ԴԱՐՉԻՆՅԱՆ-ԴՈՆԵՐ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ՆՈՅԵՄԲԵՐԻՆ «Top Rank» պրոմոութերական ընկերության ղեկավար Բոբ Արումը հայտարարել է, որ աշնանը կկայանա աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 37-ամյա Վախթանգ Դարչինյանի եւ քաշային 3 կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 30-ամյա Նոնիտո Դոների ռեւանշ մենամարտը: Այն նախատեսվում է անցկացնել նոյեմբերին: Իսկ մինչ այդ Վախթանգը մտադիր է օգոստոսին ռինգ դուրս գալ այլ բռնցքամարտիկի հետ մրցախաղում: Նոնիտո Դոներն այն եզակի բռնցքամարտիկներից մեկն է, որին հաջողվել է պարտության մատնել Դարչինյանին: 2007-ին ԱՄՆ-ում կայացած մենամարտում նա 5-րդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել հայ բռնցքամարտիկին: Դարչինյանը բազմիցս Դոներին մարտահրավեր է նետել, սակայն վերջինս տարբեր պատրվակներով մշտապես խուսափել է Վախթանգի հետ մենամարտելուց: Ինչպես երեւում է, երկար սպասված մենամարտը վերջապես կկայանա: |