RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#116, 2013-07-10 > #117, 2013-07-11 > #118, 2013-07-12 > #119, 2013-07-13 > #120, 2013-07-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #118, 12-07-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-07-11 23:44:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1023, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 25

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ՄԱԿԵԴՈՆԱԿԱՆ ԱՐԳԵԼՔԸ

Հայաստանի գավաթակիր «Փյունիկը» հաջողությամբ հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի արգելքըՙ պատասխան խաղում չափազանց ծանր մրցակցությունում հաղթելով մակեդոնական «Տետեքսին»: Մրցակիցների առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքիՙ 1-1, ընդ որում «Փյունիկը» խաղի վերջին րոպեին ձեռքից բաց էր թողել հաղթանակը: Այնպես որ պատասխան խաղում փյունիկցիներին հաջորդ փուլ դուրս գալու համար բավարարում էր նույնիսկ 0-0 հաշիվը: Իսկ ահա հյուրերին անհրաժեշտ էր գոլ խփել: Եվ դա էր պատճառը, որ «Տետեքսը» առաջին իսկ րոպեներից դիմեց ակտիվ գործողությունների:

Առաջին խաղակեսում հյուրերը վտանգավոր մի քանի պահ ստեղծեցին փյունիկցիների դարպասին, սակայն հաջող խաղաց դարպասապահ Գոռ Մանուկյանը: «Փյունիկն» էլ իր հերթին կարող էր բացել հաշիվը, բայց գոլային պահերը չիրացրին Աղվան Պապիկյանն ու Գագիկ Պողոսյանը: Ընդմիջումից հետո խաղի տեմպն ավելի բարձրացավ, մրցակցությունն էլ թեժ բնույթ կրեց: Կարող էր աչքի ընկնել Սարգիս Բալոյանը, բայց հիանալի խաղաց հյուրերի դարպասապահը: Նա հետ մղեց նաեւ Աղվան Պապիկյանի վտանգավոր հարվածը: «Տետեքսի» ֆուտբոլիստներն էլ անընդհատ գրոհում էին եւ փորձում խփել իրենց այնքան անհրաժեշտ գոլը: Հատկապես հիշարժան էր 87-րդ րոպեին Ֆիլիպ Դեսպոտովսկու հուժկու հարվածը, որից հետո դարպասապահ Գոռ Մանուկյանը ակրոբատիկ ցատկով փրկեց դրությունը:

Խաղավերջում հյուրերն ամբողջ կազմով նետվեցին գրոհիՙ փորձելով կորզել հաղթանակը: Օտվելով դրանից, փյունիկցիները կտրուկ հակագրոհներ էին կազմակերպում, որոնցից մեկի ժամանակ էլ Վիուլեն Այվազյանը փորձեց գրավել դարպասը, սակայն դարպասի գծի վրա դարպասապահը որսաց գնդակը: Քիչ անց Այվազյանն ուղղեց իր սխալը եւ մեն մենակ դուրս գալով դարպասապահի դիմացՙ հաղթական վերջակետ դրեց լարված հանդիպմանը:

«Շիրակից» հետո «Փյունիկը» դարձավ հայկական երկրորդ ակումբը, որն իրավունք ստացավ շարունակելու պայքարը: Հաջորդ փուլում «Փյունիկի» մրցակիցը կլինի իռլանդական «Սենտ Պատրիկի» եւ Վիլնյուսի «Ժալգիրիսի» մրցախաղի հաղթողը:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքներն արտահայտեցին:

Ռաֆայել Նազարյան («Փյունիկ») - Շատ ուրախ եմ հաջողության համար, շնորհավորում եմ մեր թիմին: Շատ լարված հանդիպում ստացվեց: Այսօր մեզ ավելի շատ հետաքրքրում էր ընդհանուր արդյունքը: Եթե հաշվի առնենք մեր խաղացողների տարիքը, ապա նրանք ավելի կազմակերպված էին գործում խաղադաշտում: Ամեն դեպքում գոլային պահերով մենք գերազանցեցինք հակառակորդին: Այս հաջողությունում իրենց ներդրումն ունեցան թիմի բոլոր ֆուտբոլիստները: Երկարատեւ ընդմիջումից հետո կարողացանք հաղթահարել առաջին փուլի արգելքը: Կամո Հովհաննիսյանի վնասվածքը շատ լուրջ է, բայց հուսով եմ, որ բժիշկները կհասցնեն ապաքինել նրան: Կամոն մեր առանցքային ֆուտբոլիստներից է, սակայն նրան փոխարինած խաղացողը լավ խաղաց:

Գորազդ Միխայլով («Տետեքս») - Նախ շնորհակալություն «Փյունիկին»ՙ լավ ընդունելության համար: Շնորհավորում եմ մրցակցին երկրորդ փուլ դուրս գալու համար, միգուցե կարողանան դուրս գալ նաեւ երրորդ փուլ: Շատ հետաքրքրական եւ լարված խաղ ստացվեց: Մենք ավելի շատ էինք տիրում գնդակին, բայց պարտվեցինք: Վերջին րոպեներին մենք մեծ ուժերով էինք գրոհում, իսկ «Փյունիկն» օգտագործեց իր հնարավորությունը: «Փյունիկը» շատ երիտասարդ թիմ է, ինչը կարեւոր է հայկական ֆուտբոլի ապագայի համար: Թիմը համալրված է տեղացի հեռանկարային ֆուտբոլիստներով: Ինձ համար անակնկալ էր, թե նման երիտասարդ տարիքում ինչպես էին նրանք խաղում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #118, 12-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ