RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#116, 2013-07-10 > #117, 2013-07-11 > #118, 2013-07-12 > #119, 2013-07-13 > #120, 2013-07-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #118, 12-07-2013



ՄԵՆՔ ԵՎ ՆՐԱՆՔ

Տեղադրվել է` 2013-07-11 23:44:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2336, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ԱՊՏԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մեկ ապտակը կոչվում է դաստիարակչական, իսկ մի քանի ապտակը` ծեծ: Գեորգի Վանյանը ժամանակին Հայաստանում «ադրբեջանական կինոյի փառատոն» էր ցանկանում կազմակերպել, այդպիսով մի քանի ադրբեջանական ֆիլմեր բերել Երեւան: Հայ հասարակությունը` կոնկրետ Վանաձորում, այս նախաձեռնության համար Վանյանին ծեծեց` պիտակելով նրան` «ազգի դավաճան»:

Իսկ «Ոսկե ծիրան» փառատոնին, օրինակ, ոչ ոք «ազգի դավաճան» չի անվանում, չնայած այնտեղ գրեթե ամեն տարի մասնակցում (նաեւ հաղթում են) թուրքական ֆիլմեր` Թուրքիայի արտադրությամբ: Ավելին, այս տարվա երեւանյան կինոփառատոնին մասնակցում է գերմանական արտադրության ֆիլմ: Ֆիլմը` «Դագաղագործի ճոճանակ», Երեւանում ներկայացնում է նրա գերմանացի պրոդյուսերը, սակայն նա մեր երկրում տվյալ ֆիլմի միակ ներկայացուցիչն է: Ռեժիսորն ու ֆիլմի ստեղծագործական կազմի ներկայացուցիչները Երեւան չեն ժամանել, որովհետեւ նրանք ադրբեջանցի են:

Երիտասարդ Էլմար Իմանովը ֆիլմը նկարահանել է Ադրբեջանում, այն պատմում է ադրբեջանցի հոր եւ նրա մտավոր հետամնաց որդու մասին, հետեւաբար Ադրբեջանում ապրող ադրբեջանցիների մասին, հետեւաբար` ադրբեջանական է: «Ոսկե ծիրան»-ին, իհարկե, ոչ ոք չի մեղադրում «ազգի դավաճանության» մեջ, որովհետեւ մենք հանդուրժող հասարակություն ենք: Որովհետեւ մեկ ապտակը դաստիարակչական է, մի քանիսը` ծեծ:

Բայց ի՞նչ են կոչվում այն հայաստանցիները, որոնք հուլիսի 9-ին գնացին ու դիտեցին «Դագաղագործի ճոճանակ» ֆիլմը, դավաճաննե՞ր, բայց ինչո՞ւ: Ի՞նչ են նրանք արել, թշնամուն մատնել են պետական գաղտնի՞ք, ասե՞լ են, որ այս զորամասում այս զինվորը այս խրամատում զոհվել է այս զինվորի արձակած կրակոցից: Գուցե նրանք դավաճանել են ազգին, քանի որ կուլ են տվել ադրբեջանական մեդիայի խայծն ու համառորեն չեն ցանկանում լռել մոլդավուհի Աուրելիո Գրիգորիուի երեւանյան արկածների մասին անընդհատ խոսելի՞ս: Ամենեւին: Նրանք պարզապես ֆիլմ են դիտել` ադրբեջանցիների մասին պատմող մեկ ֆիլմ, որը նկարահանվել է հենց Ադրբեջանում, որը պատմում է հոր ու նրա` մտավոր հետամնաց որդու մասին, որն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, եւ որը մարդկային պատմություն է:

Նրանք ուղղակի ապացուցել են, որ մենք ազգայնամոլ չենք:

Էլմար Իմանովն ու իր կոլեկտիվը Երեւան չեն ժամանել, որովհետեւ մեզ ազգայնամոլ են համարում:

Բայց ադրբեջանական կինոն այսօր Երեւանում է: Իսկ Վանյանին ծեծողները չկան, չեն երեւում, հավանաբար որովհետեւ մեկ ադրբեջանական կինոն այլ բան է, մի քանի ադրբեջանական կինոն` բոլորովին այլ, ինչպես ապտակը, ավելի շուտՙ ծեծը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #118, 12-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ