ՈՉ ԹԵ ԲԱՆԱԿՑԵԼ, ԱՅԼ ՀԱՐՎԱԾԵԼ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության ելույթին անդրադառնալովՙ Ադրբեջանի իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ եւ Միլլի մեջլիսի պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին հերթական անգամ խոսել է այն մասին, որ «եթե առաջարկությունները (ԼՂ խնդրի կարգավորման) դույզն իսկ շոշափում են տարածքային ամբողջականությունը, ապա երկիրը (Ադրբեջանը) մերժում է դրանք»: Նա շեշտել է, որ ադրբեջանական կողմի «փոխզիջումն այն է, որ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է, ինչի մասին բազմիցս հայտարարել է նախագահը (Իլհամ Ալիեւը)»: Գուրբանլիի կարծիքովՙ «Հայաստանը դեմ առ դեմ չի կարող պատերազմում դիմադրել Ադրբեջանին, այլ օգտվում է որոշ ուժերի հովանավորությունից»: Իշխող կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչն, այդուհանդերձ, խոստովանել է, որ «Ադրբեջանը չի կարող դուրս գալ բանակցային գործընթացից, քանի որ դա Հայաստանի կողմից կօգտագործվի քարոզչական նպատակներով»: Գուրբանլին միաժամանակ ասել է, որ Ադրբեջանը «Բանակցությունների սեղանի շուրջը ԵԱՀԿ Մինսկի խմբի, ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ Գլխավոր ասամբլեայի միջոցով շարունակում է հարվածել Հայաստանի դիրքերին»: Այլ կերպ ասած, պաշտոնական Բաքուն ոչ թե բանակցում, այլ «հարվածում է»: Ընդ որում, նաեւ ԵԱՀԿ Մինսկի «խմբի միջոցով»: Սա միջնորդների դերի շատ «օրիգինալ» ընկալում է, որ լիովին բնութագրում է Ադրբեջանի իշխող վարչախմբի դիվանագիտական «պատրաստվածությունը» եւ առհասարակ բանակցող պաշտոնյաների «մակարդակը»: Այդ մասին մեկ անգամ չէ, որ ասվել է: Որ Ադրբեջանում քաղաքական վերնախավը խոր ճգնաժամի մեջ է, օրերս ընդգծել է նաեւ հայտնի քաղաքագետ Պոլ Գոբլը: «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նա հստակ ձեւակերպել է, որ Ադրբեջանը «պետք է դաստիարակի քաղաքական գործիչների նոր սերունդ»: Իշխող կուսակցության առաջատար դեմքերից մեկի կողմից ԼՂ հարցով բանակցություններում իր երկրի դիրքորոշման մասին բացահայտումը վկայում է, թե որքան արդարացի է ամերիկացի քաղաքագետը: Գուրբանլին եւ իր կուսակիցները, որոնց բոլորին գլխավորում է Իլհամ Ալիեւը, իրոք, անհուսալիորեն մնացել են անցյալում եւ ունակ չեն համարժեք ընկալելու համաշխարհային զարգացումները: Ադրբեջանում նկատելի է խուճապ, որ վարչախումբը փորձում է քողարկել ամենատարբեր «սպառնալիքների» մասին տեղեկատվական շահարկումներով: Դրանք մերթ վերագրվում են Իրանին, մերթ` Ռուսաստանին: «Զերկալո»-ի մեկնաբանը չի զլացել նույնիսկ Ադրբեջանի շուրջը ձեւավորվող իրավիճակը համեմատել ... 2008 թվականի օգոստոսի հետ: Ակնարկը վերաբերում է տեղեկատվությանը, որ «Ռուսաստանը զորքեր է կուտակում Ադրբեջանի սահմանին` Դաղստանում»: Ըստ երեւույթին «Հայաստանին հովանավորող որոշ ուժեր» ասելիս Մուբարիզ Գուրբանլին հենց դա է նկատի ունեցել: «Չափազանց միամիտ կամ վարձահրավիրված են նրանք, որ պնդում են, թե Գաբալայից հետո ռուս-ադրբեջանական հարաբերություններում նեգատիվ չկա»,- կարծում է «Զերկալո»-ի մեկնաբանը եւ ավելացնում, որ «Բաքվում դա լավ են հասկանում»: Նա միաժամանակ կսմիթներ է հասցեագրում իշխող վարչախմբին, որ «անվտանգության արեւմտյան երաշխիքների հարցում ուշանում է»: Այս համատեքստում, սակայն «Հայաստանի դիրքերին հարվածելու» մասին Գուրբանլիի հոխորտանքները թվում են պարզ քաջնազարություն: Քանի որ, ըստ էության, այսօր անվտանգության երաշխիքներ ունենալու խնդիր հենց Ադրբեջանն ունի: Իսկ դա ենթադրում է «ՆԱՏՕ-ական ռազմահենակետեր Ադրբեջանում, եւ պարտադիր չէ, որ հնարավոր լինի միայն Իրանի դեմ պատերազմի դեպքում»,- եզրակացնում է «Զերկալո»-ի մեկնաբանը: Արեւմտյան մամուլը վերջերս գրել էր, որ Ադրբեջանի տարածքում «արդեն իսկ իսրայելական ռազմահենակետեր կան»: Գուցե դա՞ է ակնարկում Գուրբանլին` խոսելով «դիվանագիտական հարվածներ հասցնելու» նպատակադրվածությունից: Չափազանց վտանգավոր չէ՞, եթե Ադրբեջանի իշխող վարչախումբն ընտրել է ԼՂ խնդիրն աշխարհաքաղաքական «դիմակայության» համատեքստում տեսնելու ճանապարհը: Սա արդեն միջնորդների ուշադրության եւ համարժեք արձագանքի թեմա է: Մենք կարող ենք արձանագրել միայն, որ «հարվածներ հասցնելու» միջոցով որեւէ խնդիր դիվանագիտական լուծում ստանալ չի կարող: |