RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#116, 2013-07-10 > #117, 2013-07-11 > #118, 2013-07-12 > #119, 2013-07-13 > #120, 2013-07-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #118, 12-07-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-07-11 23:44:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1165, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵԳԻՊՏՈՍԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Եգիպտա-թուրքական հակասություններով կսրվեն նաեւ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Քաթարի հետ Թուրքիայի հարաբերությունները

Թուրքիան շարունակում է հետեւողականորեն սրել հարաբերությունները Եգիպտոսի հետՙ դատապարտելով զինվորական հեղաշրջումը: Թվում է, թե դա շուտով կհանգեցնի Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Քաթարի հետ նրա հարաբերությունների սրմանը, քանի որ այս երկրները նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկության միջոցով «Մուսուլման եղբայրների» հեռացումը իշխանությունից ողջունել, միաժամանակ հեղաշրջումից հետո զրո տոկոսով 12 մլրդ դոլար վարկ են տրամադրել Եգիպտոսի զինվորական իշխանություններին: Ընդ որումՙ այդ վարկի 3 մլրդ-ը նվիրատվություն է:

Այսինքնՙ Պարսից ծոցի նշված երկրները մերձենում են Եգիպտոսի զինվորական իշխանություններին գուցե ոչ այնքան հեղաշրջմանը հավանություն տալու, որքան «Մուսուլման եղբայրների» նկատմամբ հակազդեցություն դրսեւորելու համար: Դա ունի լուրջ պատճառներ: Դրանցից թերեւս կարեւորագույնը «Մուսուլման եղբայրների» շարժման ծավալումն է Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, որտեղ վերջիններս հասցրել են իշխանության մաս կազմել, ինչպես նաեւ շարժման ծավալումն ու ակտիվ քաղաքական գործունեությունը Մերձավոր Արեւելքում:

Հաշվի առնելով այն դերը, որ խաղացել է «Մուսուլման եղբայրների» շարժումը բռնատիրության տապալման գործում Լիբիայում, Թունիսում եւ Եգիպտոսում, այս շարժման ծավալումը տարածաշրջանում Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Քաթարը դիտում են որպես սպառնալիք իրենց երկրի իշխանություններին, որովհետեւ բռնատիրության տարատեսակ է նաեւ միապետությունը:

Այս երկրները միաժամանակ գիտեն, որ Եգիպտոսի հեղաշրջման դատապարտումը ենթադրում է ողջունել տարածաշրջանում «Մուսուլման եղբայրների» շարժման ծավալումը, ինչը Թուրքիան է անում: Համենայն դեպս, Եգիպտոսի ներքին գործերին խառնվելու համար, ինչպես նշել էինք «Ազգ»-ի նախորդ համարում, Կահիրեն պաշտոնական նոտա է տվել Թուրքիային, ընդ որում նոտան ներկայացվել է Եգիպոսում Թուրքիայի դեսպանին:

Ի դեպ, Սիրիայի ներքին գործերին խառնվելու, գործող նախագահ Բաշար Ասադին տապալելու նկրտումների համար էլ Թուրքիան մինչ այդ փչացրել էր հարաբերությունները Իրանի ու Իրաքի, ինչու չէ նաեւ մասամբ Լիբանանի հետ: Չմոռանալ, որ Իրանը, Սիրիան, Իրաքը Թուրքիայի անմիջական հարեւաններն են:

Ելնելով այս հանգամանքից, «Ազգի» հուլիսի 10-ի համարում գրել էինք, որ «հարեւան երկրների հետ առկա խնդիրները զրոյականացնելու» վարչապետ Էրդողանի կառավարության դիրքորոշումը, որի հիմքում արտգործնախարար Դավութօղլուի «ռազմավարական խորություն» տեսությունն է, ի վերջո հանգեց Թուրքիայի տարածաշրջանային գերտերության հավակնությունները հիմնավորող «նոր օսմանիզմի» այսպես կոչված գաղափարախոսությանը:

Միաժամանակ նշել էինք, որ «Մոսուլի թուրքական պատկանելության», «երկու շաբաթում թուրքական զորքերի Դամասկոս մտնելու» մասին հայտարարություններով Թուրքիայում իշխող Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատասխանատու գործիչները հաստատում են «նոր օսմանիզմի» նկրտումների առկայությունը:

Ինչպես երեւում է, Թուրքիայի հարաբերությունները անմիջական հարեւաններից զատ, սրվում են նաեւ տարածաշրջանի մյուս երկրների հետ: Դրա գրավականն են դառնում Եգիպտոս-Թուրքիա հակասությունները, որոնք նախադրյալներ են ստեղծում, որ Թուրքիան սրի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Քաթարի հետ: Եգիպտոսի հետ հակասությունների սրման նախադրյալներ արդեն ստեղծվել են Թուրքիայում:

Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ «Դունիա բուլթենի» լրատվական գործակալության կայքէջի երեկվա հրապարակմանը: Կայքէջում նշված է, որ Mazlum-Der միության նախորդ օրվա հայցի համաձայն, Անկարայում դատական գործ է հարուցվել Եգիպտոսի պաշտպանության նախարար, շտաբի պետ, գեներալ Աբդուլ Ֆաթթահ ալ Սիսիի, նորանշանակ նախագահ Ադլի Մանսուրի, փոխնախագահ Մուհամմեդ ալ Բարադեյի, ղպտիների պատրիարք Թավադրոս Բ-ի, սալաֆիների «Նուր» կուսակցության առաջնորդի, մի շարք նախարարների, վարչապետի թեկնածուներից Կենտրոնական բանկի նախկին տնօրեն Զիադ Բահադդինի դեմ:

Հիմք ընդունելով դա, Անկարայի գլխավոր դատախազությունը սկսել է հետաքննել նշված եգիպտացի ղեկավարների գործը, պատճառաբանելով, թե թուրքական քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածը մարդկության դեմ հանցագործություն է համարում դիտավորյալ սպանությունները, խոշտանգումը, տանջանքը, ստրկացումն ու մարդկանց ազատություններից զրկելը, եթե դրանք պարբերաբար համակարգված ձեւով իրականացվում են հասարակության որեւէ հատվածի նկատմամբ, իսկ 13-րդ հոդվածը թուրքական դատարանին իրավունք է վերապահում քննելու մարդկության դեմ կատարված հանցագործությունները, անկախ իրականացման վայրից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #118, 12-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ