RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 16-02-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-02-16 00:08:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2399, Տպվել է` 138, Ուղարկվել է էլ.փոստով` 123

ՍՈՑՓԱԹԵԹԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Փաթեթից օգտվողների թիվն ավելացել է 30 հազարով

2013-ին սոցիալական փաթեթում կընդգրկվեն եւս 30 հազար մարդ: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը : Նա նաեւ անդրադարձավ այս տարի սոցիալական փաթեթում կատարված մյուս փոփոխություններին: Սոցիալական փաթեթից օգտվող 120 հազար պետական աշխատողներից բացի, այս տարի կավելանան պետական կառույցներում տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցները, Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակազմը եւ նրա ենթակայության տակ գտնվող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատակիցները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ԽՍՀՄ եւ ՀՀ «ժողովրդական» պատվավոր կոչմանն արժանացած անձինք, Երեւանի մետրոպոլիտենի աշխատողները` բացառությամբ ղեկավար անձնակազմի:

Այս տարի եւս յուրաքանչյուր աշխատակցին տրվող տարեկան գումարը կկազմի 132 հազար դրամ` ամսական 11 հազար դրամ: Գումարը պետք է ծախսվի 4 ուղղություններով` առողջության ապահովագրում, հիպոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճար, հանգստի կազմակերպում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ինչպես եւ անցած տարի, այդ գումարից 52 հազարը կուղղվի առողջապահության ապահովագրության ծառայության համար, բայց ընդլայնվել է հատուցվող դեպքերի շրջանակը: Ինչպես հայտնեց ֆինանսների նախարարը, մասնավորապես սրտի վիրահատության հետ կապված, բացի ստենդից, փոխհատուցման մեջ են ներառվել նաեւ սրտի ռիթմը կարգավորող սարքերի, փականների պրոթեզները: Տեղեկացվեց նաեւ, որ անցյալ տարի փաթեթի շրջանակներում 260 սրտի վիրահատություններ են արվել:

Կարեւոր փոփոխություններ են կատարվել նաեւ սոցիալական փաթեթի հատկացման գործընթացում: Այս տարի գումարը հատկացվելու է բանկերի միջոցով` հատուկ այդ նպատակով աշխատողների կողմից բացված բանկային հաշվի վրա: Այսինքն, փաթեթի մեջ ընդգրկված բոլոր աշխատողները պետք է բացեն բանկային հաշիվներ: Այդ կապակցությամբ 8 բանկերի հետ պետությունը պայմանագրեր է կնքել: Վաչե Գաբրիելյանն ընդգծեց, որ այդ հաշիվներին ուղղված գումարները կարող են փոխանցվել միայն փաթեթով նախատեսված 4 ուղղություններով:

Հաջորդ նորությունն այն էր, որ սոցիալական փաթեթի գումարները այս տարվանից դառնալու են կուտակային, որոնց վրա բանկերի կողմից ավելացվելու են տոկոսադրույքներ: Այսինքն, եթե մարդը չի ցանկանում այս տարի ծախսել փաթեթով իրեն հասանելիք գումարը, կարող է ծախսել հաջորդ տարի, բայց դարձյալ փաթեթով նախատեսված ուղղություններով:

Ֆինանսների նախարարը տեղեկացրեց նաեւ, որ սոցիալական փաթեթի համար 2013-ին պետական բյուջեից տրամադրվել է 21,5 մլրդ դրամ:

«Ազգի» հարցն առնչվում էր սոցիալական փաթեթից չօգտվող պետական համակարգի` պետական բուհերի եւ բուժհաստատությունների աշխատակիցներին: «Ինչո՞ւ դասախոսներն ու բժիշկները ընդգրկված չեն այդ փաթեթում» հարցին Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է նրանով, որ բուհերն ու բուժկենտրոնները, բացի պետական բյուջեից, այլ եկամուտներ եւս ստանում են, իսկ փաթեթում նախ եւ առաջ ընդգրկված են նրանք, ովքեր միայն պետբյուջեից են վճարվում: Բուհերի եւ բժշկական կենտրոնների աշխատողներին հետագայում սոցփաթեթում ընդգրկելու համար նախարարը ոչինչ չխոստացավ, ասելով, որ «կնայենք բյուջեի հնարավորություններին»:

Հարկ ենք համարում նշել, որ չնայած բուհերն ու բուժկենտրոններն ունեն օրինական այլ եկամուտներ ստանալու հնարավորություններ, բայց դասախոսների եւ բժիշկների աշխատավարձերը առանձնապես շատ չեն տարբերվում սոցփաթեթում ընդգրկված քաղծառայողների եւ մանկավարժների աշխատավարձերից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 16-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ