«ԱԴՐԲԵՋԱՆ» ՎԱՐՉԱ-ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԹՈՒՐՔՄԵՆՉԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ Վերաբերմունք արտահայտելով Թուրքմենչայի պայմանագրի առթիվՙ կառավարող «Ենի Ազարբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, Միլլի մեջլիսի պատգամավոր Սիավուշ Նովրուզովը հետեւյալն է ասել. «Շահ Իսմայիլի ժամանակներից ի վեր այնտեղ (Իրանում- Վ. Ա.) իշխանությունը գտնվել է ադրբեջանցիների, թյուրքերի ձեռքում: Մենք նույնպես այդ թյուրքերի սերունդներն ենք: Պարսիկները միշտ մեզնից կախվածության մեջ են եղել... Այդ հարցի (Թուրքմենչայի պայմանագրի վերանայման- Վ. Ա.) իրավական կողմը մեր օգտին է» (տես` http://haqqin.az/news/4922): Ավելի վաղ մենք գրել էինք Բաքվում իշխող վարչախմբի հովանու ներքո անցկացված «Ժամանակակից Հարավային Ադրբեջանի ապագան» թեմայով «գիտաժողովի» մասին, որի ընթացքում արտաքին քաղաքական հարցերով նախկին պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն կանխագուշակել էր իրանյան «մոլլապետության շուտափույթ կործանումը եւ Ադրբեջանի վերամիավորումը»: Իրանական կողմը նախ բողոքի նոտա էր հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին, ապա խորհրդատվություններ անցկացնելու նպատակով Բաքվից հետ կանչել իր դեսպանին: Հայտնի է դարձել նաեւ, որ Իրանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ նախաձեռնել են Թուրքմենչայի պայմանագրի վերանայման օրինագծի քննարկումներ: Սիավուշ Նովրուզովի «մեկնաբանությունն», այսպիսով, Ադրբեջանի իշխող կուսակցության տեսակետն է: «Բաժանված Ադրբեջանի» թեման Բաքվում ոչ միայն պատմագիտական կամ քաղաքական, այլեւ պետական կարեւորության փաստաթղթերում է շոշափված: Այն արտացոլված է սահմանադրության հիմք հանդիսացող «Պետական անկախության վերականգնման մասին» 1991թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական օրենքում, «Ադրբեջանցիների ցեղասպանության մասին» 1998թ. մարտի 26-ի նախագահական հրամանագրում: Այնպես որ Իրանի «տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը ճանաչելու մասին» Բաքվից հնչող «հավաստիացումները» միայն տուրք են հավուրպատշաճությանը: Խնդիրը հրատապություն է ստանում Իրանի շուրջն աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումների համատեքստում այն բանից հետո, երբ արեւմտյան մամուլում բացահայտ գրվում է, որ «Իսրայելը ռազմահենակայաններ ունի Ադրբեջանում»: Իրանական կողմի կոշտ արձագանքը վկայում է, որ Թեհրանը հարցին վերաբերվում է ամենայն լրջությամբ: Անկախ հետագա իրադարձություններից, փորձենք պարզել Թուրքմենչայի պայմանագրում «Ադրբեջան» վարչա-աշխարհագրական անվանման իմաստը: Պայմանագրի 15-րդ հոդվածում կարդում ենք. «Նորին գերազանցություն շահը կատարյալ եւ լրիվ ներում է շնորհում Ադրբեջան անվանվող մարզի բոլոր բնակիչներին եւ պաշտոնյաներին: Նրանցից ոչ ոք, ինչ խավի էլ պատկանի, չի կարող ենթարկվել հետապնդման, նվաստացման պատերազմի կամ նշված մարզի` ռուսական զորքերի կողմից շարունակվող գրավման ժամանակ իր կարծիքների, արարքների կամ վարքի համար» (տես http://www.hist.msu.ru/ER/Etext/FOREIGN/turkman.htm): Ինչպես հստակ հասկացվում է պայմանագրի նշված հոդվածից, պայմանավորվող կողմերը «Ադրբեջան» ասելիս նկատի են ունենում ոչ թե արդեն իսկ Ռուսաստանին անցած, այլ ռուսական զորքերի կողմից պայմանագրի ստորագրման պահին դեռեւս գրավման տակ պահվող տարածքը, որը ենթակա է հետագա ազատման եւ Իրանին վերադարձման: Իսկ դրա հետ կապված հարցերը կարգավորված են պայմանագրի լրացուցիչ հոդվածներով: Դրանց ընդհանուր իմաստն այն է, որ Ռուսաստանը Իրանին նշանակում է 20 մլն ռուբլու ռազմատուգանք, սահմանում վճարման ժամանակացույց: Միայն ռազմատուգանքի լրիվ վճարումից հետո է, որ ռուսական կողմը պարտավորվում է զորքերը դուրս բերել «Ադրբեջան անվանվող մարզից»: Ըստ էության, Իրանը Ադրբեջան կոչվող մարզը ռուսական բռնագրավումից փրկագնել է 20 մլն ռուբլով: Հարկ կա թերեւս անդրադառնալու նաեւ ադրբեջանական քարոզչության պնդումներին, թե «ռուսական ցարիզմը Թուրքմենչայի պայմանագրով կազմակերպել է հայ բնակչության զանգվածային տարաբնակեցում Երեւանի, Նախիջեւանի եւ Ղարաբաղի խանությունների տարածքներում»: Պայմանագրի 15-րդ հոդվածում ընդամենը նշված է, որ «նորին գերազանցություն շահը մեկ տարվա ընթացքում չպետք է խոչընդոտի Ադրբեջան անվանվող մարզի բնակիչներին եւ պաշտոնյաներին, ովքեր ցանկություն կունենան իրենց ընտանիքներով եւ ունեցվածքով անցնելու ռուսական մարզեր»: Միաժամանակ Ռուսաստանը արգելք չպետք է հանդիսանար, որ Երեւանի եւ Նախիջեւանի խանությունների նախկին պարսկահպատակ բնակիչներն ու պաշտոնյաները տեղափոխվեն «Ադրբեջան կոչվող մարզ», սակայն այստեղ պայման է դրվում, որ նրանց համար բնակության վայրեր ընտրվեն ոչ սահմանամերձ գոտիներում (տես` http://www.hist.msu.ru/ER/Etext/FOREIGN/turkman.htm/): Այսպիսով, խոսքը ոչ թե զանգվածային տարաբնակեցման, այլ մեկ տարվա ընթացքում հպատակություն փոխելու իրավունքի մասին է: Ամեն դեպքում, սակայն, Թուրքմենչայի պայմանագրով հստակ սահմանված է «Ադրբեջան» վարչա-աշխարհագրական տարածքի տեղը եւ կարգավիճակը. այն գտնվում է Արաքսից հարավ, ճանաչվում է իրանական: Իսկ Արաքսից հյուսիս տարածքներն անվանված են «նախկին խանություններ»: |