«ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ Գ. Մ. Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում ապրիլի 10-ի երեկոյան կայացավ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացումը: Քաղաքի մշակութային կյանքի այս կարեւոր իրադարձությունը, որին մասնակցության հայտ են ներկայացրել 2415 երիտասարդ ու հասուն կատարողներ աշխարհի 30 երկրներից, այս անգամ նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին եւ Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին: Ժամը 17-ին նշանակված բացման արարողությունը սկսվեց գրեթե մեկ ժամ ուշացումով, ինչն իր ողջույնի խոսքում տեխնիկական պատճառներով բացատրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ներողություն խնդրելով լի դահլիճում ներկաներից: Բայց մարդիկ նաեւ դրսում էին գեղեցիկ հրավիրատոմսերը ձեռքերին երկար ու անորոշ սպասել, երբ միջոցառումը սկսելու ժամին նույնիսկ թատրոնի մուտքը նրանց առջեւ դեռ չէին բացում... Լուսաբանելու հրավիրված լրագրողներին էլ պատահական տեղեր էին հատկացվել դահլիճի հետին շարքերում, որտեղ աշխատելու` ձայնագրելու, լուսանկարելու, պետք եղած մարդկանց հարցեր տալու պայմաններ, բնականաբար, չկային: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո անցկացվող փառատոնին ընթերցվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնության գիրը, համերգային ծրագրին մասնակցեցին միջոցառման պատվավոր հյուր եւ մրցութային հանձնախմբի անդամ անվանի արվեստագետներ: Փառատոնի մրցույթները, ինչպես տեղեկացվել է, կանցկացվեն ապրիլի 11-ից 17-ը, հաղթողների պարգեւատրումն ու գալա համերգը` 18-ին: Իրենց անվանակարգերում 13 բացարձակ հաղթողները կարժանանան Մեծ մրցանակի, իսկ 48 ենթաանվանակարգերում հաղթողները` առաջինից երրորդ կարգի մեդալների, դիպլոմների եւ «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչման: Սահմանված են նաեւ բազմաթիվ այլ, այդ թվում` հատուկ մրցանակներ Էդվարդ Միրզոյանի, Ֆլորա Մարտիրոսյանի, Ժան Տեր-Մերկերյանի եւ այլոց անուններով: |