըՙ 2, դեղորայքըՙ 7, կարագըՙ 3: Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման բանակցություններ է վարում, պիտի իր շուկան ազատականացնի: Հարցական էՙ Սերժ Սարգսյանը լուրջ կընդունի այս կետը եւ պաշտոնավարման երկրորդ շրջանում օլիգարխներին դեմ կգնա՞: Վահագն Խաչատրյանը թերահավատ էՙ «Համակարգը չի փոխվի»: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ավելի լավատես է: Նրա ասելով, Հայաստանի նախագահները մինչ այժմ օլիգարխների հետաքրքրություններին պիտի ծառայեին, քանի որ նրանք օգտակար էին լինում դրամով եւ ազդեցությամբ, այս անգամ այլ է: Եթե հանրությունն այսքան աղքատ մնա, անկայուն վիճակն անխուսափելի է, սա ամեն մի նախագահ հասկանում է, նկատել է տվել Նավասարդյանը: Բազմակարծությունն այլընտրանք չունի: Լուրջ մրցակիցներից ազատագրված Սարգսյանը թույլ է տվել լրատվամիջոցներին ազատ գործել: «Հայաստանի իշխանությունների համար կարեւոր է միջազգային գործակիցներին փաստել, թե այստեղ ժողովրդավարական բարեփոխումներ են կայանում», Նավասարդյանի դիտարկումն է մեջբերում մեկնաբանը: «Մի քիչ դրական բան այդուհանդերձ կա, ասում է Հրաչ Ղամբարյանը, շատ երիտասարդներ կան, որ հետաքրքրված են քաղաքականությամբ, ուզում են պետության ձեւավորման մասնակիցը լինել: 5, 10 տարի հետո երիտասարդները կառաջնորդեն, նրանք երկիրը փոխելու մեծ շանս ունեն», հաղորդումը եզրափակում է «Դոյչլանդռադիոն»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 16-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ