RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #63, 19-04-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-04-18 23:45:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1727, Տպվել է` 94, Ուղարկվել է էլ.փոստով` 74

ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Միասեռականների քրեականացումից մինչեւ բյուջեի թափանցիկություն

Երեւանի ավագանու թեկնածուները երեկ «Մեդիա կենտրոնում» քննարկեցին Երեւանի բյուջեին կապված իրենց ծրագրերը, մասնավորապես, թե ինչպես ավելացնեն Երեւանի բյուջեն:

Ըստ պաշտոնական տվյալների` Երեւանի բյուջեն կազմում է 65 միլիարդ դրամ, որն ավելացնելու ուղղությամբ ամեն կուսակցություն ու թեկնածու առաջարկում են իրենց ծրագրերն ու դիտարկումները:

«Բարգավաճ Հայաստանից» Պողոս Փլավչյանը նշում է, որ պետք է ապահովել լուրջ համագործակցություն մասնավոր սեկտորի հետ ու նրանից եւս ակնկալել ներդրումներ: ՀՀԿ-ից Վահե Նիկոյանը նույնպես կողմ է մասնավոր սեկտորի ու համայնքների միջեւ համագործակցությանը. «Մայրաքաղաքում անցյալ տարի կառուցված վերգետնյա անցումները հենց մասնավոր սեկտորի ու համայնքների համագործակցության հետեւանքն են, ու մեր համագործակցությունը շարունակական կլինի»:

Իսկ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը ասում է, որ իրենց կուսակցությունը նախատեսում է առաջիկա 4 տարիներին Երեւանի բյուջեն հասցնել մինչեւ 400 միլիարդ դրամի, դրան հասնելու ուղիներից մեկն էլ, ըստ Արծվիկ Մինասյանի, այն է, որ Երեւանում ստացված եկամտահարկերի ու շահութահարկերի 30 տոկոսը գնա Երեւանի բյուջե: Բացի դրանից` Արծվիկ Մինասյանը գտնում է, որ Երեւանի ավագանին պետք է իրականացնի հսկողություն բյուջեի կատարման նկատմամբ. «Եվ ակնկալում ենք, որ վերահսկողությունը վստահվի ընդդիամադիր ուժերին»: Օրինակ` «Երեւան հիմնադրամը», ըստ Արծվիկ Մինասյանի, փակ կառույց է, ու ոչ մի տեղ քաղաքացին չի կարող գտնել դրա հաշվետվությունը: Ընդհանրապես, քաղաքային բյուջեն, վերջինիս խոսքով, կատարվում է թափանցիկության նվազագույն պայմաններում:

Բյուջեի կատարման արդյունավետությունը թափանցիկ դարձնելուն կողմնակից է նաեւ «Բարեւ, Երեւան» դաշինքի ավագանու թեկնածու Սիմոն Ղոնախչյանը , ըստ նրա` Երեւանում իրականացվում են ծրագրեր, որոնց արդյունավետությունը դժվար է գնահատել, հետեւաբար անհրաժեշտ է անցնել ծրագրային բյուջետավորման: «Նաեւ կարեւոր է, որ ավագանին քաղաքական գնահատականներ տա բյուջեի կատարմանը: Սակայն Երեւանի 2012-ի բյուջեի կատարմանը քաղաքական գնահատական չի տրվել», ասում է Սիմոն Ղոնախչյանը:

Երեւանի բյուջեն ավելացնելուն ուղղված տարբերակներ առաջարկեց նաեւ «Առաքելություն» կուսակցության թեկանածու Մեսրոպ Առաքելյանը: Տարբերակներից մեկն էլ համատիրությունների համակարգի վերացումն է, քանի որ, ըստ Մեսրոպ Առաքելյանի , համատիրություններն աշխատում են անարդյունավետ. այսինքն` Երեւանի բյուջեն կարելի է ավելացնել այն գումարով, որը համատիրությունները հավաքում են բնակիչներից, սակայն չեն ծառայեցնում հօգուտ բնակիչների:

Քննարկմանը հրավիրված էին նաեւ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը եւ «Համայնքների ֆինանսիստների միավորման» նախագահ Վահան Մովսիսյանը:

Թաթուլ Մանասերյանը թեկնածուներին ուղղված իր հարցերում շեշտը դրեց քաղաքի անհամաչափ զարգացման, տարիներ շարունակ ապօրինաբար ձգձգվող շինարարությունների ու Երեւանի քաղաքապետարանին հարող զբոսայգում պտտվող միասեռականների հարցերի վրա: Թաթուլ Մանասերյանին հետաքրքրում են, թե ավագանու թեկնածուներն ի՞նչ լուծումներ են նախատեսում այս հարցերի համար:

ՕԵԿ թեկնածու Ջուլիետա Թադեւոսյանը , որի կարծիքով համատիրությունները կարող են շատ հարցեր լուծել, սակայն դրանց գործառույթները ճիշտ չեն կատարվում, ասում է` բնակիչներից վերցված գումարով համատիրությունները կարող են լուծել շենքերի շրջակայքի լուսավորման հարցը: Իսկ ձգձգվող շինարարությունների վերաբերյալ Պողոս Փլավչյանը նշում է, որ դա պետք է կարգավորվի համապատասխան օրենսդրությամբ ու կառուցողների հանդեպ տույժեր ու տուգանքներ սահմանելով, ինչի հաշվին եւս հնարավոր է ավելացնել մայրաքաղաքի բյուջեն:

Իսկ համաչափ զարգացման վերաբերյալ Սիմոն Ղոնախչյանը նշում է` որոշակի նախարարություններ, մշակութային օջախներ եւ ակտիվ գործող այլ կառույցներ պետք է տեղափոխվեն կամ բացվեն Կենտրոնից բացի նաեւ մյուս վարչական շրջաններում:

Ինչ վերաբերում է միասեռականների հարցին, ապա «Առաքելության» թեկնածուն հավելում է` որքան էլ ազատամիտ գաղափարներով առաջնորդվի իրենց կուսակցությունը, իրենք կողմ են միասեռականների քրեականացմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #63, 19-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ