RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#116, 2013-07-10 > #117, 2013-07-11 > #118, 2013-07-12 > #119, 2013-07-13 > #120, 2013-07-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #118, 12-07-2013



Տեղադրվել է` 2013-07-11 23:44:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1341, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՄԵՀՐԻԲԱՆԻՆ ԿԱՐԾԵՍ «ԱՔՍՈՐԵԼ ԵՆ»

Վ. Ա.

Մինչեւ վերջերս ադրբեջանական լրատվամիջոցները Իլհամ Ալիեւի հետ գրեթե հավասարի իրավունքով տեղեկատվություն էին տարածում նաեւ առաջին տիկնոջ հանրային-քաղաքական գործունեության, հանդիպումների մասին: Շուրջ 10 օր է` պատկերը կտրուկ փոխվել է: Մեհրիբան Ալիեւայի մասին վերջին տեղեկությունն այն է, որ անցյալ շաբաթասկզբին գտնվում էր Կաննում, որտեղ անցկացվում էին «ադրբեջանական մշակույթի օրեր»: Նա, ընդսմին, Ֆրանսիայում էր գտնվում երկու դուստրերի եւ որդու` կրտսեր Հեյդար Ալիեւի ուղեկցությամբ:

Այդ եւ այլ «մանրուքներին» գուցե անդրադառնալու անհրաժեշտություն չէր լինի, եթե Ադրբեջանից Մեհրիբան Ալիեւայի բացակայության օրերին Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը չհայտարարեր, որ «Մեհրիբան Ալիեւան նախագահական ընտրություններում պաշտպանում է Իլհամ Ալիեւի թեկնածությունը»:

Մամեդովի ասածից պարզ է դառնում, որ Մեհրիբան Ալիեւային նախագահի թեկնածու առաջադրելու մասին խոսակցությունները բոլորովին էլ հիմնազուրկ չեն, ինչպես ավելի վաղ հավաստիացրել էր իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը: Հակառակ դեպքում կարիք չէր զգացվի, որ նախագահի աշխատակազմի ղեկավարն առաջին տիկնոջ անունից հանդես գար նրա կողմից ամուսնու թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարությամբ:

Բայց ինտրիգն այն է, թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ այն պահին, երբ Մեհրիբան Ալիեւան գտնվում էր Կաննում: Դեռ մի կողմ ենք թողնում, թե ինչո՞ւ Մեհրիբան Ալիեւան առ այս պահն անձամբ չի հերքել իր մասին տարածված լուրերը: Տպավորությունն այն է, որ Իլհամ Ալիեւը Նովրուզ Մամեդովին իր ընտանիքում «քաղաքական համերաշխության» մասին արտոնել է խոսել` օգտագործելով Ադրբեջանից կնոջ բացակայության առիթը:

Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Մեհրիբան Ալիեւան պարզապես «աքսորվել է» Կանն, որպեսզի շփումներ չունենա այն անձանց եւ խմբերի հետ, որոնք նախագահի պաշտոնում տեսնում են նրան: Այլ եզրահանգում անհնար է անել:

Մանավանդ որ Իլհամ Ալիեւն իր հարազատներին քաղաքական-հանրային կյանքից մեկուսացնելու չափազանց հարուստ փորձ ունի:

Այսպես, ոչ ոքի համար այլեւս գաղտնիք չէ, որ Հեյդար Ալիեւի դուստրը` Սեւիլը, Ադրբեջանում անցանկալի անձ է: Նրան արգելված է անգամ կարճաժամկետ գտնվել Բաքվում: Սեւիլ Ալիեւային նույնիսկ հնարավորություն չի տրվել, որ ներկա գտնվի հոր 90-ամյակի տոնակատարություններին: Ըստ որոշ աղբյուրներիՙ Ադրբեջանի հատուկ ծառայությունները Լոնդոնում ուշիուշով վերահսկում են Սեւիլ Ալիեւայի յուրաքանչյուր քայլ:

2008թ.-ից տնային կալանքի տակ է գտնվում Իլհամ Ալիեւի հորեղբայրը`ակադեմիկոս Ջալալ Ալիեւը, որին կարգադրված է «չհեռանալ մերձքաղաքային ամառանոցից, զբաղվել ծաղկաբուծությամբ»: Վերջերս լրացավ Ջալալ Ալիեւի 85-ամյակը, սակայն նա ոչ միայն որեւէ պետական պարգեւի, այլեւ անգամ շնորհավորական ուղերձի չարժանացավ, ինչը եւս վկայում է, որ Իլհամ Ալիեւը լիովին «մոռացել է» հորեղբոր գոյությունը:

Այս փաստերի եւ ադրբեջանական մամուլում Մեհրիբան Ալիեւային տեղեկատվական շրջափակման ենթարկելու ակնհայտ դրսեւորումների համադրությամբ կարելի է թերեւս կարծիք հայտնել, որ Իլհամ Ալիեւը որոշել է առնվազն մինչեւ նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցման պահը կնոջը պահել «աքսորում»: Այլ խնդիր է, թե դա որքանով կհաջողվի կամ Մեհրիբանը կունենա՞ շրջափակումը ճեղքելու եւ իր մասին հիշեցնելու ցանկություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #118, 12-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ