ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ՍՏԵՂԾՎԻ ՖԻԼՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ` ՅՈՍ ՍՏԵԼԻՆԳԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում նորից Հայաստան է ժամանել հոլանդացի կինոռեժիսոր Յոս Ստելինգը, որի «Աղջիկը եւ մահը» ֆիլմի Երեւանյան պրեմիերան տեղի ունեցավ երեկ: Ինքնուս Ստելինգը զարմացրեց բոլորին, երբ նրա առաջին ֆիլմն ընգրկվեց Կաննի կինոփառատոնում: Այդ ժամանակից ի վեր Ստելինգը շատ հաջողությունների է հասել եւ արժանացել 4 «Ոսկե հորթի», 2 «Ոսկե գրիֆոնի» (Սանկտ Պետերբուրգ), 1 «Ոսկե վարդի» (Մոնտրոյ): Ռեժիսորը Հայաստանում զգում է իրեն ինչպես իր տանը. «Երբ շրջագայում եմ եվրոպական երկրներում, այնուհետեւ գալիս եմ Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայան հասնելուն պես սիրտը սկսում է ավելի արագ տրոփել, ինչպես ճանապարհորդելուց հետո հայրենիք վերադառնալիս է լինում»: Ի դեպ, Յոս Ստելինգը չի բացառում, որ Հայաստանի մասին եւս ապագայում ֆիլմ կնկարահանի. «Առավոտյան կնոջս ասում էի, թե վատ չէր լինի մոտ 44 րոպեանոց ֆիլմ նկարահանել Հայաստանում»: Իսկ «Ոսկե ծիրան»-ում ներկայացված ֆիլմը ռուս երիտասարդ Նիկոլայի եւ կուրտիզանուհի Էլիզի ողբերգական սիրո պատմության մասին է, որն ընդհատվում է նյութապաշտության, հարստության եւ մահվան սպառնալիքի պատճառով: Ֆիլմի հերոսուհին` Էլիզան, թոքախտով է տառապում, իսկ թոքախտն այնպիսի հիվանդություն է, որ երբ սկսում ես հուզվել, գլուխ է բարձրացնում, ինչի համար էլ այն հաճախ սիրահարների հիվանդություն են անվանում: Էլիզայի սերն իր մահն է, քանի որ, երբ աղջիկը սիրահարվում է, հիվանդությունը ջրի երես է դուրս գալիս: Ինպես հավաստիացնում է ռեժիսորը, ֆիլմն ստեղծելիս ներշնչանքի աղբյուր է դարձել Գորկու համանուն ստեղծագործությունը: Ինձ ավելի շատ գրավում է ռուսական մշակույթը` Չեխովի մթնոլորտը, մահը` որպես կյանքի հանդեպ ներշնչանքի աղբյուր, ինչպես նաեւ Դոստեւսկու հումորը: Ռուսների միջավայրում միայն մեկ բան չես կարող անել` կատակել, քանի որ, ըստ ռուսների, եթե ռուս չես, իրավունք չունես նրանց մասին կատակել»: Ինչ վերաբերում է հոլանդացիներին, ռեժիսորն ասում է. «Շատ հեգնասեր մարդիկ են, նրանց հումորը փախուստի է նման, իսկ ռեժիսորը հումորն ընդհանրապես օգտագործում է որպես դեպի հանդիսատեսի սիրտը տանող բանալի»: Ռեժիսորն ընդգծում է, որ բոլոր նրանք, ովքեր իր հետ են աշխատում, ապա պետք է իրենից լավը լինեն: Յոս Ստելինգը կարծում է, որ ֆիլմն արվեստի այն միակ տեսակն է, որը կարող է ժամանակի հետ խաղալ, եւ երաժշտությունից հետո կինոն երկրորդն է, ինչը կապ չունի ուղեղի հետ` այն միանգամից հոգու հետ է կապ հաստատում, իսկ իր ֆիլմն սիրային դրամատիկ պատմություն է, որն ստեղծելը շատ հեշտ է: Ստելինգը նշեց նաեւ. « Մարդիկ ձգտում են իրար եւ լավ ֆիլմ ստեղծելու համար պետք է իրար ձգտող երկու իրերի, երեւույթների, մարդկանց միջեւ խնդիրներ ստեղծել: Ռեժիսորին շատ է հետաքրքրում երկուսի միջեւ եղած տարածությունը, որն ըստ նրա, արվեստի տարածությունն է»: Ռեժիսորն Ալեքսանդր Պուշկինին համարում է աշխարհի ամենալավ գրողը: Նշենք, որ Յոս Ստելինգը նկարահանել է «Մարիկեն վան Նյումեգեն», «Էլքերլիկ», «Ռեմբրանդտ. դիմանկար 1669», «Ձեւացողները», «Աճպարարը», «Սլաքավարը», «Թռչող հոլանդացին», «Սպասասրահ», «Ոչ ինքնաթիռ, ոչ գնացք», «Բենզակայան», «Առեւտրի սրահը», «Դուշկա»: |