RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#116, 2013-07-10 > #117, 2013-07-11 > #118, 2013-07-12 > #119, 2013-07-13 > #120, 2013-07-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #118, 12-07-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-07-11 23:44:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1223, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԱՈՒՐԵԼԻԱ ԳՐԻԳՈՐԻՈՒՆ ՊԱՇՏՈՆ ԿՍՏԱՆԱ՞ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Երեկ Մոլդովայի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը քննարկել է Աուրելիա Գրիգորիուի` Երեւանում միջազգային գիտաժողովի շրջանակներում ելույթի` «Մոլդովայի խորհրդարանի տեսակետին համապատասխանության հարցը»: Այդ մասին հաղորդել է Publika.md-ն` հղում անելով խորհրդարանական հանձնաժողովի նապագահ Վադիմ Միշինին:

Վադիմ Միշինը տեղեկացրել է, որ հարցը քննարկվել է «Գրիգորիուի բացակայությամբ, նա գրավոր տեղեկացրել է, որ հիվանդ է, բուժում է ստանում, ինչպես նաեւ ենթարկվում է սպառնալիքների»: Հանձնաժողովը եկել է եզրակացության, որ «տիկին Գրիգորիուի ելույթը չի համապատասխանում Մոլդովայի խորհրդարանի տեսակետին, այն եղել է անձնական կարծիք եւ չի արտացոլում պետության (Մոլդովայի Հանրապետության-Վ. Ա.) դիրքորոշումը»:

Մոլդովայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի գնահատմամբ, իրենք լավ են հասկանում, «թե որքան զգայուն խնդիր է դա, եւ որքան անարդարացի է գտնվել տիկին Գրիգորիուն այդ իրավիճակում, եթե հարկ կար դիմելու ՄԱԿ-ի փաստաթղթերին, ապա դա պետք է արվեր ընդհանուր համատեքստում, ոչ թե առանձնացվեին որոշ տարրեր, բայց տիկին Գրիգորիուն պետք է անդրադառնար Դնեստրի սառեցված հակամարտությանը, այլ ոչ թե խորհուրդներ տար Ադրբեջանին եւ Հայաստանին»:

Խնդրին անդրադարձել է նաեւ Մոլդովայի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Անատոլի Մունթիանուն: Նա ասել է, որ հանձնաժողովի քննարկումներում «ականատես է դարձել ամենածայրահեղ կարծիքների»` նկատի ունենալով Աուրելիա Գրիգորիուին խորհրդարանական փաստաբան-օմբուդսմենի մանդատից զրկելու առաջարկությունները:

Ըստ Publika.md-ի` Մոլդովայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովը վերջնական որոշում կկայացնի ամենաուշը այսօր, որը կստորագրի հանձնաժողովի նախագահ Վադիմ Միշինը: Ըստ երեւույթին, դա կլինի Աուրելիա Գրիգորիուի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Մոլդովայի խորհրդարանի ղեկավարությանն արվող առաջարկություն: Ադրբեջանական haqqin.az-ը, հավանաբար տեղեկացված լինելով հենց Աուրելիա Գրիգորիուից, խնդրի առթիվ տեղեկատվությունը վերնագրել է այսպես`«Մոլդովայի խորհրդարանի ղեկավարությունը` հօգուտ Հայաստանի եւ ընդդեմ իր օմբուդսմենի»:

Այսպիսով, Աուրելիա Գրիգորիուի հարցը կարելի է համարել արդեն լուծված, մեծ է հավանականությունը, որ նա կզրկվի խորհրդարանական փաստաբան-օմբուդսմենի մանդատից: Մնում է սպասել, թե ինչպե՞ս է ադրբեջանական կողմը փոխհատուցելու նրան: Հնարավո՞ր է, որ Գրիգորիուն նշանակվի Ադրբեջանի օմբուդսմեն: Մանավանդ որ այդ պաշտոնն զբաղեցնող Էլմիրա Սուլեյմանովան արդեն հասել է զառամյալ տարիքի, թե՞ Բաքվում նախապես են հոգացել Գրիգորիուի հետագա բարեկեցության հետ կապված հարցերը:

Բացառված չէ, որ Ադրբեջանում կփորձեն տեսք ընդունել, թե բոլորովին էլ «ծանոթ չեն» Աուրելիա Գրիգորիուին, որեւէ առնչություն չեն ունեցել նրա հետ, նույնիսկ տեղյակ չեն, թե ինչ եւ ինչու է նա ասել Երեւանում: Մեկ անգամ չէ, որ պաշտոնական Բաքուն հրապարակավ ուրացել է իր «վառված» գործակալներին: Գրիգորիուն ինչու՞ պիտի բացառություն կազմի: Բայց ամեն դեպքում Գրիգորիուի օրինակը, կարծում ենք, պիտի դաս լինի տարբեր տրամաչափի այն գործիչների համար, որ սեփական երկրի եւ արդարության շահը ստորադասում են «խավիարային դիվանագիտության» սույնրոպեական «բարիքներին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #118, 12-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ