ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԹԻՄԸ ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ Ռուսաստանի շախմատի թիմային առաջնության 3-րդ տուրից հետո Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիայի թիմը 13 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Սերգեյ Մովսիսյանի թիմը 4,5-1,5 հաշվով պարտության մատնեց «Կազանին»: Մովսիսյանը 2 անընդմեջ հաղթանակներից հետո 4-րդ խաղատախտակի վրա հաշտություն կնքեց Իլդար Իբրահիմովի հետ: Սանկտ Պետերբուրգի թիմի հաղթանակն ապահովեցին Նիկիտա Վիտյուգովը, Զախար Եֆիմենկոն եւ Մաքսիմ Մատլակովը, որոնք պարտության մատնեցին իրենց մրցակիցներին: Առաջին խաղատախտակի վրա խաղում է հավակնորդների մրցաշարի մասնակից Պյոտր Սվիդլերը, որը հաշտություն կնքեց Գատա Կամսկու հետ: 11,5 միավորով 2-րդ տեղում «Մալախիտն» է, որը 4-2 հաշվով հաղթեց «Էկոնոմիստին»: «Պերսպեկտիվայի» կազմում հանդես եկող Արթուր Գաբրիելյանը հաղթեց Սերգեյ Գրիշչենկոյին, իսկ Գոռ Հայրապետյանը պարտվեց Գեւորգ Հարությունյանին: «Պերսպեկտիվան» ոչ-ոքի խաղաց Դեսնոգորսկի «Ատոմի» հետ, որի կազմում հիմնականում հայեր են: Բացի Գեւորգ Հարությունյանից, հաղթանակ տոնեց նաեւ Վահե Բաղդասարյանըՙ պարտության մատնելով Վասիլի Պապինին: Տիգրան Սիմոնյանը ոչ-ոքի խաղաց Օլեգ Գլադուչեւի հետ, իսկ Գեորգի Պողոսյանը զիջեց Անդրեյ Զոնթախին: «Պերսպեկտիվան» 8,5 միավորով 18 մասնակիցների մեջ ընթանում է 11-րդ տեղում, իսկ «Ատոմը» 3,5 միավորով 16-րդն է: |