ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՑՈՒՑԱՏԱԽՏԱԿՆԵՐԻ ՎՐԱ Հ. Ծ. Ռամկավար մամուլի հաղորդագրությունների շրջանակներում Մասաչուսեթսից Ռոզարիո Թեիքսերան նշում է, որ ապրիլ ամսվա ընթացքում «Peace of Art» (Արվեստի խաղաղություն) ինկորպորացիան հայերի ցեղասպանության հիշատակի ցուցատախտակներ է տեղադրում Ֆոքսբորոյում, Ուոթերթաունում եւ Քեյմբրիջում: «Peace of Art»-ը ոչ շահութաբեր կրթական կազմակերպություն է, որն օգտագործում է արվեստի համընդհանուր լեզուն առաջ քաշելու մարդկային մտահոգությունները եւ խաղաղ լուծումներ գտնելու հակամարտություններին: Այս տարվա ցուցատախտակների վրա հանցագործի մատնահետքերն են նկարված: «98 տարիներ են անցել, բայց աշխարհի պատմությունը արատավորած այդ արյունալի մատնահետքերը դեռ մնում են: Հիշելով մեր անմեղ զոհերին, մենք մի անգամ եւս կոչ ենք անում համաշխարհային հանրությանըՙ հիշելու, ճանաչելու եւ դատապարտելու այդ ահավոր հանցագործությունը», ասել է կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Դանիել Վարուժան-Հեջինյանը, որը 2004-ից զբաղվում է այդ հարցով, համոզված լինելով, որ խնդիրը սոսկ հայկական չէ, այլՙ համամարդկային: Ցեղասպանութունը մարդկության դեմ գործված հանցագործություն է, որը չդատապարտվելու դեպքում շարունակում է արյուն թափել: Ռոզարիո Թեիքսերան հիշեցնում է, որ հայերի ցեղասպանությունը ճանաչել են ավելի քան 20 երկրներ եւ Ամերիկայի 42 նահանգներ, եւ կոչ է անում նախագահ Օբամայինՙ հարգել իր առաջին ընտրարշավի խոստումը: |