«ԲԵԴ ԲՈՅՍ ՕՖ ԴԱՆՍ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԲԱԼԵՏԻ ՀԵՏ Ապրիլի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Երեւանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում պատիվ կունենա ներկայացնել ամերիկյան «Բեդ Բոյս օֆ Դանս» պարային համույթի եւ Հայաստանի ազգային բալետի համատեղ ներկայացումը: Ներկայացումը դասական բալետի ու կրքոտ ժամանակակից պարի հոգեթով մի համադրություն է: Այս համատեղ ծրագիրը ապրիլի 19-ին ժամը 19:00 կներկայացվի Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, իսկ ապրիլի 20-ին ժամը 19:00ՙ Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում: Ներկայացումների մուտք ազատ է, տոմսերնՙ անվճար: «Բեդ Բոյս օֆ Դանս» պարային համույթը հիմնադրվել է 2007թ. ամերիկյան պարային լեգենդ Ռաստա Թոմասի կողմից: Այս ապշեցուցիչ համույթը պարի սահմանները ընդլայնել էՙ ներառելով մարզական ցատկեր, անվերջ պտույտներ ու անսահման անհատականություն: Համույթն իր դյութիչ կատարումներն է մատուցում հասարակությանըՙ հանդես գալով տարեկան 150 համերգով ավելի քան կես միլիոն երկրպագուների առաջ աշխարհի տարբեր անկյուններում: «Բեդ Բոյս օֆ Դանս» խումբը հայաստանյան հանդիսատեսին է ներկայացնելու իրենց լավագույն ներկայացումներից մեկը, որը կոչվում է «Rock the Ballet»: Հայաստանի ազգային բալետը հիմնադրվել է 1933թ.-ին, գեղարվեստական ղեկավարն է Ռուդոլֆ Խառատյանը: Խումբը հյուրախաղերով բազմիցս հանդես է եկել Եվրոպայում, Հս. Ամերիկայում, Հվ. Ամերիկայում, Միջին Արեւելքում եւ Ասիայում: Համերգացանկում դասական բալետի հոյակապ ներկայացումներ են, ինչպես նաեւ առանձին ներկայացումներ, որոնք պատրաստվել են հենց Հայաստանի ազգային բալետի համար, որոնց թվում է նաեւ մեկ արարից կազմված «La Revancha del Tango» բալետը, որը ներկայացվում է այս համատեղ ծրագրում: Մանրամասն տեղեկությունների համար տեսՙ http://www.facebook.com/NationalBalletArmenia եւ http://www.facebook.com/pages/Bad-Boys-of-Dance: |