ԲԱՆԱԳՈՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐԳԵԼՔԸ ՍԿՍԵՑ ԳՈՐԾԵԼ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը երեկվա օրը բեկումնային համարեց բանագողական («պիրատական») արտադրանքի պայքարի համար, քանի որ սկսելու է գործել համապատասխան օրենքը, որն արգելում է առանց հեղինակային իրավունքի դրոշմակնիքի վաճառել նման արտադրանքը: Ըստ Արմեն Ազիզյանի, օրենքն ընդունվել է 2010-ին, բայց հստակեցումների կարիք ուներ, ինչը կատարվեց 2012-ին: Այս ոլորտում գործող ընկերություններին ժամանակ էր տրվել այս ընթացքում իրենց մոտ եղած արտադրանքը վաճառելու համար: Օրինական դաշտում գործելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել գործակալություն եւ 1 օրվա ընթացքում թույլտվությունը ստանալ: Մտավոր սեփականության գործակալության պետի հավաստմամբ, շատ ընկերություններ ստացել են նման թույլտվություններ: Միայն «Ռեկո ռեկորդսը» եւ «Ադամսը» մերժվել են: Արմեն Ազիզյանը նշեց, որ միայն տվյալ հեղինակի պրոդյուսերն իրավունք ունի թույլտվություն տալու վաճառել տվյալ հեղինակի կամ կատարողի տեսասկավառակը: Եթե պրոդյուսեր չկա, ապա այդպիսին համարվում է հենց հեղինակը կամ կատարողը: Բանագողական արտադրանքի վաճառքի հսկողությունն իրականացվելու է պետական եկամուտների կոմիտեի եւ ոստիկանության կողմից: Փոքր ծավալների արտադրանքի անօրինական վաճառքի դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն, մեծ ծավալների դեպքում` քրեական պատասխանատվություն: Այն հարցին, թե ինչպե՞ս վարվեն ներմուծվող տեսաձայնագրությունների դեպքում, երբ դրանց թողարկողները Հայաստանը դիտարկում են որպես փոքր շուկա եւ չեն ցանկանում ժամանակ տրամադրել այստեղ օրինական ապրանք վաճառելու համար, Արմեն Ազիզյանը պատասխանեց, որ ամեն դեպքում, եթե լինի պահանջարկը, օրինական արտադրանքը կներմուծվի: Նրա կարծիքով, եթե օրինական ներմուծման թույլտվություն չի տրվում, դա չի նշանակում, թե կարելի է վաճառել գողացված ապրանքը: Արմեն Ազիզյանը շեշտեց, որ մեր հեղինակները բազմիցս են այս հարցը բարձրացրել եւ հայտարարել, որ իրենց ստեղծագործությունները գողանում եւ վաճառում են, իսկ իրենք չեն կարողանում դրանցից եկամուտ ունենալ: Ներմուծվող արտադրանքի դեպքում իմաստ չուներ նոր դժգոհություններ առաջացնելը Այնուամենայնիվ, եթե ընդունված եւ ուժի մեջ մտած օրենքը տեղին էր տեղի հեղինակների ու կատարողների համար, ապա նույնը չի կարելի ասել ներմուծվող արտադրանքի դեպքում: Էկոնոմիկայի նախարարության շենքի առջեւ հավաքված տեսասկավառակաների վաճառքով զբաղվող անձանց հետ զրույցից պարզ դարձավ, որ իրենց վաճառքի մեջ տեղական կատարումները 3-5 տոկոսն են կազմում, իսկ դրսից բերվածների դեպքում արգելքը պարզապես կդադարեցնի իրենց գործունեությունը: Նրանք նշեցին, որ առանց այն էլ ինտերնետի զարգացմամբ պայմանավորված սկավառակների վաճառքի բիզնեսը անկում է ապրում, ամեն մարդ կարող է ինտերնետից ներբեռնել իրեն անհրաժեշտ կինոնկարը կամ երաժշտությունը: Ի դեպ, այս տեսակետին էր նաեւ Արմեն Ազիզյանը, ասելով, որ եթե այս միջոցառումները չանեին, ապա այս գործունեությունը ինքն իրեն կդադարեր, քանի որ բանագողությունը տեղափոխվում է ինտերնետ: Հետեւաբար, դրսի արտադրանքի համար, որոնց հեղինակներին չի հետաքրքրում Հայաստանը որպես փոքր շուկա, պարզապես իմաստ չուներ այս արգելքը կիրառել, այս գործունեության մեջ ընդգրկված մարդկանց հարվածի տակ դնել եւ սոցիալական նոր դժգոհություններ առաջացնել: |