ՍԱԼԻԿԱՊԱՏՎՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԱՅԹԵՐԸ Ա. Մ. Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրով մայթերի վերանորոգման աշխատանքներ են նախատեսվել մայրաքաղաքի Աբովյան, Արամի, Իսահակյան, Ալեք Մանուկյան, Չարենցի, Տերյան, Ամիրյան, Կորյունի, Սարյան, Խորենացու, Թումանյան փողոցներում, Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտաներում եւ Դավթաշենի այգում: 12550 քմ մակերեսով մայթեր արդեն իսկ վերանորոգվել են, տեղադրվել են բետոնե նոր սալիկներ, որոշ հատվածներում վերատեղադրվել ու ամրացվել են նախկին սալիկները: Ամբողջությամբ փոխվել են նաեւ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի սալիկները` 2650 քմ մակերեսով: Տեղադրման համար օգտագործվում են 6 սմ հաստությամբ բետոնե սալիկներ, որոնց որակը պարտադիր պետք է բավարարի մրցույթով սահմանված տեխնիկական պահանջները: Տեղեկացվում է, որ մայթերի ու հրապարակների սալիկապատման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013 թվականի 3-րդ եռամսյակում: |