ԱՂԱՍՅԱՆԸ ՉԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ Կազանում ընթացող Ունիվերսիադայի ծանրամարտի մրցումներում երեկ մրցահարթակ դուրս եկավ մինչեւ 85 կգ քաշային Աղասի Աղասյանը: Երկու տարի առաջ Չինաստանում կայացած Ունիվերսիադայում Աղասին հիանալի ելույթ էր ունեցելՙ մինչեւ 75 կգ քաշային կարգում նվաճելով չեմպիոնի տիտղոսը: Կազանում էլ նրանից սպասելիքները մեծ էին, սակայն, ցավոք, չարդարացան: Աղասին երկու վարժություններում էլ միայն առաջին մոտեցումները հաջող կատարեց եւ երկամարտի 340 կգ (150+190) արդյունքով գրավեց ընդամենը 6-րդ տեղը: Ունիվերսիադայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Ապտի Այխադովը, որը ցույց տվեց 372 կգ (167+205) արդյունք: Նրան 1 կգ-ով զիջեց նրա հայրենակից Արտյոմ Օկուլովը: Բրոնզե մեդալը նվաճեց մոլդովացի Գեորգի Կերնեյըՙ 360 կգ (165+195): |