ԻՆՉՈ՞Ւ ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Սումգայիթի առթիվ «ինչո՞ւ» հարցադրման հեղինակային իրավունքը պատկանում է ակադեմիկոս Զիա Բունիաթովին. «Ինչո՞ւ Սումգայիթ» վերտառությամբ նրա հոդվածը տպագրվել է 1989 թ. հունվարին Բաքվի «Կոմունիստ» պաշտոնաթերթում: Առաջին անգամ նա է «քաղաքագիտական» շրջանառության մեջ դրել «Սումգայիթը ձեռնտու էր հայ ազգայնականներին» տեսակետը: Ինչո՞ւ Բունիաթովը: Հարցադրումները միանշանակ պատասխան չունեն: Այդուհանդերձ, դիմենք ականատեսի` ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշ Ալիզադեի վկայությանը. «Սումգայիթի ջարդից հետո ԳԱ-ում (Ադր. ԽՍՀ Գիտությունների ակադեմիայում - Վ. Ա.) եւս մի աղմկոտ միտինգ եղավ... Ինչպես միշտ` ապոգեյի պահին հայտնվեց ակադեմիկոս Զիա Բունիաթովը: Դահլիճը նրան դիմավորեց ծափողջույններով... նա մի քանի կսմիթներ բաց թողեց հարեւանների (հայերի - Վ. Ա.), մի քանի սուր բաներ ասաց հանրապետության (Ադրբեջանի) ղեկավարության հասցեին... Այնուհետեւ վերեւներին (ԽՍՀՄ ղեկավարությա՞նը - Վ. Ա.) խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել նրանց, որ «կարող են պաշտպանել հանրապետությունը (Ադր. ԽՍՀ-ն - Վ. Ա.), եւ չհենվել «վախկոտների եւ ապիկարների վրա»: Հետո նա դահլիճին խորհուրդ տվեց ցրվել, ինչը եւ տեղի ունեցավ` բոլորի կողմից հայրենիքի հանդեպ պարտքը կատարած լինելու զգացումով (տես http://azeribooks.narod.ru/politika/zardusht–alizade/konets–vtoroy–respubliki.htm): Կուսակցության Բաքվի քաղկոմի 1-ին քարտուղար Ֆուադ Մուսաեւը այսպես է պատկերել սումգայիթին նախորդած իրավիճակը. «Փետրվարի (1988 թ.) սկզբից Հայաստանից Ադրբեջան էին հասել արդեն հարյուրավոր փախստականներ: Նրանք հանգրվանել էին Բաքվի մերձակա գյուղերում, որտեղ համահավաք ապրում էին իրենց համերկրացիները (ծագումով Հայաստանից ադրբեջանցիները): Ծնունդով Հայաստանից, Ապշերոնի շրջկոմի 1-ին քարտուղար Զոհրաբ Մամեդովն ամեն առավոտյան փախստականներին ավտոբուսներ է տրամադրել, որ նրանց հասցրել են ոչ թե ԿԿ, ԳԽ կամ Նախարարների խորհրդի շենքի մոտ, այլ` ուսանողական եւ բանվորական հանրակացարաններ... Ամեն պահի կարող էր գտնվել մեկը, որ զայրացած ամբոխին կտաներ դեպի Բաքվի հայկական թաղամասեր»: Կանխազգալով վտանգը, Մուսաեւը, որ ընդհատել էր արձակուրդը եւ փետրվարի 21-ին Մինվոդիից վերադարձել, կարգադրել է փակել արվարձաններից Բաքու բերող բոլոր ճանապարհները: Հաջորդ օրը, հանդիպելով ճանապարհային ոստիկանության (խորհրդային ԳԱԻ-ի) արգելափակոցներին, ավտոբուսները շրջվում են դեպի Սումգայիթ: Նույն քարոզչությունն սկսվում է Սումգայիթի ուսանողական եւ բանվորական հանրակացարաններում (տես նույն տեղում): Այդ «փախստականների» մասին տեղեկությունները հակասական են: Ադրբեջանական որոշ աղբյուրներ գրում են, որ նրանք «Բաքու եւ Սումգայիթ են հասել դեռեւս 1988 հունվարին»: Այլ հեղինակներ նշում են «փետրվարի կեսերը»: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում: 1988 փետրվարին, բայց եւ ԼՂԻՄ մարզխորհրդի նստաշրջանին նախորդած ժամանակահատվածում, ՀԽՍՀ Կապանի շրջան զորախումբ է մտցվել` «կանխելու ադրբեջանցիների կոտորածը»: Ըստ այդմ, «Մոսկվայում ահազանգ էր ստացվել, որ կոտորածը ծրագրվում է իրականացնել փետրվարի 20-ին» (տես http://forum.bakililar.az/index.php?showtopic=67503): Նույն օրերին Կապանում են գտնվել ԽՍՀՄ ՊԱԿ-ի հատուկ ազգամիջյան հարաբերությունների հարցով զբաղվող բաժնի երկու բարձրաստիճան սպա` Վլադիմիր Լուցենկոն եւ Վալերի Խմելյովը (տես http://www.trud.ru/article/01-02-2001/18874–10–ballov–po–shkale–politbjuro.html): Փետրվարի 20-ին նրանք արդեն Ստեփանակերտում էին: Լուցենկոն հիշեցնում է փետրվարի 22-ի միջադեպը, երբ Ասկերանում «հնչեցին կրակոցներ, երկու մարդ զոհվեց» (նույն տեղում): Զոհվել են ադրբեջանցիներ, որոնցից «առնվազը մեկը` ադրբեջանցի միլիցիոների կրակոցից» (տես Զարդուշտ Ալիզադե «Երկրորդ հանրապետության վախճանը»` վերոնշյալ հղումով): Ըստ Լուցենկոյի, դրանից հետո «Հայաստանի ադրբեջանական բնակչության շրջանում խուճապ առաջացավ: Կապանի շրջանի շատ բնակիչներ տեղաշարժվեցին դեպի Բաքու` փնտրելու պաշտպանություն» (http://www.trud.ru/article/01-02-2001/18874–10–ballov–po–shkale–politbjuro.html): Փետրվարի 26-ին Կապան է ժամանել ԽՍՀՄ ԶՈՒ անդրկովկասյան խմբավորման առաջին փոխհրամանատար գեներալ Ալբերտ Մակաշովը` «լիազորված լինելով զորքեր մոբիլիզացնելու Նախիջեւանի ԻԽՍՀ-ից» (տես http://forum.bakililar.az/index.php?showtopic=67503): Կապանում են գտնվել նաեւ ԽՄԿԿ ԿԿ-ի, ՆԳՆ, ՊԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ: «Ստուգողները նախապատրաստվող անկարգությունների ոչ մի նշան չեն հայտնաբերել: Արձանագրվել է իրավախախտման երկու դեպք` ադրբեջանական դպրոցը նրա իսկ տնօրենի կողմից հրկիզելու փորձը եւ հարձակումը Երեւան-Կապան գնացքի վրա» (տես http://forum.bakililar.az/index.php?showtopic=67503): Նույն օրը Բաքվի հեռուստատեսությամբ ելույթ է ունենում ԽՍՀՄ դատախազի տեղակալ Կատուսեւը եւ հայտարարում, որ փետրվարի 22-ին «Ասկերանում ազգամիջյան ընդհարումների ժամանակ զոհվել է երկու երիտասարդ ադրբեջանցի»: Փետրվարի 26-ի ժամը 10-ին ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Գորբաչովն ընդունում է Սիլվա Կապուտիկյանին եւ Զորի Բալայանին եւ հարցնում. «Դուք մտածե՞լ եք, թե ինչ կպատահի Ադրբեջանում ապրող հայերի հետ» (տես http://sumgait.info/sumgait/politburo-meeting-29-february-1988.htm): Քաղբյուրոյի փետրվարի 29-ի նիստում Գորբաչովը ասել է. «Որոշում ընդունելով (Ղարաբաղյան շարժումը դատապարտող - Վ. Ա.) մենք զսպել ենք Ադրբեջանին, անկեղծ ասած...» (տես http://sumgait.info/sumgait/politburo-meeting-29-february-1988): Փետրվարի 27-ին Երեւան-Բաքու գնացքը, ինչպես միշտ, կանգառ է ունենում Մինջեւան կայարանում: Կապանի 200 ադրբեջանցի բնակիչներ լցվում են վագոններ: Գնացքը շարժվում է, սակայն կեսճանապարհին` Իմիշլի շրջկենտրոնում, կանգնեցվում է: Տեղ է հասնում Ադր. ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Արթուր Ռասիզադեն (ներկայումս` Ադրբեջանի վարչապետ): Հրավիրվում են Զանգելանի եւ Իմիշլիի շրջանի ղեկավարությունը: Իմիշլի հասնելու մասին հեռախոսագիր է ստանում նաեւ կուսակցության Կապանի շրջկոմի 1-ին քարտուղար Ռոլանդ Ղոնյանը: Ուղեւորները հայտարարում են, որ «Կապանի ղեկավարությունից բողոքներ չունեն, իսկ Բաքու մեկնում են այնտեղ բնակվող հարազատների հորդորներով»: Կապան վերադարձի ճանապարհին Ռոլանդ Ղոնյանի մեքենան քարկոծվում է Զանգելանի շրջանի տարածքում (տես նույն տեղում/http// sumgait. info/ sumgait/politburo-meeting) Քաղբյուրոյի փետրվարի 29-ի նիստում Գորբաչովն Ադրբեջանում «սկսված շարժումը» գնահատել է «կոմպոնացված»: Ապա ասել, որ «դա հատկապես նկատելի է Նախիջեւանում»: Չափազանց ուշագրավ է, որ նա անդրադարձել է նաեւ Հեյդար Ալիեւին, մեջբերել ԼՂ-ի մասին նրա արտահայտությունը. «Ղարաբաղը եղել է, կա եւ կմնա իբրեւ Ադրբեջանի անբաժանելի մաս»,- ապա ավելացրել. «Մենք փաստորեն նույն բանն ենք ասում (քաղբյուրոյի փետրվարի 21-ի որոշումն է նկատի ունեցել - Վ. Ա.), բայց ոչ այդքան հիմար փաթեթավորմամբ» (տես http//sumgait.info/sumgait/politburo-meeting-29): Իրադարձություններից մի քանի ամիս առաջ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի /վարչապետի/ 1-ին տեղակալի եւ քաղբյուրոյի անդամի պաշտոններից հեռացված, բայց այդ պահի դրությամբ դեռեւս կառավարությունում պետական խորհրդականի ծառայության մեջ գտնված Հեյդար Ալիեւին հիշելով ի՞նչ է նկատի ունեցել Միխայիլ Գորբաչովը: Դիտարժան է, մանավանդ, որ նա բավական մանրամասնորեն անդրադարձել է ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղար Կարեն Դեմիրճյանի «հարցին» (սա այլ խոսակցության թեմա է), բայց ոչինչ չի ասել Ադրբեջանի ղեկավար Բաղիրովի մասին: Կարծում ենք, դա պատահական չէ. Գորբաչովը, հավանաբար, քաղբյուրոյի անդամներին ակնարկել- հասկացրել է, որ «հատկապես Նախիջեւանում նկատվող եւ կոմպոնացված շարժման» աղբյուրը Հեյդար Ալիեւի «հիմար փաթեթավորմամբ» ասածն է ԼՂԻՄ-ի` Ադրբեջանի «անբաժանելի մաս լինելու» մասին: Փետրվարի 28-ին Սումգայիթում վերջին «միտինգն» ավարտվել է «մահ հայերին» կոչով: Այն հնչեցրել է քաղաքային դպրոցներից մեկի տնօրեն, «ծագումով Հայաստանից քուրդ» (Զարդուշտ Ալիզադե) Խըդըր Ալոեւը: 1993-ին նախագահի պաշտոնում առաջին անգամ այցելելով Սումգայիթ, Հեյդար Ալիեւը դիմավորողներին հարցրել է. «Իսկ ո՞ւր է մեր Խըդըրը» (տես Զարդուշտ Ալիզադե, «Երկրորդ հանրապետության վախճանը»` վերոհիշյալ հղումով): Նրանք գրկախառնվել են` վերադարձած «նահապետը» եւ սումգայիթի գաղափարախոսը: 1995-2000 թթ.-ին Ալոեւը եղել է Միլլի մեջլիսի պատգամավոր: Այժմ` «ինչո՞ւ Սումգայիթում»: Հեյդար Ալիեւի փորձառության գործիչը չէր կարող չկանխազգալ, որ Ղարաբաղյան շարժումը ԼՂԻՄ-ում, Հայաստանում եւ Ադրբեջանում հանգեցնելու է իշխանափոխությունների: Ադրբեջանում առաջին դեմք նշանակվելու երկու հիմնական թեկնածու կար: Մեկը Ֆուադ Մուսաեւն էր` Բաքվի քաղկոմի 1-ին քարտուղարը, մյուսը` Ջահանգիր Մուսլիմզադեն` Սումգայիթի կուսակցական կազմակերպության ղեկավարը: Հայկական ջարդեր կազմակերպելու առաջին փորձն արվել է Բաքվում: (Ֆուադ Մուսաեւի վկայությունը տես նաեւ Թոմ դը Վաալի «Սեւ այգի» գրքում): Երկրորդը Սումգայիթում հաջողվել է: Մուսլիմզադեն հեռացվել է պաշտոնից եւ կուսակցությունից: «Նահապետի» հաշվարկը, սակայն, իրեն չի արդարացրել: Գորբաչովը չի դիմել Հեյդար Ալիեւի «պատրաստակամ օգնությանը»: Ընդհակառակը, 88-ի մայիսին նա Ադրբեջան է ուղարկել Աբդուռահման Վեզիրովին, որի կուսակցական կարիերան 1974-ին ընդհատվել էր Հեյդար Ալիեւի հետ սուր տարաձայնությունների պատճառով: Վեզիրովը փորձել է մաքրել «ալիեւյան ախոռները»: Ապարդյուն: Հին «գվարդիան» չէր կարող հանձնվել: Ծնվում են նոր «ալոեւ»-ներ` բանաստեղծ Խալիլ Ռզան, որ 88-ի նոյեմբերին հրկիզում է Բաքվի հայկական եկեղեցին, «երիտասարդ բանվոր» Նեյմաթ Փանահովը, որ «հանկարծ դառնում է» Լենինի անվան հրապարակի գլխավոր ճառախոսը, գործադուլային եւ Հայաստանն ու ԼՂԻՄ-ը շրջափակելու շարժման «միակ կազմակերպիչը»: Եվ, ամենացայտուն սադրիչը` Աբուլֆազ Ալիեւը (Էլչիբեյը), որին, պարզվում է, 1976-ին ՊԱԿ-ի «ճիրաններից» ազատել էր Հեյդար Ալիեւը. «Ջահել տղա է, ցանցառ-ցանցառ դուրս է տալիս»,- ԿԿ բյուրոյի նիստում ասել էր ՊԱԿ-ի գեներալությունը կուսակցական առաջնորդությամբ փոխած ապագա «համազգային առաջնորդը»: Եվ` վերջինը. «Սումգայիթը կազմակերպել է ՊԱԿ-ը»,- պնդում են Ադրբեջանում: Իսկ Սեւիլ Ալիեւայի ամուսինը, Հեյդար Ալիեւի փեսան, որ «նահապետի» վերադարձից հետո պիտի անցներ դիվանագիտական աշխատանքի, 88-ին ՊԱԿ-ի գնդապետ էր... Իսկ թե ինչո՞ւ Բունիաթովը շրջանառեց «Սումգայիթը ձեռնտու էր հայ ծայրահեղականներին» միտքը, պատասխանը «ջրի երեսին» է. նրա «պատմագիտական հայտնագործությունների պիկը» համընկնում է Հեյդար Ալիեւի քաղաքական կարիերայի վերելքին` Բաքվում, ապա եւ Մոսկվայում: Եկել էր պատրոնին վարձահատույց լինելու ժամանակը... |