ԻՆՉՈ՞Ւ Է ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Զինդատախազության նախաձեռնությամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը: Աշխատանքային խումբը կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011-ի հունվարի 1-ից հետո: Աշխատանքային խմբի ներկայացրած խորհրդատվական եզրակացության հիման վրա կկայացվեն համապատասխան դատաիրավական որոշումներ: Աշխատանքային խմբի գործունեությանը հրավիրվում են մասնակցելու ՄԻՊ գրասենյակի եւ փաստաբանների պալատի մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ հիմնախնդիրներով զբաղվող Հայաստանում առնվազն երեք տարվա գործունեություն իրականացնող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մինչեւ հուլիսի 15-ը վերոնշյալ կազմակերպությունները կարող են հայտեր ներկայացնալ զինվորական դատախազություն: Զինվորական դատախազության ուղարկած վերոնշյալ հաղորդագրությանը երեկ արձագանքել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եւ հիշեցրել, որ դեռեւս 2 տարի առաջ օմբուդսմենի գրասենյակը ԱԺ-ին առաջարկել էր ստեղծել զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերն ուսումնասիրող աշխատանքային խումբՙ նկատի ունենալով ԱԺ-ի քաղաքական կշիռն ու չեզոքությունը նման բարդ խնդիրների լուծման պարագայում: «Այն ժամանակ աշխատանքային խմբի մեջ ընդգրկվել էին ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Արամ Սաֆարյանը, Հրայր Կարապետյանն ու Լարիսա Ալավերդյանը, իսկ հետագայում նաեւ ապահովվել էր զինվորական դատախազության ներգրավվածությունը: Ցավոք, ԱԺ-ի համապատասխան հանձնախմբի նախաձեռնությունը թողնվեց անավարտ», հայտարարել է Կարեն Անդրեասյանըՙ հավելելով, որ անհասկանալի է, թե ինչո՞ւ է զինդատախազությունը որոշել քննության առարկա դարձնել այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում կայացվել է 2011-ի հունվարի 1-ից հետո: Անդրեասյանը հիշեցրել է, որ այսօր առկա են բազմաթիվ բողոքներ դեռեւս 2011-ին տեղի ունեցած մահվան դեպքերի քննության վերաբերյալ: Այդ դեպքերի քննությունն ընթացել է էական բացթողումներով, իսկ քննության արդյունքների նկատմամբ զոհերի հարազատների եւ հանրության վստահությունն անբավարար է: Պաշտպանի գնահատմամբՙ միայն նախկին, նույնիսկ 10-ամյա հնության գործերի լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ու այդ գործերով արդարադատության վերականգնումը կարող է ապահովել այսօրվա մահվան դեպքերի քննության նկատմամբ վստահությունն ու վաղվա բռնությունների եւ սպանությունների կանխարգելումը: Պաշտպանի գրասենյակից հայտարարել են, որ կընդգրկվեն խմբում, եթե ուսումնասիրվեն քրեական այն գործերը. որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում կայացվել է 2001-ի հունվարի 1-ից հետո, աշխատանքային խմբի գործունեության ձեւաչափը եւ աշխատակարգը պետք է որոշի խումբն ու հստակեցվի, թե ինչ իրավական հետեւանք են ունենալու աշխատանքային խմբի կայացված որոշումները: Դեռեւս 2 տարի առաջ «Ազգ»-ն անդրադարձել էր վերոնշյալ փակ լսումներին, որոնց մասնակցել էին խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները, Աժ պատգամավորներն ու ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Պաշտպանի աշխատակազմը զոհվածների ծնողների հետ կազմել էր 8 տեղեկանք, որոնք ներառում էին զինծառայողի մահվան պաշտոնական վարկածը, մահվան վերաբերյալ ծնողի վարկածը, գործի քննության ներկայիս փուլն ու քննության ընթացքի խախտումներն ու թերացումները: ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբՙ նախաքննության փուլում գրանցված խախտումները շատ են: Օրինակՙ Արայիկ Ավետիսյանի գլխի վրա, բացի հրազենային վնասվածքներից, եղել են այլ վնասվածքներ, իսկ վարույթն իրականացնող մարմինը չի պարզել պատճառները: Գեղամ Սարգսյանի մահվան գործով քննիչը փորձագետին է ուղարկել 3 ռենտգեն լուսանկար, որոնց դատաբժշկական գիտագործնական կենտրոնում եւ նախաքննության ընթացքում անդրադարձ չի կատարվել: Նարեկ Գալստյանի մահվան դեպքի վայրից ոչնչացվել են իրեղեն ապացույցներ: Տիգրան Համբարձումյանի դին գտնվել է զորամասից մի քանի մետր հեռու, տեսանելի վայրում, սակայն սպայական կազմը մարմինը հայտնաբերել է դեպքից մեկ օր անց: Անդրանիկ Սարգսյանի մահվան գործով բուժծառայության պետն իր բացատրությունում նշում է, որ սխալ ախտորոշում է իրականացրել, մինչդեռ նախաքննության մարմինն այդ հարցին չի անդրադարձել: Քննիչն արձանագրել է, որ սպանված Արման Հակոբյանին նաեւ ծեծել են, սակայն քայլեր չի ձեռնարկել ծեծած զինծառայողներին որպես մեղադրյալների ներգրավելու: Պարանին, որով կախվել է Վալերիկ Մուրադյանը, եղել են արյան հետքեր, սակայն պարանը չի ուղարկվել փորձաքննությանՙ արյան կարգն ու պատկանելությունը որոշելու: Սպանված Տիգրան Օհանջանյանի դիակի նկարները փաստում են աչքի, ծնոտի եւ գլխի հատվածներում առկա վնասվածքները, ձեռքի ափին կապտուկները, սակայն դատաբժիշկն այդ ամենը չի արձանագրել: Այս ու մի շարք այլ փաստեր ուղարկվել են զինդատախազություն: Հետագայում կայացավ նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, զինդատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հանդիպումը, եւ որոշվեց քննել այս գործերն ու բացահայտել դրանք: Տարօրինակ է, որ երկու տարի լռելուց հետո զինդատախազությունը որոշում է նման աշխատանքային խումբ ստեղծել, սակայն չուսումնասիրել այն քրեական գործերը, որոնց բացահայտման փուլում եղել են ակնհայտ խախտումներ եւ թերացումներ, եւ որոնք ազդեցություն են ունեցել ամփոփիչ որոշման վրա: Զինդատախազության կողմից սա դիտարկվում է որպես տարբերակված մոտեցում եւ եթե լուրջ պատճառներ ու հակափաստարկներ չկան բացատրելու, թե ինչու չեն ցանկանում ուսումնասիրել այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում կայացվել է 2001-ի հունվարի 1-ից հետո, ապա տպավորություն է ստեղծվում, որ վերոնշյալ գերատեսչությունում ցանկանում են այդ սպանությունները կոծկել եւ իրական մեղավորներին պարտակել: Ի վերջո, եթե զինդատախազության նպատակը արդարադատություն հաստատելն ու մեղավորներին պատժելն է, ապա թող բացահայտվեն բոլոր գործերն ու պատժվեն բոլոր այն անձիք, ովքեր զինվոր են սպանել կամ դրդել նրանց ինքնասպանության: |