ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ` ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՑԱՎԱԼԻ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ Մ. Խ. Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի` ռուսական 102 ռազմաբազայի տարածքում տեղի ունեցած ցավալի դեպքի մասին հարցին, նշել է, թե ռուսական բազան պայմանագրով օգտագործում է հողատարածքներ եւ շինություններ, ունի երկու ուսումնական դաշտ, եւ ցավալի դեպքը տեղի է ունեցել բազայի օգտագործած տարածքում, պատասխանատուն էլ ռուսական բազայի ղեկավարությունն է: Ռուսական հրամանատարությունը միշտ զգուշացնում է բնակչությանը, հիմա էլ պետք է լրացուցիչ զգուշացումներ արվեն, բայց տեղը ցանկապատված չէ: Ս. Օհանյանն ասաց, որ այդպիսի դեպքերը տեւական զորավարժությունների վայրերում հիմնովին բացառել հնարավոր չէ, քանի որ տարիներով զորավարժությոնների ընթացքում չպայթած ականներ են մնում, դրանք վնասազերծելը շատ դժվար է` պետք է խիստ զգուշացնել բնակչությանը, ականազերծելու ուղղությամբ աշխատանքներ եւս տանել: Միեւնույն ժամանակ նա տեղեկացրեց, որ բազայի հրամանատարության հետ համաձայնություն է ձեռք բերվել աջակցություն ցուցաբերելու զոհված երեխաների ընտանիքներին: |