RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #63, 19-04-2013



Տեղադրվել է` 2013-04-18 23:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1837, Տպվել է` 95, Ուղարկվել է էլ.փոստով` 77

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե, օրինակ, շուկայում լոլիկ վաճառողի հետ դուք համակարծիք չեք` լոլիկի գնի շուրջ, ապա դա չի նշանակում, որ դուք ընդդիմություն եք: Այսինքն, ամեն անգամ ինչ-որ միջավայրում հակառակ կարծիք ունենալը դեռ ընդդիմադիր լինելու ապացույց չէ: Այսպես կոչվելու համար պետք է լինի հստակ գործող սկզբունքային դիրքորոշում, ինչը ընդունում է տվյալ միջավայրի մեծամասնությունը, շեշտում ենք` մեծամասնությունը, եւ ինչին դուք համակարծիք չեք:

Քաղաքական դաշտում, գործընթացներում, ընդդիմությունը չի կարող այդպես կոչվել, եթե մեծամասնություն է: Այսինքն, մեծամասնություն դառնալով ընդդիմությունը դադարում է ընդդիմություն լինելուց` վերածվելով իշխանության: Սա, եթե կուզեք, սահմանում է` ընդունված ամբողջ աշխարհում:

Ընդ որում, դասական ընդդիմությունը ներկայացված է նաեւ պետական կառավարման որոշ օղակներում (ինչը չի նշանակում ընդդիմության «ծախվածություն»), հատկապես ներկայացված է տնտեսական ոլորտում, սոցիալական ու հասարակական տարբեր խմբերում, այսինքնՙ ունի ռեալ ուժ: Եթե, օրինակ, որեւէ երկրում իշխանության քաղաքական քայլի հետեւանքով ընդդիմությունը գործադուլ է հայտարարում, այդ գործադուլի հետեւանքներն անմիջապես զգացվում են պետության ներսում գործընթացների կազմակերպման արդյունավետության վրա:

Սակայն մեր երկրում ընդդիմությունը, որը չի տիրապետում եւ ոչ մի կառավարական ռեսուրսի, ամենեւին էլ վերոհիշյալ սահմանմանը չի համապատասխանում: Հայաստանում ընդդիմադիր լինել նշանակում է պայքարել իշխանության դեմ` վերջինիս բացառապես քննադատելով, անգամ այն հարցերում, որտեղ իշխանությունն իրավացի է, այդ իրավացիությունը դիտարկելով որպես թերացում: Մեր երկրում ընդդիմադիր լինել նշանակում է քննադատել իշխանությանը եւ... վերջ: Նորաստեղծ ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն, օրինակ, տվել է հայաստանյան (գուցե համաշխարհայի՞ն) ընդդիմության իր սահմանումը: Ըստ այդմ` «Նա, ով քննադատում է ընդդիմադիր գործընկերներին, չի կարող համարվել ընդդիմություն»: Ստացվում է, որ ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարում, ՀԱԿ կուսակցության հիմնադիր նախագահ Տեր-Պետրոսյանը, համաձայն «զուրաբյանական« սահմանման, քննադատելով իր ընդդիմադիր գործընկերներից Րաֆֆի Հովհաննիսյանին, փաստորեն, ընդդիմություն չի կարող համարվել:

Հետեւաբար կամ Տեր-Պետրոսյանին չենք կարող ընդդիմություն անվանել, կամ Զուրաբյանը չգիտի ընդդիմության սահմանումը: Իրականում ամեն ինչ պարզ է, իրականում ընդդիմության միակ նպատակը իշխանության քայլի պիտակավորումն ու քննադատությունը չէ: Ընդդիմությունը ունի նպատակ` իշխանություն դառնալու, այդ ճանապարհին, բնականաբար, քննադատում է իշխանությանը, բայց ընդդիմության քաղաքացիական ճամբարը միայն իշխանությանը քննադատելով չի ավելանում, այն ավելանում է, երբ ընդդիմությունը քննադատում է ճիշտ թիրախավորված, ճշմարտությունը բացահայտելով, իրական այլընտրանք առաջարկելով... Ասենք, շուկայում եթե դուք այլընտրանքային գնով լոլիկ չեք կարողանում գտնել, ուրեմն պետք է համաձայնեք, որ իրականում լոլիկը հենց այդ` առաջարկվող գինն ունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #63, 19-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ