«ԱՍՈՒՊԱՅԻՆ ԱՆՁՐԵՎ» ՉԵԼՅԱԲԻՆՍԿԻ ՄԱՐԶՈՒՄ Հավանական պատճառը Երկրի մոտով անցնող երկնաքարն է Փետրվարի 15-ի առավոտյան ՌԴ Չելյաբինսկի մարզի բնակիչները ականատես եղան մի տարօրինակ երեւույթի, որը հիշեցնում էր «ասուպային անձրեւ». երկնքում որոտում էին պայթյուններ, իսկ երկրի վրա ընկնում էին շիկացած բեկորներ: Հարվածային ալիքի հետեւանքով մի շարք բնակելի տներում փշրվեցին ապակիները, որոշ շենքերում, այդ թվումՙ ցինկի գործարանում եւ «Պարկ Սիթի օթելի» շենքում, պոկվեցին տանիքները: Նախնական տվյալներովՙ մոտ 500 մարդ վնասվածք է ստացել, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: Փակվել են մարզի դպրոցները եւ մանկապարտեզները: Պատահարը մեկնաբանելիս մասնագետները հայտարարել են, որ արտասովոր երեւույթները մթնոլորտի ստորին շերտերում ասուպի հայտնվելու հետեւանք են: Իրավապահ մարմինները նշում են, որ տարածաշրջանում իրոք արձանագրվել է ինչ-որ օբյեկտի անկում: «Ընդսմին ոչ մի օդանավ Ուրալում վթարի չի ենթարկվել, բոլոր օդանավերը թռչում են ըստ չվացուցակի», ընդգծել են իրավապահները: Այդուհանդերձ, Չելյաբինսկում իրականացվել է մասնակի տարհանում: Ոստիկանությունն անցել է ծառայության ուժեղացված ռեժիմի, քաղաքի ռազմավարական եւ կենսականորեն կարեւոր բոլոր օբյեկտները առնվել են խիստ հսկողության տակ: Օդից իրականացվում է տեղանքի հետազոտություն: Ստացված տեղեկությունների համաձայն, երկնային մարմնի հիմնական բեկորն ընկել է Չելյաբինսկի մարզի Սատկա քաղաքից 80 կմ հեռավորության վրա: Նշվում է, որ եվրոպական արբանյակներից մեկը տեսագրել է ասուպի անկումը եւ գետնի վրա ձագարի գոյացումը: Ինչ վերաբերում է երկնային մարմնի հայտնվելու անմիջական պատճառներին, հավանաբար այն կապված է Երկրից ընդամենը 28 հազար կմ հեռավորության վրա անցնող 45-մետրանոց 2012 DA 14 երկնաքարի հետ, որի քաշը 130 հազար տոննա է: NASA-ի մասնագետների հաշվարկների համաձայն, այդ երկնաքարը Երկրի մոտով պետք է անցներ փետրվարի 15-ի ուշ երեկոյանՙ Երեւանի ժամանակով 23.20-ին: Գիտնականները ենթադրում են, որ Երկրի ձգողականության հետեւանքով երկնաքարից կարող էին պոկվել բեկորներ եւ ընկնել Ուրալի վրա: Իսկ հայ մասնագետ, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը բացատրում է, որ Երկրի մթնոլորտ ժամանակ առ ժամանակ թափանցում են տարբեր երկնաքարեր ու աստղակերպեր, իսկ աստղակերպերն ավելի խոշոր մարմիններ են: Ա. Միքայելյանը նշում է` եթե դրանք չեն հասցնում այրվել Երկրի մթնոլորտում, ապա հասնում են Երկրի մակերեւույթ ու կարող են առաջացնել տեղական բնույթի փոքր աղետ, ինչպես եղավ Չելյաբինսկի մոտ: Իսկ գլոբալ առումով, ըստ Արեգ Միքայելյանի, Երկիր մոլորակի վրա նման երեւույթը կարող է վտանգավոր լինել միայն այն դեպքում, եթե Երկիր ներթափանցի շատ խոշոր մարմին: Եվ ամենեւին պետք չէ անհանգստանալ, որ Չելյաբինսկի մոտ կատարվածը Հայաստանի վրա կբերի որեւէ ազդեցություն, քանի որ Չելյաբինսկը Հայաստանից բավականաչափ հեռու է: |