RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#094, 2013-06-07 > #095, 2013-06-08 > #096, 2013-06-11 > #097, 2013-06-12 > #098, 2013-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #96, 11-06-2013



Տեղադրվել է` 2013-06-11 12:41:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1087, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԻՆՔՆԱԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ինչպես հայտնի է, իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության 5-րդ համագումարը նախագահի թեկնածու է առաջադրել Իլհամ Ալիեւին: Միաժամանակ, կուսակցության փոխնախագահի, այսինքն` Իլհամ Ալիեւի տեղակալի, պաշտոնում համագումարն ընտրել է Մեհրիբան Ալիեւային: Կուսակցության մի շարք առանցքային անդամներ, օրինակՙ կրթության նախկին նախարար Միսիր Մարդանովը, տեղ չեն գտել կուսակցության ղեկավար մարմիններում:

Երրորդ ժամկետով Իլհամ Ալիեւի առաջադրման շուրջը առայժմ մեկ լրջագույն արձագանք կա. այսպես կոչված Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը վերջապես հրապարակել է իր հռչակագիրը, որտեղ երեւույթը գնահատված է իբրեւ «ավտորիտարիզմից դեպի կատարյալ բռնապետություն անցնելու` վարչախմբի կողմից հասարակությանը նետված մարտահրավեր»:

Իրավիճակին արնդրադարձել է Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին քաղաքական հարցերով պատասխանատու Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերովՙ իշխանությունները «չեն կարող հասկանալ «միջազգային վարկանիշի» հարցի շահարկումը որոշ ուժերի կողմից, որով փորձ է արվում Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրել» (տես http://haqqin.az/news/6500):

Մամեդովի կարծիքով, եթե խոսքը վերաբերում է վարկանիշին, ապա «այդ տեսակետից այսօր եվրոպական շատ երկրներում իրավիճակը բավական բարդ է» (նույն տեղում): Ասվածից պե՞տք է հասկանալ, որ ադրբեջանցի պաշտոնյայի գնահատմամբ եվրոպական զարգացած երկրներում «նույնպես երրորդ ժամկետով նախագահ է ընտրվում»` հարցը մնում է առկախ: Սակայն նա ավելացրել է, որ «այդ տեսանկյունից որեւէ խնդիր չկա երրորդ ժամկետով հանրապետության ղեկավար առաջադրելու մեջ, եւ դա արդեն որոշված հարց է» (նույն տեղում):

Ադրբեջանցի պաշտոնյան, այսպիսով, նկատել է տվել, որ Իլհամ Ալիեւը երրորդ անգամ «կընտրվի» նախագահ` որքան էլ որ ներքին դժգոհություններ լինեն: Իսկ թե ինչո՞ւ է այդքան ինքնավստահ, Մամեդովը բացատրել է. «Այդ կապակցությամբ բոլոր երկրները, ամենամեծ պետությունների գլխավորությամբ, տվել են իրենց լիակատար համաձայնությունը» (նույն տեղում):

Նովրուզ Մամեդովի արած վերջին ընդգծումը չափազանց հետաքրքրական է: Բանն այն է, որ «Ենի Ազարբայջան»-ի համագումարում ելույթում Իլհամ Ալիեւը սեփական պաշտոնավարության 10-ամյակի հիմնական «նվաճումներից» մեկն էլ համարել է «ինքնուրույն եւ անկախ արտաքին քաղաքականությունը»: Նրա աշխատակզմի ղեկավարի տեղակալի ասածից, մինչդեռ, հասկացվում է, որ Իլհամ Ալիեւը երրորդ ժամկետով ինքնաառաջադրվելու հարցում հայցել է հատկապես «ամենամեծ պետությունների» համաձայնությունը:

Այս դեպքում ի՞նչ խոսք կարող է լինել «ինքնուրույն եւ անկախ արտաքին քաղաքականության» մասին: Ադրբեջանն ինչպե՞ս կարող է լինել «տարածաշրջանի առաջատար, որի կարծիքը հաշվի են առնում բոլորը», եթե նախագահի թեկնածությունը նախապես քննարկվում է դրսում, «ամենամեծ պետությունների» հետ, ապա նոր «կապիտալացվում» իբրեւ իշխող կուսակցության համագումարի որոշում:

Իր ելույթում Իլհամ Ալիեւը նաեւ ասել է. «Մենք մրցակիցներ չունենք»: Ըստ երեւույթին, դրանում նրան վստահեցրել են «ամենամեծ պետությունների» առաջնորդները: Բայց Իլհամ Ալիեւը սեփական «մրցակցությունից վեր բարձրության» վրա չէր լինի, եթե հերթական հիմարությունը չաներ: Նա ադրբեջանական ընդդիմությանը կապել է «արտաքին դրամաշնորհների» հետ: Եվ իհարկե, հայերի, որոնց հետ «ձեռք ձեռքի տված` ընդդիմությունը սեւացնում է Ադրբեջանի հեղինակությունը»:

Հիմարությունը` հիմարություն, բայց տպավորություն է ստեղծվում, որ «ամենամեծ պետությունների համաձայնության» մասին խոսելիս Նովրուզ Մամեդովը նկատի է ունեցել ադրբեջանական մտածելակերպը. այդ հանրությունը մեծ մասամբ հակված է իրենից դուրս ատյանների վճիռն ընդունելու իբրեւ «ճակատագրի կամք»: Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալն, ամենայն հավանականությամբ, հենց այդ կանխատրամադրվածությունն էլ նկատի է ունեցել: Համարյա ստացվել է ինչպես հայտնի ֆիլմում` «ամեն օր տիեզերագնացների է տեսնում, Իշտոյանին է տեսնում...»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #96, 11-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ