ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՈՂ Է, ԻՍԿ ՆԱԽԱԳԱ՞ՀԸ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Ադրբեջանի վերահսկիչ պալատը փախստականների եւ հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի 2012թ. գործունեության արդյունքների աուդիտի եզրակացության մեջ հայտնաբերել է խոշոր խախտումներ եւ յուրացումներ: Բյուջեից հայտնաբերվել է 283 200 մանաթի յուրացում, ինչպես նաեւ` 267 000 մանաթի ոչ նպատակային ծախս (տես` http://haqqin.az/news/5075): Որոշ դեպքերում սխալ են ձեւակերպվել հաշվապահական փաստաթղթերը, պարզվել է, որ փախստականներին եւ հարկադիր տեղահանվածներին դեղորայքով եւ սննդամթերքով ապահովելու մրցույթներում «մշտապես հաղթող են ճանաչվել նույն անձինք, որոնք կասկածելի գործարքներ են կնքել համապատասխան արտոնագիր չունեցող կազմակերպությունների հետ» (նույն տեղում): Փախստականների եւ հարկադիր տեղահանվածների բնակության վայրերում անցկացված վերանորոգման աշխատանքների դիմաց վճարվել են փաստացի ծավալները գեազանցող գումարներ, ապացուցվել է, որ դուրս է գրվել ահռելի չափերով վառելիք, իսկ վերանորոգման աշխատանքների եւ ձեռք բերված գույքի գները փաստաթղթերում պարզապես նշված չեն: Չի պահվել կոմունալ ծախսերի վճարման հաշվարկ, մի շարք դեպքերում փախստականների եւ հարկադիր տեղահանվածների բնակության վայրերը թվարկված են տարբեր շրջաններում, ինչը, բնականաբար, արհեստականորեն մեծացրել է նաեւ հիշյալ կարգի անձանց ընդհանուր թվաքանակը: Ըստ պաշտոնական վիճակագրությայն, մասնակի փոխհատուցմամբ էլեկտրաէներգիայից օգտվում է 555 475 անձ, ջրից` 526 610, գազից` 352 635 անձ: Վերահսկիչ պալատն այս թվերը գնահատել է «ուռճացրած»: Ամենատարբեր ատյաններում, մինչդեռ, Ադրբեջանը խոսում է արդեն «1 200 00-ից ավելի փախստականների եւ հարկադիր տեղահանվածների ցուցաբերվող պետական աջակցության» մասին: Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի վերահսկիչ պալատը նշված կարգի անձանց նույնիսկ 352 635 թվաքանակն է ոչ իրական ճանաչել: Բայց միայն դա չէ հիշյալ տեղեկատվության «աղը»: Հայտնի է, որ Ադրբեջանում փախստականների եւ հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահը միաժամանակ զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոն: Շուրջ 15 տարի այն գլխավորում է Ալի Հասանովը` ադրբեջանական քաղաքական իսթեբլիշմենթի թերեւս ամենաօդիոզ անձնավորություններից մեկը, որ ժամանակ առ ժամանակ էկզոտիկ հայտարարություններ է անում Ադրբեջանի «Հայաստանի կողմից պատճառած հարյուրավոր միլիարդ դոլարի հասնող վնասի» կամ ԼՂՀ տարածքն իբրեւ «թմրանյութերի տարանցման երթուղի ծառայեցնելու» մասին: Ադրբեջանի վերահսկիչ պալատն, ինչպես տեսնում ենք, Ալի Հասանովի գլխավորած գերատեսչությունում հայտնաբերել է պետական միջոցների խոշոր չափերով յուրացումներ: Հասանովն, այսպիսով, «իր հացն աշխատում է» իրականում փախստականների եւ հարկադիր տեղահանվածների համար հատկացված բյուջետային միջոցներից: Սա կարելի էր համարել չինովնիկական «պարզ» ամենաթողություն, եթե չլիներ մի շատ էական հանգամանք. Ադրբեջանում ողջ գործադիր իշխանությունը սահմանադրությամբ պատկանում է նախագահին, նա է խորհրդարանին ներկայացնում բյուջեի նախագիծը, նրա անմիջական կարգադրությամբ են բյուջեից ֆինանսական հատկացումներ կատարվում: Այս պայմաններում Ալի Հասանովի «չարաճճիությունները» չեն կարող լինել նրա ինքնագործունեության արդյունք: Ստացվում է, որ կառավարության օրինական նախագահ Իլհամ Ալիեւը չէր կարող տեղյակ չլինել, թե փոխվարչապետ Ալի Հասանովն ինչպես է ծախսում բյուջետային միջոցները: Ըստ էության, յուրացումների համար ուղղակի պատասխանատվություն պետք է կրի նաեւ Իլհամ Ալիեւը: Երբ գողության մեջ բացահայտվում է փոխվարչապետը, նրա անմիջական ղեկավարը` նախագահ Իլհամ Ալիեւը չպետք է իրեն «Կեսարի կնոջ» տեղ դնի: Ադրբեջանական հասարակությունը քաջատեղյակ է, թե ով ինչպես եւ ում թողտվությամբ է մսխում պետական գանձարանը: |