ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԸ` ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՄԻ ՆՈՐ ՓՈՐՁ ՈՒ ՀԱՆԳՐՎԱՆ ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 22-ից 24-ը մայրաքաղաք Երեւանում տեղի կունենա «Հայերենն իմ սրտում» համահայկական երիտասարդական համաժողովը, որը մի նոր քայլ է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, լեզվամշակութային խնդիրների արծարծման, համազգային շահերի եւ իրավունքների պաշտպանության ճանապարհին: Նախարարությունն արդեն տեւական ժամանակ իր առաջնահերթություններից է համարում համաժողովների կազմակերպումը, քանզի սրանք դառնում են հայահավաքի ուշագրավ ազդակներ եւ ցրում այն թյուր պատկերացումները, թե աշխարհի հայազանգվածն ապրում է հատվածական շահերով` իրարից զատված ու հեռացած: Սփյուռքի նախարարության գոյությամբ արդեն լուծվում են մի շարք համազգային խնդիրներ, մասնավորաբար համաժողովների շնորհիվ հայտածվում են հիմնահարցեր, որոնք իրենց լուծումներին են սպասում: Նախորդ բոլոր համաժողովները հաստատել են, որ անջատ-անջատ գործելովՙ անհնար է հասնել միասնության ու միակամության, մինչդեռ այսօր իբրեւ համազգային գերխնդիր է ներկայանում հարցը: Որեւէ մեկին գաղտնիք չէ, որ Սփյուռքն էլ ինչ-որ տեղ գնում է դեպի կազմաքանդումն ու տարրալուծումն այլ մշակութային շերտերի մեջ, Սփյուռքի մի շարք հատվածներ կորցնում են լեզուն, հայեցի կրթությունը, մշակութային այն հարուստ ժառանգությունը, որը ձեւավորվել է դարերի ընթացքում: Հետեւաբար, այսօր հենց համաժողովների ու համախմբումների նախաձեռնությունների միջոցով է անհրաժեշտ հասնել միասնական համազգային նպատակների: Սփյուռքի նախարարությունն այս անգամ իր սեւեռման կենտրոն է բերել երիտասարդությանը: Եվ սա ողջունելի է, քանզի հենց երիտասարդությունն է այսօր կանգնած ուծացման, ազգային արժեքներից օտարման ցավալի ճանապարհին: Տարբեր առիթներով նշել ենք, որ Սփյուռքի լեզվապահպանության այնպիսի կարեւորագույն հանգրվաններ, ինչպիսիք են գրականությունը, թատրոնը, այլեւս կորցնում են երիտասարդ ուժերի: Ազգային կառույցներից եւս ոչ միտումնաբար դուրս է մղվում երիտասարդությունը: Եվ հենց Սփյուռքի նախարարությունն է իր վրա վերցրել երիտասարդություն-հայրենիք կապի ամրակայման գործառույթը` հավատալով, որ ամեն մի նոր նախաձեռնություն կարող է մի նոր քայլ լինել դեպի հայապահպանությունն ու հայահավաքը: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ աշխարհասփյուռ հայության, հայ երիտասարդության համար արդի մարտահրավերներին դիմագրավելու առաջնահերթ եւ կարեւորագույն պայմանը համախմբվելն է: Մենք պետք է գիտակցենք, որ հայության փրկությունը իր հավաքական ուժի մեջ է: Առանց միասնության, առանց ջանքերի միավորման մենք կենսունակ չենք ու չենք կարող դիմագրվել մեր գոյությանը նետված մարտահրավերներին: Հենց այսպես են մտածել Սփյուռքի նախարարությունում` նախաձեռնելով երիտասարդության համաժողովը, որի ընթացքում լսվելու են տարբեր զեկուցումներ` նվիրված հայապահպանության տարբեր խնդիրներին: Համաժողովի ենթահիմքում այն մտայնությունն է, որ ներկա իրավիճակում ողջ հայ ժողովրդի համար բացառիկ գերակայությունն ունեցող խնդիրը անկախ Հայաստանի եւ հայոց պետականության ամրապնդումն ու հզորացումն է: Տնտեսապես, սոցիալապես հզոր Հայաստանն է այն վահանը, որ կարող է պաշտպանել համայն հայությանը: Այստեղ շատ անելիքներ ունեն ոչ միայն հայաստանաբնակները, այլեւ Սփյուռքը: Մենք պետք է գիտակցենք, որ եկել է ժամանակը պատմական հայրենիքի նկատմամբ զգացմունքային վերելքի մթնոլորտից տեղափոխվելու գործնական աշխատանքի դաշտ, միասնաբար ընդգրկվելու Հայաստանի խնդիրների լուծման գործընթացներին: «Հայաստանը բոլոր հայերիս հայրենիքն է» կարգախոսով Հայաստանի հզորացմանը, հայ պետականության վերելքին, ամրապնդմանն ու զարգացմանը ծառայելը պետք է դառնա յուրաքանչյուր հայ երիտասարդի կյանքի հիմնական ու նվիրական կոչումը: Համաժողովը, բնականաբար, անդրադարձ է կատարելու ինչպես Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրներին, որոնք այսօր համազգային ծրագրի բաղկացուցիչ մաս են կազմում, այլեւ հայացք է հառելու Լեռնային Ղարաբաղի խնդրին` իբրեւ ազգային գոյության ճանապարհի կարեւորագույն հանգրվաններից մեկի: Իրապես, համազգային կարեւորագույն խնդիր է մնում Արցախի հիմնահարցը որպես ոչ միայն հայության մի հատվածի, այլեւ համայն հայության հետագա առաջընթացի եւ զարգացման, համազգային միասնության ու համախմբվածության խնդիր: Այսօր Հայաստանն ու Սփյուռքը հաստատակամորեն հայտատարում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության պայքարին մեր նվիրվածության մասինՙ օգտագործելով միջազգային իրավունքի ընձեռած բոլոր հնարավորությունները: Ելնելով վերոհիշյալիցՙ համաժողովը կոչ է անելու Հայաստանի, Սփյուռքի երիտասարդությանը ակտիվորեն մասնակցել այդ պայքարին, քարոզչության միջոցով ազդել միջազգային հանրության, միջազգային կառույցների քաղաքական ղեկավարության վրաՙ եզրահանգելու, որ Արցախի ժողովուրդը պետք է ապրի ազատ, անվտանգ եւ կառուցի իր պատմությունը: Այսօր մենք պետք է համաշխարհային ահազանգ հնչեցնենքՙ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ագրեսիվ հարեւանից պաշտպանելու համար: Համաժողովն իր ուշադրությունն է սեւեռելու համազգային կյանքի կարեւորագույն խնդիրներից մեկինՙ Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման եւ զարգացման հիմնախնդրին:: Սփյուռք-Հայրենիք գործակցությունը բազմաշերտ է եւ բազմաբնույթ, եւ հատկապես երիտասարդության դերակատարությունը շատ մեծ է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազգային մշակույթի եւ ավանդույթների ապահպանումն ու զարգացումը, կրթական ծրագրերի մշակումն ու իրագործումը, Սփյուռքի եւ Հայրենիքի երիտասարդների միջեւ գիտական արդյունքների եւ նորամուծությունների փոխանակումը, տնտեսական եւ մշակութային համագործակցության ակտիվացումը եւ այլն: Համաժողովի հրավիրման գաղափարն ընդգծում է նոր մարտահրավերների համատեքստում հայապահպանության, ազգային ինքնության, հայոց լեզվի, մշակույթի, սովորույթների պահպանման անհրաժեշտությունըՙ որպես Սփյուռքում ուծացման դեմ պայքարի կարեւոր գործոն: Սփյուռքի նախարարության գոյությունը եւ հրավիրած սույն համաժողովը վկայում է Հայրենիքի հետ Սփյուռքի կապերի որակական նոր մակարդակի մասին, ուստի նախաձեռնողներն ամեն ինչ են անելու` այն ավանդական դարձնելու համար: Այսօրվա մարտահրավերներն առաջին հերթին շոշափում են երիտասարդների շահերը: Ներկա կոնֆլիկտային աշխարհում բախումների, պատերազմական ընդհարումների հորձանուտում ամենից շատ տուժում եւ զրկանքներ է կրում հենց երիտասարդությունը: Ուստի հենց Հայրենիքն ու Սփյուռքը համատեղ ջանքերով պետք է լծվեն խաղաղության մշակույթի եւ ժողովրդավարության զարգացման գաղափարի իրագործմանը: Երիտասարդությունն է առաջին հերթին տառապում տնտեսական ճգնաժամից, սոցիալական ցնցումներից, եւ բնականաբար հենց սա պետք է գիտակցել եւ ակտիվորեն մասնակցել կայուն զարգացման գաղափարի իրագործմանը: Ուրախությամբ պետք է արձանագրել, որ արդեն ստացվել է շուրջ 300 հայտ աշխարհի 20 երկրից, իսկ սա նշանակում է, որ Սփյուռքում շատ երիտասարդներ գիտակցում են համաժողովի դերն ու նշանակությունը: |