RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11 > #058, 2013-04-12 > #059, 2013-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013



Տեղադրվել է` 2013-04-10 23:52:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1110, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 48

2012-Ի ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ 2013-Ի ԶԱՏԻԿԸ

ԽԱՉԱՏՈՒՐ ՓԻԼԻԿՅԱՆ, Լոնդոն, Չնչին հապավումներով թարգմ.ՙ Հ. Ծ.

Հավանաբար չմոռանալով 1937-38 թվերին Աթաթուրքի կառավարությանՙ Դերսիմում կազմակերպած 80 հազար ալավիների կոտորածը, որին զոհ գնացին հիմնականում կանայք, երեխաներ եւ մեծահասակներ, ահա թե վերջերս ինչ հայտարարեց բավականին սառնասրտությամբ ամերիկացի մի դեսպան: Վաշինգտոնում Հոլոքոսթի հիշատակի թանգարանի հյուրընկալած հանդիպման ընթացքում նախկին Հարավսլավիայում էթնիկական զտումների ականատեսը դարձած ամերիկացի նախկին դեսպան Պիտեր Գալբրայթը բառացիորեն ասաց. «Հաջորդ ցեղասպանությունը աշխարհում տեղի է ունենալու ամենայն հավանականությամբ Սիրիայի ալավիների դեմ»:

Խոստովանեմ, որ քննադատաբար եմ վերաբերվում այս երրորդ, Իրաքից եւ Լիբիայից հետո, անմարդկային սոցիալական եւ մշակութային վանդալիզմին, որ տեղի է ունենում Սիրիայում: Չեմ տատանվում բոլորի ուշադրությունը հրավիրել անկայունություն սերմանող զինված խմբավորումներիՙ ջիհադիստների ցեղասպանական արարքներին, որոնք ամբողջ Սիրիայում փորձում են «ոչնչացնել անհավատներին» ամենուրեք, այսինքնՙ բոլոր նրանց, ովքեր դեմ են իրենց կույր անհանդուրժողականությանը: Նրանք այժմ նույնիսկ քրիստոնյա հայերին են թիրախ ընտրել: Հալեպի Սբ Գեւորգ եկեղեցու վանդալական հարձակումից եւ Դեր Զորի ցեղասպանության հուշահամալիրի սրբապղծումից հետո, ըստ «Շամ թայմս» թերթի հաղորդումների, Զամլակայում (Դամասկոսի արձարվաններից) մի ամբողջ ընտանիք (այր ու կին, երեք երեխաներ եւ հորաքույր) է սպանվել նրանց կողմից:

Ավելորդ է ասել, որ ջիհադիստների այս բոլոր ոճրագործությունները անպատիժ ի կատար են ածվել «Մեծ Բոսերի մարդկային օժանդակության» լոզունգի ներքոՙ ՆԱՏՕ-ի հովանու ներքո Թուրքիայում վարժեցված մոլեռանդների կողմից: Իսկ նրանց էլ հովանավորել է Քաթարում եւ Սաուդյան Արաբիայում բազմած, նավթի եկամուտներով հարստացած իշխանական վերնախավը: Սա, ինչ խոսք, մեծագույն վիրավորանք է ուղղված ամբողջ արաբական աշխարհի եւ իսլամիՙ որպես կրոնի դեմ, որը քարոզում է, որ «թշնամանք չկա կրոնների մեջ» (Ղուրան, Սուրաթ Էլ Բաքարա):

Աստված մի արասցե, որ վատագույնը կատարվի: Ափսոս, սակայն, որ կարծես ամեն ինչ պատրաստ է դրա համար: Ամեն ինչ պատրաստ է, որ ահաբեկիչները քիմիական զենք օգտագործեն եւ հետո աշխարհին հայտարարեն, որ սիրիական կառավարությունն է օգտագործել: Չէ՞ որ այսպես կոչված «Սիրիայի ստվերային (կամ տարագրյալ) կառավարությունն» արդեն իսկ ինքնակոչ մի «կոմունիստ-քրիստոնյա» առաջնորդ ունի, որի քաղաքական եւ կրոնական «հասունության» մասին ամպագոռգոռ խոսում են ջիհադի ղեկավարները:

Ինձ համար առնվազն, այս իրադարձությունները հուշում են, որ եթե եւ երբ ջիհադիստ ահաբեկիչները հաղթեն Սիրիայում, նրանք ՆԱՏՕ-ին հնազանդ թուրք կառավարական զորախմբերի համագործակցությամբ իրագործելու են քրդերի էթնիկական զտումները ճիշտ այնպես, ինչպես երիտթուրքերը, այնուհետեւ քեմալականները ի կատար ածեցին հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ մոտ մեկ դար առաջ:

Քրդերն այժմ «հարմար թիրախ են» օտարերկրացի ջիհադիստների համար, որպեսզի նրանցից անտեղյակների գլուխները լցնեն, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմ է տեղի ունենում, պարզապես որովհետեւ քրդերն այնտեղ ընդամենը մոտ 3 միլիոն են: (Համեմատելու համար նշենք, որ 15 տարի տեւած լիբանանյան եղբայրասպան ողբերգության օրերին պատերազմող կողմերը լիբանանցիներ էին, եւ զավեշտալին այն է, որ սիրիական զորքերն այնտեղ էին գնացել Մ. Նահանգների խնդրանքներին տեղի տալով: Ինչպիսի դիվային ծրագիր էր, որ հետագայում ատելություն սերմանվի Լիբանանի եւ Սիրիայի քաղաքացիների միջեւ: Լիբանանն այդ ժամանակ 150 հազար զոհ տվեց: Ինչպիսի՞ն կլինի այդ թիվը Սիրիայի պարագայում եւ ո՞վ կշահի դրանից):

Անկասկած, Սիրիայի ներկա ողբերգությունը, Իրաքի եւ Լիբիայի վերապատրաստական փորձերից հետո, մտնելու է 21-րդ դարի բազմապետական մեծագույն (ցեղասպանական չափերի) ոճրագործությունների հորձանուտը:

Հաագայի խաղաղության պալատի (որտեղ տեղավորված է Արդարադատության միջազգային դատարանը) հիմնարկումից մի քանի ամիս անց բռնկվեց Առաջին աշխարհամարտը, որի ընթացքում իրագործվեց, նացիստների համագործակցությամբ, հայերի ցեղասպանությունը: Քառորդ դար անց բռնկվեց Երկրորդ աշխարհամարտը, որի ընթացքում էլ իրագործվեց հրեաների հոլոքոսթը: Այնուհետեւ, դարձյալ մոտ քառորդ դար անց, Վիետնամի ցեղասպանական պատերազմը տեղի ունեցավ, որը նեոիմպերիալիստական հրձիգների համար դարձավ «նորմա», որը հետագայում Աֆղանստանում իրականացվեց «ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հաստատման» քողի ներքո:

Այդ նույն քողի ներքո իրադարձություններ ծավալվեցին Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում եւ այժմ էլ ծավալվում են Սիրիայում, որտեղ ժողովուրդը խաչվում է մինչեւ ատամները զինված ջիհադի մոլեռանդ անհանդուրժողականների ձեռքերում: Վերջիններին հովանավորում են Մերձավոր Արեւելքի ամենաանմարդկային եւ ամենաանժողովրդավարական վարչակարգերը, որոնք սկզբից եւեթ դեմ էին բանակցելու եւ խաղաղ լուծում գտնելու առաջարկներին:

Աղոթում եմ ամենակարող ժամանակին, որ Մերձավոր Արեւելքում թեւածող ապոկալիպսի վերջին օրերի ուրվականը ընդամենը վատ երազ է կամ մեր անհանգիստ ժամանակների յուրօրինակ «միրաժ» - ոչ թե դժբախտ իրականություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ